Լրահոս

22.11.2011 15:46


Բոլորն են գիտակցում՝ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, համակարգային և որակական փոփոխություններ

Օրերս   տեղի ունեցավ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող մեկ տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների   փակ ժողովը. օրակարգում ունենալով մեկ հարց` ՀՀ-ում  ստեղծված  ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը և դրանից բխող ժամանակից  շուտ սկսած  նախընտրական արշավի պայմաններում հետագա քայլերի հստակեցումը:

Վերջին ժամանակներս  երկրում տեղի ունեցող գործընթացները  տեղավորվում են միայն ընտրական պրոցեսների տրամաբանության շրջանակներում: Մոտալուտ ընտրություններին ընդառաջ տարբեր կուսակցությունների կողմից  հաճախակի են դարձել  Արցախյան ազատամարտի մասնակիցների  հասարակական կազմակերպությունների   հետ  հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է առաջիկա ընտրություններում ստանալ ազատամարտիկների ձայները և նրանց գործուն աջակցությունը: Ընտրությունից ընտրություն ակտիվացող քաղաքական ուժերն ամբողջ  թափով մտել են ընտրական գործընթացների հորձանուտը:

Ամեն օր նորից լսում ենք անիմաստ, ոչինչ չասող, բառախաղ հիշեցնող քաղաքական գործիչների ճառերն ու ելույթները: Հեռուստատեսությամբ անընդհատ տեսնում ենք հասարակությանը վաղուց արդեն ձանձրացրած  ու  տարիներ շարունակ  եթերից չիջնող  նույն դեմքերին:  Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կուսակցություններն ունեն միայն մի նպատակ`ընտրությունների միջոցով ամեն գնով վեարտադրվել, որը   դարձել է նրանց գերակա  խնդիրը  և այդ նպատակին է ծառայեցվում  ցանկացած գործընթաց: Տեղին է նրանց հիշեցնել   հզոր Հայաստան, զարգացող պետություն, բարեկեցիկ կյանք կառուցելու մասին   նախկինում տված  խոստումները, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլ հենց այդ նույն  քաղաքական ուժերի կողմից վարած ապաշնորհ, անհավասարակշիռ և  չհաշվարկված    ներքին  քաղաքականության պատճառով վտանգվել  է  պետության գոյությունը:

Այսօրվա  մեր իրականության պատկերը` դա ազգաբնակչության  օր-օրի վատթարացող  սոցիալական վիճակն է,  գոյություն ունեցող գաղափարական ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունը, համատարած բնույթ կրող անպատասխանատվությունն ու անպատժելիությունը:

Արժեզրկվել ու ձևախեղվել են հայրենիքի պաշտպանության, հայրենասիրության վեհ գաղափարները:

Ազատամարտիկն իր ընտանիքի հանապազորյա հացի խնդիրը լուծելու համար  պանդխտության ցուպը ձեռքին  լքում է հայրենիքը` գերադասելով կամովի գերի հանձնվել այլ երկրների սոցիալական  ծառայություններին:

Սովորաբար ստիպողաբար գերեվարվում են պատերազմների ժամանակ,իսկ խաղաղ պայմաններում  գերի հանձնվելը անհասկանալի է:

Արդեն  բոլորն են գիտակցում, որ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, համակարգային և որակական փոփոխություններ:

Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությունը բարձրագույն արժեք համարող հասարակական կազմակերպություները չեն համակերպվելու նման իրավիճակի գոյության հետ. Արցախյան պատերազմի վետերաններին միավորող մեկ տասնյակից ավելի   հասարակական կազմակերպությունները քաջ գիտակցելով պետության և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը` խաղալիք չեն դառնա այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում, չեն գայթակղվի տարաբնույթ սին խոստումներով, հաստատակամորեն կշարունակեն իրենց դավանած գաղափարների իրագործումը և գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու  ազատ և արդար ընտրությունների անցկացման օգտին:

Մենք մտահոգ  ենք մեր ազատագրած հայրենիքի, մեր պետականության, հաղթանակած բանակի համար և այսօր ավելի համախմբված ու վճռական ենք մեր գործողություններում:

Նախաձեռնող խմբի համակարգողներ`

«Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական  միության

նախագահ    Գ.  Սարգսյան

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության

նախագահ Յու. Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը