Լրահոս

22.11.2011 18:01


Ինչո՞ւ Հայաստանում չեն վստահում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին

Մարզային այցելությունների շրջանակներում այսօր Գյումրիում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինիս տարատեսակ իրավախախտումների դեպքերով դիմել են գյումրեցիները, սակայն նրանցից քչերն էին հավատում, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարող է իրենց խնդիրներին լուծումներ տալ:

Ընդունելության համար հերթագրված գյումրեցի 75- ամյա Գևորգ Կարապետյանի կարծիքով, Հայաստանում չկա այնպիսի մի ինստիտուտ, որը պաշտպանի մարդու իրավունքները.

«Էս երկիրը կառուցված է ստի վրա, ինչ իրավունքների պաշտպանության մասին խոսք կարող է լինել, երբ ամեն քայլափոխին իրավունք են ոտանահարում: Հիմա էլ ակնկալիք չունեմ, բայց եկել եմ»,- ասել է նա:

Ի պատասխան այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ անվստահություն կա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, Կարեն Անդրեասյանը պատասխանել է. «Եթե հասկանային, ինչի համար օգտագործել այս ինստիտուտը, և եթե մեր հետ համագործակցության փորձը մի քիչ երկար լիներ, նաև լուսաբանվեր այն դրական արդյունքները, որոնք մենք տալիս ենք, մի գուցե այդ անվստահության մթնոլորտը վերանար: Իհարկե ընդհանուր առումով կարելի է ասել՝ այո՛ ընդհանուր պետական մարիմնների նկատմամբ վերաբերմունքի արտացոլում է նաև մեր մարմնի նկատմամբ վերաբերմունքը»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Վերջինս նաև տեղեկացրել է,որ չնայած այն բանին, որ ՀՀ կառավրությունը մերժել է ֆինանսավորում հատկացենել մարզերում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներ բացելու համար, իրենք օտարերկրյա դոնորների միջոցով, այնուամենայնիվ, գրասենյակներ բացելու են:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը