Լրահոս

22.11.2011 16:56


Բակուր Կարապետյան. «Կալանավայրերում շատ կան մտավորականներ, որոնք կարող են ապրել այլ կյանքով և պիտանի լինել երկրին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս, ՀՀ հանրային խորհրդի Արցախի հարցերով ենթահանձնաժողովային աշխատանքային խմբի համակարգող Բակուր Կարապետյանը երկու տարի առաջ շրջել է քրեակատարողական հիմնարկները, հանդիպել ու զրուցել բազմաթիվ կալանավորների հետ:

–Առաջին հերթին ինձ հետաքրքրում էր, թե նրանց քանի տոկոսն են կազմում հասարակության համար վտանգավորները։ Կալանավայրերում շատ կան մտավորականներ, որոնք կարող են ապրել այլ կյանքով և պիտանի լինել երկրին, հասարակությանը,–ասել է  նա։

Ըստ  Բակուր Կարապետյանի՝ իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կալանավորների շուրջ 25 տոկոսը (4 կալանավորից 1-ը) հասարակության համար վտանգավոր չէ:

Նա  հայտնել է իր և «Օգոստոս 23. ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանի համատեղ ծրագրի մասին, ըստ  որի՝ հասարակության համար վտանգավոր կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից պետք է տեղափոխել ՀՀ սահմանամերձ շրջաններ ընտանիքների հետ բնակություն հաստատելու և աշխատելու համար:

–Աշխատանք չունեցող մի երիտասարդ ինժեներ–տեխնոլոգ իր սովյալ 3 երեխաներին կերակրելու նպատակով 5 հավ է գողացել և դատապարտվել 5 տարի ազատազրկման: Նա նույնիսկ չի կարողանում հավ գողանալ, ինչպե՞ս կարող է վտանգավոր լինել հասարակության համար։ Այս կալանավորի՝ «գող դառնալու ճանապարհին» իր մեղքի բաժինն ունի պետությունը, որը չի կարողացել նվազագույն  կենսապայմաններով ապահովել երիտասարդ ընտանիքին,–ասել է Բակուր Կարապետյանը։

Ասուլիսին ներկա իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն էլ հավելել է՝ կոպիտ հաշվարկներով պարզվել է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա մոտ 1000 կալանավոր, ովքեր իրականում ամենևին վտանգավոր չեն հասարակության համար:

–Նրանք իրենց ընտանիքներով կարող են մեկնել նախապես նշանակված վայրեր։ Անհրաժեշտ կլինի նյութական որոշ ներդրումներ անել տվյալ  բնակավայրում, քանի որ կալանավորներին, նրանց ընտանիքներին պետք է ապահովել աշխատանքով, գոյության պայմաններով,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը