Հարցազրույց

14.01.2011 17:24


Վահրամ Սահակյան.

Վահրամ Սահակյան.

Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի հետ

-Ինչպե՞ս դիմավորեցիք Նոր Տարին՝ 2011թ.։

-Տունը նստած՝ համակրգչի մոտ գործ էի անում։

-Ժամը 00։00-ի՞ն։

-Բա ի՞նչ անեի ժամը 00։00-ին։ Այսինքն, ժամը 00։00-ին ընտանիքով դիմավորեցինք, իսկ 00։30 ես արդեն աշխատում էի։

-Իսկ հավկիթ հասցրե՞լ էիք գնել։

-Որոշ չափով։

-Փաստորեն հաջողվե՞լ էր։

-Իսկ ինչո՞ւ չպետք է հաջողվեր։

-Դե, Ամանորի շեմին հավկիթն անհետացել էր խանութներից։

-Այն, ինչ-որ ես եմ առնում, ես գիտեմ՝ որտեղից եմ առնում ու ինչ եմ առնում։ Ես հայկական արտադրության բան չեմ առնում, այնպես որ հաջողվել է գնել։ Ես, օրինակ, եթե հայկական կոֆե խմեմ, կմեռնեմ։  Մի անգամ էդպիսի դեպք եղել է՝ մեռել եմ։

-Դուք անցած տարի հայտարարում էիք, թե ցանկանում եք լքել Հայաստանն ու հեռանալ։ 2011թ. սկիզբն է՝ ցանկությունների փոփոխություն կա՞, թե՞ մտադրությունները նույնն են։

-Երկրից հեռանալու այդ ցանկությունը բոլորն ունեն։

-Պարո՛ն Սահակայն, բա որ հեռանաք, է՞լ որ երկրում մեր երկրի նման բարքեր կտեսնեք, առանց հավկիթի Ամանոր է՞լ որտեղ կտեսնեք։

-Հայրենիքը նման բաներով չի որոշվում, ոչ էլ՝ Մասիս սարերի գլուխը պաչելով։ Հայրենիքը որոշվում է այն ընկերներով ու մարդկանցով, ովքեր շատ հարազատ են, ու առանց որոնց շատ դժվար է ապրել։ Նկատի ունեմ, որ ծառերն ու թռչունները, Երևանի փողոցները ես երբեք չեմ կարոտել։ Ես երեք տարի ապրել եմ Ֆրանսիայում 1990-ականների սկզբներին ու այնպես չի եղել, որ մի օր կարոտեմ Երևանը։ Միայն կարոտել եմ իմ ընկերներին, որոնց զնագել եմ ու խոսել նրանց հետ, իսկ նրանք էլ շատ չեն՝ 6-7 հոգի։

-Այդ դեպքում՝ Ձեզ ի՞նչն է պահում, որ չեք մեկնում։

-Շատ պատճառներ կան, բայց ես դա մի պատմվածքով կայքում կդնեմ, որ բոլորն օգտվեն ու հասկանան։

-Իսկ ի՞նչ եք ակնկալում 2011թ.-ից և ինչ կկանխատեսեք։

-Դե, ավելի լավ է՝ չլինի այն, ինչ մինչև այսօր եղել է, ու այդքանից գոհ կլինենք։

-Դա ցանկություն է։ Իսկ կլինի՞ այդպես։

-Գիտե՛ք, գնալով բնակչության հիմնական մակարդակն ընկնում է, և խոսքը միայն կենսամակարդակի մասին չէ, որովհետև մարդն իր հոգևոր մակարդակը կորցնելու հետ մեկտեղ է կորցնում նաև իր կենսամակարդակն ու ցանկությունները, թե կոնկրետ ինչ է ցանկանում։ Գնալով նա սկսում է ցանկանալ այնպիսի բաներ, որ առաջին հերթին իրեն պետք չեն, երկրորդ հերթին՝ իրեն չեն հասնում  և երրորդ հերթին՝ իր մեջ արժեզրկումների են հասնում։ Երիտասարդ սերնդի համար արժեքներն ուրիշ են, ԱԺ պատգամավորի համար ուրիշ են։ Մի խոսքով, ամեն խավ իր արժեքներն ունի։ Ուղղակի նշեմ, որ ամենավտանգավոր խավերը  շատ ապահովվածներն ու շատ անապահովներն են։ Նրանց հետ շփվելուց պետք է խուսափել։ Այս երկու խավերի մեջ եղած միջին խավն է որոշիչը, որոնք նորմալ մարդիկ են՝ լինի դա բանվոր, թե մտավորական։ Բայց միջին խավը այդ երկու խավերի պատճառով տուժում է։ Դա բոլոր երկրներում կա։ Հիշեք, որ երկրի կենսամակարդակը որշվում է նրանով, թե որքան քիչ են աղքատներն ու հարուստները՝ անապահովներն ու շատ  ապահովվածները, և թե որքան է կազմում միջին խավը։ Ինչքան մեծ է միջին խավը, այնքան երկրի կենսամակարդակն ավելի բարձր է։ Օրինակ՝ սկանդինավյան երկրներում։ Այնտեղ անգամ արգելված է հարուստ լինելը։ Օրինակ, Ֆինլանդիայում դու իրավունք չունես հարուստ լինել։ Հերի՛ք է, մարդիկ հասել են այն գիտակցության, որ հերի՛ք է։ Օրինակ Ամերիկայում մեկը կարող է ունենալ 48 մլրդ, բայց ես չեմ կարծում, որ ինքն արժանի է այդ 48 մլրդ-ին՝ ով ուզում է նա լինի։ Հիմնականում այն մարդիկ, այն  ֆիրմաներն ու բրենդներն են շատ փող ունենում, ովքեր արտադրում են ամենավատ ապրանքը, և որն ամենաշատն է վաճառվում, որովհետև մարդիկ այսօր կորցրել են որակի նկատմամբ հակումը։ Նրանց որակը չի հետաքրքրում, նրանց քանակն է հետաքրքրում։ Նրանք չեն նայում, թե երաժշտությունն ինչ  որակի է։ Մենք դեռ 70-ական թթ. որակյալ երաժշտություն լսում ենք, դա հնարավոր է, բայց իրանց ամենաայլանդակ երաժշտությունը ռադիոներն ու հեռուստաընկերությունները տալիս են, և նրանք դա են լսում։ Ամենահետամնաց սերիալները տալիս են, ու ով ձեռ է առնում, ամենաշատ նայողն ինքն է։ Ես որ ասեմ իմ ցանկությունները, դրանք շատ են, բայց դրանք չեն կատարվելու։

-Փաստորեն, դեպի լավի միտում չկա՞։

-Գիտե՛ք, անկեղծ ասած՝ ինձ արդեն չի էլ հետաքրքրում։ Իմ գործն այն է, որ ես ինչ-որ բաների համար ցավում եմ, և դրա համար ժամանակ առ ժամանակ իմ կայքում դնում եմ դրանք ու դրանից հաճույք եմ ստանում։ Ես գրում եմ, ու  այն մարդիկ, ովքեր մտնում են իմ կայք, որոնց թիվն արդն 2-3 հազարի է հասնում, կարդում են։ Ես ինչ-որ բաներ եմ դնում, ու ասեմ, որ ես այնտեղ թույլ չեմ տալիս մեկնաբանություններ գրել, որովհետև ես չեմ սիրում մեկնաբանություններ։ Մեկնաբանություններ չի սիրել Լավրենտի Բերիան ու Վահրամ Սահակյանը։ Ձեր համար մտածեք, էլի, ինչո՞ւ եք մեկնաբանում։ Անգլերեն տառերով հայերեն բառեր եք գրո՞ւմ։ Այն մարդկանց, ովքեր այդպես են գրում, ես անվանում եմ երկու ոտանի էշեր։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Ես 2004թ.-ից ասում եմ, որ ցանկացած համակարգչով եթե հնարավոր չէ հայերենով գրել, ապա ռուսերենով հաստատ կարելի է գրել, ու եթե չեն գրում, ես դրանց էշեր եմ անվանում ու չեմ ուզում նման մարդկանց իմ կյանքում տեսնել։ Ես հույս ունեմ, որ նման մարդիկ գնալով կքչանան։ Ես շատ եմ ուզում, իսկ եթե ես մի բան շատ  եմ ուզում, լինում է։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը