Լրահոս

21.11.2011 13:25


Ճարատարապետները դեմ են Երևանում 50-հարկանի շենքի կառուցմանը

Վերջերս տեղեկություններ էին տարածվել, թե շատ մեծ է հավանականությունը, որ շուտով  Երևանի հենց սրտում` «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, և այդտեղ վեր կխոյանա Երևանի ամենաբարձր` 50–հարկանի շենքը։ Երևանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ):

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը հայտնել է, թե այդ տեղեկությունները ճիշտ են, քանի  որ  այդ մասին ինքը լսել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից: Նրա խոսքերով` հողատարածքի տրամադրումը տեղի է ունեցել 2009թ.` քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի գիտությամբ:

–Այն ժամանակ տվել են քսանհինգ հարկի կառուցման թույլտվություն: Բայց մենք կարծում ենք, որ թեկուզ քսանհինգհարկանի շենք այդ տարածքում կառուցել չի կարելի: «Մոսկվա» կինոթատրոնի, Նկարիչների միության և Շառլ Ազնավուրի հրապարակին կից, բովանդակային առումով, այսպիսի շենքի կառուցումն անթույլատրելի է: Խնդիրը պետք է շտապ քննարկվի Ճարտարապետների միությունում, եզրակացությունը ներկայացվի քաղաքապետարան, և հարցին լուծում տրվի,–ասել է նա:

Ասուլիսին ներկա Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հայտարարել է, թե Երևանի կենտրոնում չպետք է կառուցվի 50–հարկանի շինություն:

–Սխալն այն է, որ 90-ական թվականներին այդ տարածը վաճառվել է իրանական «Մելեթ» բանկին, իսկ այնուհետև փոխանցվել է իրանական ընկերություններից մեկին»,-ասել է նա:

Նրա կարծիքով՝ նախագծի իրականացմանն անհրաժեշտ է խոչընդոտել ոչ միայն էսթետիկ նկատառումներով, այլ նաև քաղաքի անվտանգության տեսանկյունից:

–Նման բարձրության շենքը սեյսմիկ մեծ վտանգ է ներկայացնում,–նշել է Մկրտիչ Մինասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը