Լրահոս

22.11.2011 15:04


Սլովակիան քրեական պատիժ սահմանեց Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամբ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումից /ԵՀՄՖ/ հայտնում են, որ օրերս ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը ընդունել է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին Արդարատաության նախարար, փոխվարչապետ Շտեֆան Հարաբինին: Պարոն Հարաբինը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը, որը նա տարիներ առաջ ներկայացրել էր Ազգային Խորհուրդ արդեն հաստատվել է և օրենքի ուժ է ստացել: 2 տարի առաջ Հայաստան իր պաշտոնական այցի ընթացքում որպես փոխվարչապետ և Արդարադատության նախարար պարոն Հարաբինը հայտարարել էր, որ նա պատրաստել է հրեական Հոլոքաուստը մերժողների նկատմամբ քրեական պատժի կիրառման շուրջ օրենքի լրացում, որի շնորհիվ այդ օրենքը տարածվելու էր նաև Հայոց ցեղասպանության վրա: Հայոց ցեղասպանության բանաձևը, որը վավերացվել էր Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից մինչ այդ, 2004թ-ին, հնարավորություն էր ընձեռում վերոհիշյալ օրենքի տարածումը Հայոց ցեղասպանությունը ուրացողների և մերժողների նկատմամբ: Օրենքը, որն արդեն գործում է Սլովակիայիում` հաստատված Ազգային Խորհրդի կողմից, նախատեսում է հետևյալը. «նրանք ովքեր … հրապարակայորեն արդարացնում են միջազգային քրեական դատարանի հռոմեական ստատուտի 6,7 և 8-րդ հոդվածներին համապատասխան գործողությունները, որոնք համապատասխանում են ցեղասպնության հայտանիշներին … համարվում են հանցագործներ  և այդ հանցագործությունը կատարող անձը կամ անձերի խումբը պատժվում է ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով: Եթե այդ հանցագործությունը կատարվում է հատուկ նպատակներով, միտումնավոր, հանցագործություն կատարող անձը պատժվում է 2-5 տարվա ազատազրկման»: Ըստ պարոն Հարաբինի մեկնաբանության եթե ցանկացած անձ Սլովակիայում` լինի օտարերկրյացի թե տեղացի, և կամ ցանկացած սլովակյան քաղաքացի աշխարհի որևէ մի երկրում հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարությամբ, ենթակա է մինչև 5 տարվա ազատազրկման: Այսպիսով Սլովակիան հանդիսանում է աշխարհում առաջին երկրներից մեկը, որը Հայոց ցեղասպանությունը դրեց հրեական Հոլոքաուստի հետ նույն հոդովածի մեջ և քրեական պատիժ սահմանեց: Այս աշխատանքում մեծ դերակատարություն ունեցան Եվրոպայի հայ լոբիստները և Արդարարության նախարար ու այսօրվա Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը:

Նշենք նաև, որ պարոն Շտեֆան Հարաբինն ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ համատեղ կազմակերպում է կոնֆերենցիա վերոհիշյալ թեմայի շուրջ 2012 թ-ի փետրվարին, որին մասնակցելուն արդեն հրավեր են ստացել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Սլովակիայում գործող այս օրենքը կարծում ենք որ մեծ ապտակ է Թուրքիայի իշխանություններին, որոնք դեռևս չունեն քաջություն անցյալ դարասկզբում իրենց կողմից կատարած հանցագործությունը պախարակելու համար: Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ը և Սլովակիայում թուրքական դեսպանն արեցին ամեն ինչ այս օրենքի հաստատումը կասեցնելու, ինչպես նաև Բրատիսլավայի կենտրոնում վեր խոյացող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ապամոնտաժելու համար, սակայն ապարդյուն: Օրենքն արդեն հաստատվել է Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից, իսկ Բրատիսլավայի քաղաքային իշխանությունները կոպտորեն մերժել են ցեղասպանության հուշարձանը ապամոնտաժելու թուրքական դիմումը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը