Քաղաքական

28.06.2024 11:20


Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Պեզեշկիանի միջև

Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Պեզեշկիանի միջև

Այսօր, հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի անունը՝ Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից հետո:

Իրանի քաղաքական համակարգում նախագահը երկրի երկրորդ պաշտոնական անձն է՝ հոգեւոր առաջնորդից հետո։ Նա ղեկավարում է գործադիր իշխանությունը «բոլոր ոլորտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում են առաջնորդի անմիջական իշխանության ներքո»: Մինչև նոր նախագահի ընտրությունն ընկած ժամանակահատվածում հոգևոր առաջնորդը նախագահի պարտականությունները վստահել էր առաջին փոխվարչապետ Մոհամմադ Մոխբերին։

Քվեարկությունից անմիջապես առաջ Խամենեին կոչ է արել բոլոր իրանցիներին գալ քվեատուփերի մոտ։

Ի դեպ, նա նախապատվություն չի հայտնել թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ, սակայն հասկացրել է, որ որպես նախագահ չի հանդուրժի նրան, ով ինչ-որ զիջումների կգնա Վաշինգտոնին։ «Ով հավատում է, որ չի կարելի անել առանց Միացյալ Նահանգների բարեհաճության, չի կարողանա լավ կառավարել երկիրը», -հայտարարել է նա՝ ամենայն հավանականությամբ ակնարկելով թեկնածուներից մեկին, ով «լիբերալի» համբավ ունի:

Ովքե՞ր են Իրանի նախագահի թեկնածուները

Թեև Իրանի սահմանադրական պահապանների խորհուրդը սկզբում հավանություն է տվել վեց թեկնածուի, սակայն նրանցից մեկը՝ փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, ավելի ուշ հանել է իր թեկնածությունը: Այսպիսով, քվեաթերթիկում կլինի 5 անուն.

-Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը;

-Մայրաքաղաքի քաղաքապետ Ալիռեզա Զականին;

-Անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին;

-Ներքին գործերի և արդարադատության նախարարության նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադին;

-Առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիան.

Բոլոր թեկնածուները, բացի «լիբերալ» Պեզեշկիանից, պահպանողական են։

Ըստ իրանցի փորձագետների, գլխավոր պայքարն ընթանալու է երեք թեքնածուների միջև. Ղալիբաֆի, Ջալիլիի և Պեզեշկիանի:

Ովքե՞ր են այդ թեկնածուները և ո՞ւմ շահերն են ներկայացնում:

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Ղալիբաֆը չափավոր պահպանողական է, նա պրագմատիկ է և երկար ժամանակ եղել է քաղաքականության մեջ։ Նա բավականին մտածված և հետևողական հայտարարություններ է անում արտաքին քաղաքականության վերաբերյալ և առաջարկում իրական տնտեսական ծրագիր, որն արդիական և կարևոր է Իրանի համար։ Նրա օգտին կքվեարկեն այնպիսի խոշոր շրջաններ, ինչպիսիք են Բելուջիստանը, Շիրազը, Համադան և Սպահանը:

Ղալիբաֆին իրականում աջակցում է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբ Խամենեին:

Բանն այն է, որ Ղալիբաֆը հոգևոր դասի ներկայացուցիչ չէ և ուրեմն Ալի Խամենեիի մահից հետո չի կարող հավակնել Իրանի հոգևոր առաջնորդի դերին: Ինչը կարող է բացել իր՝ Մոջթաբի համար հնարավորություն՝ շարունակելու հոր դերակատարությունը Իրանում, Ալի Խամենեիի մահից հետո: Հիշեցնենք, որ Ալի Խամենեին 85 տարեկան է և վատառողջ է:

Սակայն Մոջթաբի այս ծրագրերը դուր չեն գալիս այդ երկրի հոգևորական դասին, որի կարծիքով՝ երկրի հոգևոր առաջնորդի դերը չի կարող ժառանգական լինել: Ըստ հոգևոր դասի, դրանից հետո, իրանցի հանրությունը կարող է հիասթափվել այս ամբողջ համակարգից: Մանավանդ, որ 1979-ին Իրանի Շահի դեմ պայքարի գաղափարախոսության սյուներից էր նաև հենց իշխանության ժառանգականությունը՝ հորից որդի, մերժելու թեզը:

Ահա թե ինչու Ղալիբաֆի հնարավոր հաջողությունն ընտրություններում չի ողջունվում այդ երկրի հոգևոր դասի կողմից:

Մյուս կողմից, այդ դասը կտրականապես դեմ է նաև «լիբերալի» համբավ ունեցող Մասուդ Պեզեշկիանին:

Սաիդ Ջալիլի

Ի տարբերություն Ղալիբաֆի, Ջալիլին համարվում է բավականին խիստ պահպանողական ուղու կողմնակից քաղաքական գործիչ։ Նա հիշվում է որպես նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական և նրան մեղադրում էին այն ժամանակ Արևմուտքի հետ բանակցություններում առկա խնդիրներն ստեղծելու համար: Նա բավականին շատ համախոհներ ունի բնակչության ուլտրապահպանողական հատվածում, հիմնականում՝ Մաշհադում ու Կոմում, որոնք Ջալիլիին համարում են իսլամական շիական արժեքների պաշտպան։

Հենց այս գործչին է պաշտպանում նաև այդ երկրի հոգևոր դասը: Ավելին, նրան են նաև համարում Ալի Խամենեի ժառանգորդը: Սակայն նրա ծայրահեղ հակաարևմտյան հռետորաբանությունը պոպուլյար չէ երիտասարդ իրանցիների շրջանում: Նրանից զգուշանում են նաև այդ երկրի գործարար շրջանակները, ովքեր հույս ունեն, որ այս ընտրություններով կփոխվի նաև տնտեսական քաղաքականությունը՝ ի օգուտ ազատականացման:

Մասուդ Պեզեշկիան

Նրա օգտին կքվեարկեն ազգային փոքրամասնությունները՝ ադրբեջանցիները, քրդերը, լուրերը, բելուջիները և Իրանի խոշորագույն քաղաքները՝ Թեհրանն ու Թավրիզը։ Բացի այն, որ նա կիսով չափ ադրբեջանցի, կիսով չափ քուրդ է, նա նաև Իրանի այսօրվա քաղաքականության արմատական վերափոխման կողմնակից է:

Պեզեշկիանը կարծում է, որ պետք է արմատապես լավացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, որի արդյունքում երկրի տնտեսությունը կարող է զարգացման նոր լիցք ստանալ:

Եթե մեկ ամիս առաջ իրանցի «լիբերալ» շրջանակները հայտարարում էին, որ պետք է բոյկոտել այս ընտրությունները, ապա վերջին փուլում նրանք կոչ են անում մասնակցել այդ ընտրություններին և ձայնը տալ Պեզեշկիանին:

Պեզեշկիանի օգտին քվեարկելու հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի նախկին նախագահ Ռոուխանին, ով այդ երկիրը կառավարում էր մինչև 2021 թվականը:

Եթե ընտրարշավի սկզբում փորձագետները կանխատեսում էին, որ հիմնական պայքարը կընթանա երկու պահպանողական գործիչների միչև՝ Ղալիբաֆի և Ջալիլիի, ապա այսօր գրեթե ոչ ոք չի կասկածում, որ անպայման երկրորդ փուլ կանցնի «լիբերալ» Պեզեշկիանը: Իսկ թե պահպանողականներից ով կանցնի, հայտնի կդառնա այսօրվա քվեարկության արդյունքում:

Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, դա կլինի ավելի չափավոր պահպանողական Ղալիբաֆը:

Պարզ է, որ առաջին փուլում ոչ ոք չի կարող ստանալ 50+ ձայներ, ինչը նշանակում է, որ Իրանի նախագահի անունը հայտնի կդառնա ընտրության երկրորդ փուլից հետո:

Եթե երկրորդ փուլ անցնեն Ղալիբաֆը և Պեզեշկիանը, ինչը ամենից հավանականն է, ապա դա կնշանակի, որ առաջին անգամ այդ երկրի հոգևոր դասը սեփական թեկնածու չի ունենա նախագահի պաշտոնում և ստիպված , որպես չարյաց փոքրագույն, կպաշտպանի Ղալիբաֆի թեկնածությանը:

Եվ ամենահավանականն է, որ այդ երկրի հաջորդ նախագահ կդառնա հենց Ղալիբաֆը: Եթե գրանցվի սենսացիա, և նախագահ ընտրվի Պեզեշկիանը, ապա չի բացառվում, որ այդ երկրում սկսվեն հուզումներ, և նույնիսկ չի բացառվում, որ Պեզեշկիանի հաղթանակը կարող է վիճարկվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ.

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ թեկնածուն է ավելի շահավետ Հայաստանի համար, ապա ակնհայտ է, որ այս շարքից մեզ համար նախնտրելին Ղալիբաֆն է, քանի որ նրա թեկնածության պարագայում, հաստատ մենք վատ սյուրպրիզների ականատեսը չենք դառնա:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը