Լրահոս

21.11.2011 09:39


Հիպերռեալիստական աշխատանքների առաջին ցուցահանդեսը Երևանում

Նոյեմբերի 22-ին ժամը 15:00-ին Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կկայանա հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն երիտասարդ դիզայներների հեղինակած հիպերռեալիստական ուղղության մոտ 65 աշխատանք: Ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբմունքների վրա հիմնված այս ուղղությունն, ի տարբերություն վերջինիս, իր առաջ նպատակ չի դնում կրկնօրինակել իրականությունը: Օբյեկտներն ու տեսարանները հիպերռեալիստական գեղանկարչության մեջ մանրամասնեցված են, որպեսզի ստեղծվի իրականության պատրանք, բայց դա սյուռեալիզմ չէ, քանի որ կարող է հանդիպել իրականության մեջ: Ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի «Դիզայն» ամբիոնի դասախոս, դիզայներ Հայկազ Արսենյանը նշում է, որ հիպերռեալիստական աշխատանքների ստեղծումը նախ և առաջ յուրատեսակ փորձություն էր երիտասարդ դիզայներների համար, որոնց առաջ նպատակ է դրվել ստանալ պատկերներն ու իրերն այնպիսին, ինչպիսին դրանք ֆիքսել է օբյեկտիվը` իրական գույնով կամ փայլով: Իսկ թե ինչպես է դա արվում և որտեղից է սկիզբ առել արվեստի այս ուղղությունը ցուցահանդեսի այցելուներին բացման արարողության ժամանակ կծանոթացնեն ճանաչողական ֆիլմի միջոցով: Անմասն չեն մնա նաև նրանք, ովքեր չեն հասցնի այցելել ցուցահանդես, օրեր անց լույս կտեսնի բացառիկ այդ աշխատանքների նմուշագիրքը: Ցուցահանդեսը կտևի 3 օր: Մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը