Հարցազրույց

20.07.2024 11:13


Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի

Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն է:

-Երեկ հրդեհ է տեղի ունեցել Երևանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնկարանում, Դուք տեսանյութ էիք հրապարակել: Քաղաքապետարանից ասում են, որ իրենք մեղք չունեն:

-2020 թվականից սկսած, Երևան քաղաքում տեղի են ունեցել էտման պրոցեսներ, ծառեր են էտել` հաստաբուն ծառեր: 2020 թվականից սկսած, էտված ծառերը տարել լցրել են Կանաչապատման ՀՈԱԿ-ի տարածքի մոտ: Դե, պատկերացրեք՝ չորս տարի շարունակ ծառեր են լցրել ու լցրել՝ ինչքան կուտակված կլինեն: Այժմ, իբրև տարածքը մաքրելու նպատակով, եկել են ճյուղերն այրելու, բայց այնտեղ ճյուղեր չկան, հաստաբուն ծառեր են: Թեթևակի կրակ է բռնկվել, ինչից հետո տարածվել է ողջ տարածքով:

-Այսինքն` Երևանի քաղաքապետարանն է այրել:

-Ասում են` ուզում էինք մաքրել, դրա համար ենք այրել, ասում են՝ չորս տարի շարունակ էտել լցրել են այդտեղ, շատ է կուտակված եղել, և իրենք չեն պատկերացրել, թե ինչ կարող էր լինել:

-Իսկ ի՞նչ պետք է անեին` այրելու փոխարեն: Կա՞ առավել անվտանգ, արդյունավետ տարբերակ:

-Ծառերը պետք է նախ սորտավորեին, ճյուղերը՝ առանձին, մնացած հատվածները՝ առանձին, և բաժանեին կարիքավոր ընտանիքներին: 2024 թվականին մեր երկրում կան շատ մարդիկ, ընտանիքներ, ովքեր փայտով են տաքացնում տունը, գոնե մի լավ բան արած կլինեին, բայց դա էլ չեն արել, ականջի ետև են գցել, արդյունքում ամեն ինչ այրվեց գնաց….

-Ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը:

-ՀՈԱԿ-ի կողքի տարածքն է՝ ահռելի մեծ տարածք, ահռելի քանակությամբ փայտ է այրվել, դեռ մի երեք-չորս օր էլ վառվելու է կրակը, անկախ այն բանից, որ հանգցնում են:

-Մայրաքաղաքը երբեք այսքան վատ վիճակում չի եղել: Մարդիկ կուտակված աղբի լուսանկարներ են հրապարակում, անձրևաջրերը լցվում էին մետրո, գետնուղիներ, փողոցները ջրի մեջ թաղված էին:

-Երևան քաղաքը վերածվել է իսկական քաոսի: Անձրևի դեպքում քաղաքում լճեր են գոյանում, մարդիկ այդ ամենն արդեն խեղկատակություն են համարում, կատակներ են սկսել անել՝ Երևանի փողոցներում սկսել են անգամ ձուկ որսալ, հրապարակումներ են անում, որ մեքենայի վրա կանգնած՝ կարթ են գցում անձրևաջրերի մեջ, որ մանր ու խոշոր ձկներ բռնեն, փոսերի մասին խոսելն ավելորդ է: Երկու տարի է՝ ասֆալտ են անում, անում-անում՝ չեն վերջացնում, այդ նույն «արագությամբ» էլ Աջափնյակի մետրոն կկառուցեն, հավանաբար։ Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի, իրենք էլ՝ ամեն ինչից անտեղյակ, բարձիթողի վիճակ է, ոնց ստացվի՝ ստացվի:

-Շենգավիթի մետրոյի կայարանն անձրևաջրի մեջ թաղվել էր: Ինչո՞ւ է այս խնդիրն առաջացել:

-Ինչո՞ւ միայն Շենգավիթի, բոլոր կայարանների: Բոլոր վարչական շրջաններում այդ վիճակն է, որովհետև ամեն տեղ խցանված է: Անձրևը գալիս է, ջուրը գոյանում է, դրանից հետո մեքենաներով գալիս են, ջրերն ուղղակի քաշում են, ու իրենց թվում է՝ վերջ, դա էր իրենց հիմնական գործը, հետո նորից, իրենց ասած, «անկանխատեսելի» անձրևը գալիս է, նորից քաղաքը ջրի մեջ է թաղվում, դրան էլ գումարած զիբիլն ու կեղտը, որ ամենուր է: Ո՞նց կարելի է այսպես աշխատել: Կոյուղիների համար` նոր կոյուղիներ ձեռք բերելու համար միլիոններ են դուրս գրել, բայց դե՝ տեսնում ենք, էլի:

-Ձմռանն էլ մեկ անգամ ձյուն եկավ, ու նորից նույն վիճակն էր:

-Այո, մարդիկ դա էլ են կատակի վերածել, ասում էին` ի՞նչ անենք, գնանք ձյո՞ւն ուտենք, որ քաղաքապետարանին օգնենք: Հիմա ի՞նչ անենք, հիմա էլ պետք է գնանք անձրե՞ւը խմենք, որ օգնենք: Լավ է, որ գոնե անձրև է գալիս, իրենց չմաքրած զիբիլները քշում-տանում է: Հյուսիսային պողոտայում քայլող մարդու արձան կա, այժմ արդեն քաղաքում կա քայլող աղբ, նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է: «Խալաստոյ» են գցել, ինչ կլինի՝ կլինի:

-Շուտով լրանում է Տիգրան Ավինյանի ղեկավարման մեկ տարին, մեկ տարին լրանալուն պես ավագանին կարող է անվստահություն հայտնել: Ի՞նչ եք պատրաստվում անել հոկտեմբերին:

-Նախքան դա էլ մենք դատարան ենք դիմել, քանի որ Տիգրան Ավինյանի նշանակումը համարում ենք ոչ իրավաչափ: «Մայր Հայաստանը» վաղուց է դատարան դիմել, կարծում եմ՝ դատարանը կլինի իր բարձունքի վրա ու ճիշտ որոշում կկայացնի, իսկ թե Ավինյանը որքան է ղեկավարել, դա նշանակություն չունի, քանի որ քաղաքի կառավարումը «պռավալ» է տվել: Ընտրության հաջորդ օրվանից Ավինյանն ամեն դեպքում երևանցիներից ապտակ է ստացել, որ մարդիկ իրեն չեն վստահում: Երևան քաղաքում երբեք նման իրավիճակ չի եղել, որ երկու ժամ անձրև տեղա, արդյունքում լճեր գոյանան: Ավտոբուսների փոխարեն կարող են սուզանավեր բերել, ինչների՞ս է պետք ավտոբուսը լճի մեջ:

-Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարումից էլ էին շատերը դժգոհ, այսօր նա էլ է քննադատում Ավինյանին, նրանից դժգոհ են գրեթե բոլորը: Նշում եք, որ էտված ծառերը 2020-ից են լցրել ՀՈԱԿ-ի տարածք: Ստացվում է, Ավինյանին քննադատող Մարությանն էլ չի փայլել իր աշխատանքով:

-Այդ բանավեճին կարելի է կողքից նայել: Երբ հրդեհը բռնկվել էր, կանաչապատման աշխատողները` տնօրենի գլխավորությամբ, ասում էին, որ Մարության Հայկն է այս ամենն արել, իրենք էլ շարունակել են: Հիմա իրենք իրար են մեղադրում:

Այս խորագրի վերջին նյութերը