Քաղաքական

20.06.2024 22:11


Կարծիքը, թե նռնակը վերցրել եմ, որ ուրիշի վրա շպրտեմ, հիմարություն է. Եսային դեպքից մանրամասներ է պատմում

Կարծիքը, թե նռնակը վերցրել եմ, որ ուրիշի վրա շպրտեմ, հիմարություն է. Եսային դեպքից մանրամասներ է պատմում

Ես նույնիսկ չգիտեի, որ դա նռնակ է, եթե իմանայի, կփորձեի փախչել: Ես չեմ գիտակցել, ինչ է տեղի ունենում, որովհետև նախքան նռնակը վերցնելու պահը մի քանի նռնակ միաժամանակ պայթեցին, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում. շշմած վիճակ էր, գլխումս զնգոց էր, ոչ մի բան չէր լսվում: Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ձեռքի վնասվածք ստացած Եսայի Քարամյանը NEWS.am-ի հետ զրույցում այդ օրվանից մանրամասներ է պատմում:

«Մի պահ որ հետ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ չեմ գիտակցել՝ որտեղ եմ, ու ինչ է կատարվում: Կարծիքը, թե նռնակը վերցրել եմ, որպեսզի ուրիշի վրա շպրտեմ, հիմարություն է»,-ասում է նա:

«Ես այս իշխանությունից ամեն ինչ եմ ակնկալում, չեմ զարմանա, եթե հաջորդ ցույցը հրազենով ցրեն: Կարծում եմ, որ նման միջոցներ կիրառելու որևէ անհրաժեշտությունը չկար: Եթե նույնիսկ մեկ կամ երկու հատ շպրտած լինեին, բայց դա բառիս բուն իմաստով ՝ ռմբակոծություն էր: Մեկ կամ մեկուկես տասնայակից ավելի չէին հաստատ սիրահարների այգու հատված անցած մարդիկ, ոստիկանները շատ հանգիստ կարող էին դուրս հանել նրանց, նույնիսկ մահակների անհրաժեշտություն կարող էր չլինել, այլ հատուկ միջոցների մասին չեմ էլ խոսում: Էլ չեմ խոսում այն մասին, որ հատուկ միջոցների կիրառման աստիճանականություն կա. արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, հազար ու մի բան, նոր վերջում պայթուցիկ: Բայց փաստը, որ իրենք ամենավերջից են եկել ու նման ծավալի են կիրառել, ինձ համար կասկած չի թողնում, որ հստակ հրահանգ են ունեցել կոնկրետ անձի կողմից»,-ասում է Եսայի Քարամյանը:

Նա ասում է՝ չգիտի թե ովքեր ու ինչ նպատակով են գնացել այգի, ինքն այդ ժամանակ Բաղրամյան պողոտայի հատվածում է եղել.

«Երբ բախումը սկսվեց ու սկսեցին նռնակներ նետել, ես Բաղրամյան պողոտայի հատվածում եմ եղել: Ես նկատեցի, որ նռնակները հենց մարդկանց ոտքերի տակ են պայթում, ու գոռոցներ լսեցի, հասկացա, որ վիրավորներ կան: Բաղրամյան պողոտայից դեպի սիրահարների այգի գնալու միակ շարժառիթս եղել է այն, որ մտածել եմ օգնությա կարիք ունեցող մարդիկ կան, որոնց կարող եմ հանել այդ տարածքից: Ես երբեք էլ ցույցերին չեմ գնացել ինչ-որ հակաօրինական գործողությունների համար»,-հիշում է Եսայի Քարամյանը:

Եսայի Քարամյանն իր խոսքով, դեռևս տուժող չի ճանաչվել, նա ունի վկայի կարգավիճակ: Մինչ այս պահը դատաբժշկական փորձաքննություն նույնպես չի իրականացվել:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանի խոսքով, Եսայի Քարամյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. նա դեռևս որոշ ժամանակ կգտնվի հիվանդանոցում:

«Նախապես որոշվել էր ամպուտացնել աջ դաստակը, սակայն միկրովիրավույժների և անոթային վիրաբույժների հետ համատեղ վիրահատության արդյունքում հաջողվել է դաստակը քիչ թե շատ պահպանել. մատներից մեկը ամբողջությամբ է ամպուտացված, մյուսները մասնակի: Ձախ ձեռքը նույնպես վնասված է: Բացի այդ, փոքրիկ բեկորային վնասվածքներ կային՝ մաշկ և ենթամաշկ վնասած, բայց բեկորները հեռացվել են, այդ իմաստով անհանգստություններ չունենք»,-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը