Քաղաքական

25.07.2024 14:12


Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հուլիսի 25-ին, ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լևոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որևէ հակաիրավական գործողություն չի արել, և, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լևոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։

Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը