Մեկնաբանություն

18.07.2024 19:20


Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը

Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը

Տավուշի մարզում հայկական միակողմանի զիջումները Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչագործիքները ներկայացնում էին որպես «դարի ձեռքբերում»: Ասում էին՝ արդեն համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ և ամբողջ սահմանը գծելու ենք, լինելու է խաղաղություն և կյանքը դառնալու է մեղր: Խոստանում էին նաև, այսպես կոչված, սահմանազատման կանոնակարգ ընդունել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, բայց ...

Տավուշում միակողմանի զիջումները եղան («Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվել էր դա թույլ չտալու համար, սակայն չհաջողեց), բայց մենք ոչ թե մոտացանք խաղաղությանը, այլ ճիշտ հակառակը:

Հիմա ԱՄՆ-ը նոր զիջումներ է ակնկալում Հայաստանից: Անունը դրել են «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ցավոտ փոխզիջումներ», բայց դե խոսքը միայն հայկական կողմի զիջումներին է վերաբերում: Ինչպես միշտ:

Ալիևն իր ուզածը ստացավ ու անցել է նոր պահանջներ ներկայացնելուն (հայկական նոր տարածքների զիջում, ՀՀ սահմանադրության փոփոխություն և, ի վերջո, «Զանգեզուրի միջանցք»):

Ալիևին հաջողվել է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար դառնալ հուսալի ու վստահելի գործընկեր, ես կասեի՝ դաշնակից:

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փչացնել մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, անվստահելի դառնալ Իրանի համար և Հայաստանն Արևմուտքի ձեռքում դարձնել մանրադրամ:

Շատ խորհրդանշական է, որ այսօր Լոնդում լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Փաշինյանը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել՝ ցույց տալով, որ ամեն ինչ իր ուզած ձևով է գնում։

Նիկոլն այս ամենի ֆոնին հեծանիվ է քշում, որն իրեն ցավեցնում է, և որը շատ պատկերավոր ձևով ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում հայկական դիվանագիտությունն ու Հայաստանն ընդհանրապես:

Գործնականում տեղի է ունեցել հանցագործություն, այն էլ՝ պետական մակարդակով: Տավուշում մարդկանց վտարում են այն տարածքներից, որոնց մասով ՀՀ քաղաքացիները սեփականության վկայականներ ունեն: Նիկոլը նրանց խաբեց, թե բա՝ ամեն բան հաշվի կառնենք, բայց վերջում միայն խորհուրդ տվեց Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանական զորքերին չտեսնեն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը