Աշխարհ

13.06.2024 17:01


Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

Բելառուսը հետ է կանչում Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները՝ ԱԳՆ խոսնակն ընդգծել է՝ եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է այսօր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան սրընթաց է սրվում դիմակայությունը երկրի ներսում։ Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր կերպ են դիմակայում հուզական այդ ծանրաբեռնվածությանը: Դա մենք կարող ենք հասկանալ: Բայց մենք չենք հասկանում՝ ինչ կապ ունի Բելառուսը»,-ասել է Գլազը։

Միաժամանակ, նա հավելել է, որ Մինսկում մտադիր չեն վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրան դրդեն արտաքին խաղացողները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանը հետ էր կանչել Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը