Հարցազրույց

26.06.2024 08:47


Հետխորհրդային տարածքում Արևմուտքի նպատակը Ռուսաստանին վնասելն է. Իվան Սաֆրանչուկ (տեսանյութ)

Հետխորհրդային տարածքում Արևմուտքի նպատակը Ռուսաստանին վնասելն է. Իվան Սաֆրանչուկ (տեսանյութ)

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում Ռուսաստանին փոխարինելու Արևմուտքի հնարավորությունը:

Փորձագետի կարծիքով՝ արտաքին խաղացողների վրա Հայաստանի ֆիքսվածությունը փակուղային ճանապարհ է։

«Ռուսաստանում մեծ ըմբռնումով են վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, հայ ժողովրդի հետ, քանի որ այժմ պատմականորեն շատ կարևոր ժամանակ է ոչ միայն պետության, այլ հենց հայ ժողովրդի համար։ Սա շրջադարձային կետ է: Եվ ինձ թվում է, որ հայ հասարակության մի մասը, ժողովրդի մի մասը ցանկություն ունի իր ճակատագիրը բարդել ուրիշի վրա, և այդ պատճառով այդքան խոսում են Ֆրանսիայի, այլ եվրոպացիների, Ամերիկայի մասին, ինչ-որ մեկը բողոքում է Ռուսաստանից։ Բայց հայ ժողովրդի ճակատագիրը, ի վերջո, հենց հայի ձեռքերում է։ Արտաքին խաղացողների վրա այդ սևեռվածությունը, հայկական քաղաքական էլիտայի մի մասի՝ սեփական ճակատագիրը ուրիշի խաղին վստահելու և իրեն միայն որպես խաղի տարր դիտարկելու պատրաստակամությունը, դա փակուղային ճանապարհ է»,-ասել է Սաֆրանչուկը։

Քաղաքագետի խոսքով՝ եվրոպացիներն աշխարհում բոլորին, հատկապես հետխորհրդային տարածքում, «նայում են որպես աբորիգենների, որոնց պետք է սեփական օրինակով վերափոխել»: Ինչպես նաև նպատակ են հետապնդում առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին։

«Ես խորապես համոզված եմ, որ ողջ հետխորհրդային տարածքում Արևմուտքը երկու գլխավոր նպատակ ունի։ Առաջինը Ռուսաստանին վնասելն է։ Այսինքն՝ առավելագույն վնաս հասցնելը ամենակարևոր նպատակն է։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ նպատակին հասնելու համար ոչինչ հաշվի չեն առնվում։

Երկրորդ նպատակը՝ ալտրուիստական, միսիոներական, եվրոպական փորձը տարածելն է։ Եվրոպացիները նույնիսկ ամերիկացիներից ավելի շատ են աշխարհում, հատկապես հետխորհրդային տարածքում, բոլորին նայում որպես աբորիգենների, որոնց պետք է վերափոխել սեփական օրինակով»,-նշել է Սաֆրանչուկը։

Ինչ վերաբերում է նրան, որ Ֆրանսիան կարող է փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում անվտանգության ոլորտում, փորձագետը կարծում է, որ Ֆրանսիայի ներուժը չի համապատասխանում նրա ռազմավարական մտածողությանը:

«Ֆրանսիայի ներուժը չի համապատասխանում նրա ռազմավարական մտածողությանը, Ֆրանսիան ունի ինչ-որ գլոբալ շահեր, գաղափարներ, բայց չունի բավարար ներուժ դա իրականացնելու համար։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք Ֆրանսիայի ռազմավարական հեղինակության ամբողջական փլուզում։ Գաղափարներ չկան: Ցանկություն կա ինչ-որ տեղ կառչելու հետխորհրդային տարածքի հատվածներից, ինչ-որ տեղ կառչելու Մերձավոր Արևելքից։ Սա շատ հատվածական ռազմավարական մտածողություն է, որտեղ չկա ոչ մի պատկեր, որտեղ գործում են բացարձակապես իրենց եսասիրական շահերից ելնելով։ Սա քաղաքականության նույն վիրտուալ մակարդակն է, ամեն ինչ հանուն հեղինակության»,-ընդգծել է Սաֆրանչուկը։

Խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը Հայաստանի նման դաշնակցին կորցնելու մտավախություններ չունի, քաղաքագետն ասել է՝ նման մտավախություններ կան:

«Ես կարծում եմ, որ նման մտավախություններ կան, և այն քննարկումները, որոնք ընթանում են հայ հասարակության մեջ, ինձ թվում է՝ դրանք բանավեճեր են այն մասին, որ Ղարաբաղի ողբերգական կորուստը տեղի է ունեցել այն պատճառով, որ չափազանց շատ են հենվել Ռուսաստանի վրա կամ այն պատճառով, որ վերջին տարիներին, ընդհակառակը, սկսել են շեղվել Ռուսաստանից։ Հայ ժողովուրդը գտնվում է շատ կարևոր պատմական շրջադարձի վրա և պետք է լուծի իր համար ինչ-որ հիմնարար հարցեր։ Մտավախություն կա, որ Ռուսաստանից կարող է շեղում լինել, իհարկե, կա։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկություն ունի մնալ Հայաստանի հետ պատմական կապի մեջ, մնալ Հայաստանի հետ նույն պատմական ճակատագրում։ Բայց պարտադրելու ցանկություն չկա»,-եզրափակել է Սաֆրանչուկը։

Այս խորագրի վերջին նյութերը