Լրահոս

21.11.2011 17:14


Սոցիալական քաղաքականությունը Գյումրիում որևէ արդյունք չի տալիս

Կառավարության կողմից քարոզվող, այսպես ասած, սոցիալական քաղաքականությունը որևէ արդյունք չի տալիս մասնավորապես Գյումրիում: Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներն իրենց սոցիալական վիճակը ողբալի են համարում, քանի որ գործարար միջավայրի համար ստեղծված անտանելի պայմանները հնարավորություն չեն ընձեռում բիզնեսի զարգացման համար, իսկ պետության կողմից վճարվող թոշակները և նպաստները չեն բավարարում ապրելու համար:

«Ընդհանրապես չի բավականացնում. ո՛չ թոշակառուն է գոհ, ո՛չ աշխատող ու աշխատավարձ ստացողը, որովհետև իրենց հռչակած սոցիալական ուղղվածությունն անհամաչափ է և գների աճին չի համապատասխանում: Բացի դրանից, ո՛չ աշխատատեղ կա, ՛ոչ աշխատավարձ, մեր ժողովրդի վիճակը ողբալի է»,- ասել է Գյումրու բնակիչ Սիլվա Կարապետյանը:

Գյումրեցիների պնդմամբ՝ իրենց եկամուտները (եթե դրսից ստացած տրանսֆերտներ չեն) բավարարում են միայն կոմունալ վարձերը վճարելուն և թերի սնվելուն: Վերջիններիս կարծիքով կառավարությունը հարկերը բարձրացնելու հետ միաժամանակ պետք է արժանավայել կերպով ապահովի խոցելի խավերին, ինչը, սակայն, չի անում.

«Եթե ասում են՝ հարկերը բարձրացնենք, որ մեծ բյուջե ունենանք, ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում մեծ բյուջե: Հարկերի վերադարձը հասարակություն չենք տեսնում. բյուջետային աշխատողները նվազագույն աշխատավարձ են ստանում, թոշակների ու նպաստների չափն ուղակի ծիծաղելի է ու ամոթ: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր են գնում մեր վճարած հարկերը: Մեր կաշիները քերթելու փոխարեն թողնեն՝ մենք մեր ծերերին ու երեխաներին արժանավայել կպահենք»,- «7օր»–ին ասել է ներկայանալ չցանկացող գյումրեցի մի գործարար:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը