Լրահոս

17.11.2011 17:14


Շիրակի մարզում կառավարության գործունեությունից որևէ ակնկալիք չունեն

Շիրակի մարզում կառավարության գործունեությունից որևէ ակնկալիք չունեն

Պետական բյուջեի քննարկումներին զուգընթաց Շիրակի մարզում նույն բյուջեից գրեթե սպասելիքներ չկան: Բյուջեի նախագծում չի նկատվում որևէ հիմնարար ուղղություն, որը քիչ թե շատ հնարավորություն կընձեռի հատկապես սահմանամերձ մարզերին հաղթահարել տնտեսական լճացումը և բարձրացնել բնակչության կենսամակարդակը: Հասարակական գործիչ Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով 2012թ. բյուջեն որևէ էական տարբերություն չունի այս կառավարության կողմից ընդունված նախորդ բյուջեներից:

«Դրական որևէ ակնկալիք չունեմ: Ոչ թե պետք է օդի մեջ խոսեն, որ դրական տեղաշարժեր են լինելու, այլ մենք մեր մաշկի վրա պետք է զգայինք: Սակայն նոր բյուջեի նախագծից այդպիսի զգացում չունենք,. որևէ նշան չկա, որ ինչ–որ էական փոփոխություն է լինելու»,- «7օր»–ին ասել է Սեյրան Մարտիրոսյանը:

Իսկ այս կառավարության վերջին տարիների գործուեությունը Սեյրան Մարտիրոսյանն անբավարար է գնահատել, քանի որ այս ընթացքում երկրի կամ մարզերի զարգացման համար էական որևէ ծրագիր չի մշակվել, եղած ծրագրերից էլ որևէ արդյունք չկա.

«Կառավարությունն իր հերթին, մարզպետարաններն ու համայնքապետարանները՝ իրենց հերթին ինչ–որ ծրագրեր ունեն իրենց տարածաշրջանը զարգացնելու համար: Տարօրինակն ու զարմանալին այն է, որ եթե համեմատում ես իրար հետ, ապա տեսանելի է դառնում, որ, օրինակ, նույն համայնքի հետ կապված կառավարությունն այլ ծրագրով է առաջնորդվում, մարզպետարանը՝ այլ, համայնքապետարանը՝ բոլորվին այլ: Սրանք աշխատում են տարբեր չափումներով տարբեր հարթությունների վրա»,- նշել է Սեյրան Մարտիրոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը