Լրահոս

21.11.2011 16:56


ՀՅԴ-ն Սարկոզիին կոչ է անում քննադատել Ֆրանսիայի արտգործնախարարի առաջարկը

ՀՅԴ-ն Սարկոզիին կոչ է անում քննադատել Ֆրանսիայի արտգործնախարարի առաջարկը

«Դաշնակցությունը» Փարիզում հայտարարություն է տարածել, որտեղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին կոչ է անում քննադատել արտգործնախարար Ալեն Ժյուպեի՝ Թուրքիայում արած հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկում էր Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ «ՀՅԴ»-ի տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ շտապ պետք է համապատասխան օրենք ընդունվի:

«Nouvelles d`Arménie» ամսագրում տպված ՀՅԴ-ի հայտարարության մեջ ասվում է հետևյալը.

«ՀՅԴ-ն տեղեկացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի՝ Թուրքիայում արած հայտարարության մասին (Ֆրանսիայում հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծման մասին), որը վերաբերում է Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակաշրջանի ուսումնասիրությանը: «Դաշնակցությունը» վրդովված է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունից, որով կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը: Ֆրանսիական կառավարությունը չի կարող կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միաժամանակ առաջարկել պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը պետք է որոշում ընդունի Հայոց ցեղասպանության իրավացիության վերաբերյալ: Դրանք անընդունելի հակասություններ են ֆրանսիական իշխանությունների կողմից, որոնք ակնհայտորեն որոշել են երկակի խաղ վարել ճշմարտության և ժխտման հարցում: Դա շեշտում է նաև այն հանգամանքը, որ երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում է, Կլոդ Գեանին (Ֆրանսիայի ներքին գործերի նախարար - «7օր») շտապ գործուղել էին Թուրքիա: Հայկական համայնքը բարկացած է և վճռական գործողությունների է սպասում հանրապետության նախագահից: Ակնկալվում է նաև Սենատի օրակարգ ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Նիկոլա Սարկոզին դեռ Երևանում էր խոստացել անել դա. թող կատարի իր խոստումը»:

Այս խորագրի վերջին նյութերը