Աշխարհ

15.07.2024 15:07


Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Այս մասին տեղեկություն ստանալուց հետո իրավապահները սկսել են որոնումները, սակայն նրան գտնել չի հաջողվել, և նա հասցրել է բարձրանալ տանիք ու այնտեղից կրակ բացել։

Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսական, երկուսը վիրավորվել են, իսկ Թրամփը վիրավորում է ստացել աջ ականջին։ Քրուքսը սպանվել է իրավապահների կողմից դեպքի վայրում։ Քննիչները դեռ փորձում են պարզել, թե ինչն է ստիպել Քրուքսին իրականացնել այս հարձակումը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ միջադեպը հետաքննում են որպես ներքին ահաբեկչության հնարավոր գործողություն, սակայն հրաձիգի հստակ գաղափարական շարժառիթների բացակայությունը հանգեցրել է դավադրության տեսությունների ձևավորման։

ՀԴԲ-ն հայտնել է, որ Քրուքսը գործել է մենակ։ Նրա մեքենայում հայտնաբերվել են ռումբ պատրաստելու համար նախատեսված նյութեր։ Քննիչները սոցիալական ցանցերի նրա օգտահաշիվներում չեն գտել սպառնալիք պարունակող մեկնաբանություններ կամ գաղափարախոսական դիրքորոշումներ, որոնք կարող են բացատրել, թե ինչու է նա թիրախավորել Դոնալդ Թրամփին։

Քրուքսի հարազատները հրաժարվել են մեկնաբանություն տալ։ Ավելի վաղ նրա հայրը CNN-ին հայտնել էր, որ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, և չի խոսի իր որդու մասին, մինչև չխոսի իրավապահների հետ։

Ըստ աղբյուրների՝ հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին հայտնել են, որ Քրուքսն իրեն տարօրինակ է պահում և քայլում է մագնիսաչափերի մոտ։ Հետո ոստիկաններին ասել են, որ Քրուքսը սանդուղքով բարձրանում է, ոստիկանները փնտրել են նրան, սակայն չեն կարողացել գտնել, նախքան նա կհասներ տանիքին։

Բաթլերի շերիֆը The Associated Press-ին հայտնել է, որ տեղի ոստիկաններից մեկը բարձրացել է տանիք և տեսել Քրուքսին, որը շրջվել է նրա կողմ։ Ոստիկանն անմիջապես իջել է ներքև՝ դեպի անվտանգ վայր, քանի որ չէր կարող նման հանգամանքներում գործի դնել իր զենքը։ Ոստիկանն իջել է սանդուղքով, իսկ Քրուքսն անմիջապես կրակել է Թրամփի ուղղությամբ։ Իրավիճակին ծանոթ երկու պաշտոնյա լրատվամիջոցին հայտնել են, որ հենց այդ ժամանակ էլ Գաղտնի գործակալության դիպուկահարները կրակել են Քրուքսի վրա։ Շենքը, որի տանիքին եղել է Քրուքսը, գտնվել է հանրահավաքի անցկացման վայրից դուրս՝ Թրամփի կանգնած վայրից 150 մ հեռավորության վրա։ Նա կրակել է AR-15 ոճի կիսաավտոմատ հրացանից, որը գնել էր նրա հայրը։

Քրուքսն ավարտել էր Բեթել Փարկ ավագ դպրոցը 2022 թվականին։ Նա փորձել էր ներգրավվել դպրոցի հրաձգային թիմում, սակայն նրան մերժել էին, քանի որ նա վատ հրաձիգ էր եղել, հայտնել է թիմի ներկայիս կապիտանը։ Քրուքսն աշխատում էր տարեցների խնամքի տանը։ Նրա աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում սննդի պատրաստումը։

Այս խորագրի վերջին նյութերը