Քաղաքական

20.06.2024 18:15


Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել

Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Եսայի Քարամյանը ներկայումս ունի վկայի կարգավիճակ։

«Ես նոր եմ ներգրավվել՝ որպես վկայի փաստաբան։ Քանի որ Եսային չի կարող ձեռքով ստորագրել որևէ փաստաթուղթ, հարցաքննության արձանագրության տակ, փորձում ենք նրա կնոջ միջոցով ապահովել իմ ներգրավվածությունը, որ կարողանանք համապատասխան միջնորդություններ ներկայացնել և իրավունքների պաշտպանությամբ զբաղվել»,-ասաց փաստաբանը։

Նրա փոխանցմամբ՝ առկա է քննիչի որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դատաբժիշկ չի այցելել, նկատի ունենալով, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում, նման դեպքերում չեն շտապում դատաբժիշկ ուղարկել, քանի որ բժշկական հաստատությունում արդեն իսկ արձանագրվում է հիվանդի իրական վիճակը։ Համապատասխան գրություններն արդեն ուղարկվել են ՔԿ, եթե առաջիկա օրերին որևէ արձագանք չլինի, ապա՝ կառաջնորդվեն այլ ճանապարհով՝ նոր գրություններ և բողոքներ ներկայացնելով։

Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում, առանձին վարույթ՝ նրա մարմնական վնասվածք ստանալու, ոստիկանության անհամաչափ գործողությունների վերաբերյալ չի նախաձեռնվել։

Հարցին՝ միտում չկա՞, որ կարող է հետագայում ներկայացվի այնպես, որ քաղաքացիներն իրենց գործողությունների հետևանքով են տուժել, ոչ թե՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով, հնարավո՞ր է առանձին հաղորդում ներկայացվի կամ պահանջ առանձնացնելու դրվագը՝ փաստաբանը նշեց, որ դա հետագա անելիքների շարքերում քննարկվում է, բայց այս փուլում առաջնային խնդիր կա՝ առնվազն այս վարույթի շրջանակներում իրականացնելու որոշակի գործողություններ, ինչից հետո կքննարկվի ռազմավարությունը՝ գործը շարունակելու։

Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակն իբրև ձեռքով վերցնելու հանգամանքին, ինչը շահարկվել է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իբրև թե ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, ապա Եսայանն ընդգծեց՝ որևէ նման միտում չի ունեցել, դա բացարձակ փաստերի խեղաթյուրում է։

«Իրավապահ մարմիններն իրենց վկայակոչած փաստերը պարտավոր են ապացուցել, քանի որ գործում է անձի անմեղության կանխավարկածը։ Ցանկացած պարագայում որևէ փաստական տվյալով չի ապացուցվում այն հանգամանքը, թե Եսային նման միտում կամ ցանկություն է ունեցել, դա մտացածին ինչ-որ ենթադրություններ են, որոնք որևէ կերպ փաստարկված չեն։ Վստահ եմ՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կդառնա պարզ, հասկանալի և հանրամատչելի՝ բոլորի համար»,-ասաց Մանուշ Եսայանը։

Անդրադառնալով Եսայի Քարամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ նա շարունակում է գտնվելու բուժհաստատությունում, երկու ձեռքերը վիրակապված են, նա զրկված է ձեռքերով ուտելու կամ այլ գործողությունների, սեփական խնամքի հնարավորությունից, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ տարբեր խորության և չափերի, բեկորային վնասվածքներ են առկա, բայց ընդհանուր տրամադրությունը բավականին մարտական է և տրամադրված է՝ հասնելու արդարության։

Այս խորագրի վերջին նյութերը