Հարցազրույց

16.11.2011 17:32


Արամո.

Արամո.

Հարցազրուց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հետ

–Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա մշակութային կյանքը։

–Կասեմ այսպես՝ շատ  ցածրորակ, անորակ բաներ են մեզ մատուցում։ Ցանկալի կլիներ, որ արժեքավոր բան տային, որն ասելիք ունի։

–Իսկ ի՞նչն է պատճառը, որ մեզ ցածրորակ ու անճաշակ բաներ  են մատուցում։

–Ամենաառաջինը՝ հեռուստատեսությունը։ Այդ կապույտ էկրանից է ամեն ինչ գալիս։

–Սովորաբար ասում են, որ եթե քաղաքական դաշտում վակուում է, հասարակական կյանքը լճացած է, ապա դաշտը մշակութային կյանքով է լցվում։ Ինչո՞ւ մեզ մոտ  այդպես չէ։

–Մշակույթ պետք է լինի, որ առաջ գա ու լցնի։ Հիմա մենք անդունդի եզրին ենք։ Շատ ահավոր է։ Այդ ռաբիզը, այդ թուրքաբարո ամեն ինչը արդեն խեղդում է։ Մեր  հարևան թշնամիներն այսօր  ուրախանում են. չունենալով մշակույթ ու տեսնելով մեզ մոտ կատարվող այս ամենը՝ հրճվում են։

–Իսկ որտեղի՞ց է դա գալիս, արդյոք երկրի իշխանությունների մեղքը չէ՞։

–Կառավարման համակարգն այստեղ չգիտեմ՝ ինչ կապ ունի։ Ուղղակի ոչ պրոֆեսիոնալներ են լցված հիմա, ովքեր կրթություն չեն ստացել ու երգը, թատրոնը կամ չգիտեմ՝ ինչը բարձրացնում են բեմ՝ որպես բարձրագույն արվեստ, բայց դա արվեստ չէ, դա խալտուրա է և «արվեստ» բառի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ արվեստագետները, մտածող մարդիկ հատակում են։

Բայց այդ ազդակները վերևից են գալիս...

–Այո՛, դուք ճիշտ եք։ Թույլ տալու–չտալու  խնդիր կա այստեղ։ Այո՛, կան լավ մարդիկ, հաղորդումներ, արվեստագետներ, որ պետք է եթեր մտնեն, բայց թույլ չեն տալիս, որովհետև դա նրանց պետք չի։ Իրենց պետք են հումոր, ծիծաղ, էժանագին կինոներ, առանց իմաստի, աղավաղված հայերենով գրված երգեր, որոնք լցված են մեր եթերում։

Ի՞նչը կարող է այս վիճակից դուրս բերել մեզ։

–Կա արվեստագետների մի շրջան, որն էլ պետք է մտածի այս վիճակից դուրս գալու  մասին, ինչ–որ բան ստեղծի կամ ասուլիս տա։ Բայց, ախր, ասուլիս էլ անում ես, մեկ է, այնքան է այս լճացումը, այս մոլախոտն արմատ տվել, որ դժվարանում եմ հավատալ, որ ասելով այլևս ինչ–որ բան կարելի է փրկել. ուղղակի պետք է գոծել, գործել ինչ–որ կերպ, որպեսզի դուրս գանք, այլապես մի քանի տարի  հետո այլևս ոչինչ փրկել հնարավոր չի լինի։ Վերանալու է ամեն ինչ, վերանալու է մշակույթը։ Սա կոտորած է, ջարդ։ Ընդհատակում կան հիանալի արվեստագետներ, հիանալի սերունդ, որոնք կարող են առաջ տանել մեր մշակույթը։ Ես վերջերս բարեգործական համերգի էի մասնակցում, և մի 10 տարեկան երեխա կար՝  Տիգրանը, ով կլասիկ դաշնակահար էր։ Նա դասական ժանրում փայլուն ապագա ունի, և նրան պետք է առաջ մղել։ Ամեն ինչ պետք է անել նման մարդկանց առաջ  բերելու  համար։ Փորձում ենք անել և անելու  ենք։ Եթե մենք առաջ չտանենք նրանց ու շարունակենք այս աղբով ողողել մեր եթերը, ապա սա մեծ աղետ կլինի։ Սա կոտորած է։

–Իսկ երբևէ դիմե՞լ եք Մշակույթի նախարարություն՝ հասկանալու՝  ինչու է այս ամենը թույլատրվում. չէ՞ որ այն նաև վերահսկող մարմին է։

–Անկեղծ ասած՝ չեմ շփվել, չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է նրանք լավ երեխաներին առաջ տանեն, օրինակ՝ Տիգրանի նման երեխային, ով հիանալի դաշնակահար կարող է լինել, հայի անունը բարձր պահել և պատիվ բերել մեր երկրին։ Նման երեխաներ շատ կան՝ նկարիչներ, երաժիշտներ, պետք է առաջ  տանել, այլապես կատաստրոֆիկ վիճակ է։ Չգիտեն՝ ինչ պետք է անել։

Փաստորեն, կառավարությունը, Մշակույթի նախարարությունը թերանո՞ւմ է, որ առաջ չի տանում, չի վերահսկում։

–Այո՛, կարծում եմ՝ այդպես է, քանի որ հենց մշակութային բաժինը դա պետք է կարգավորի։ Մեր վիճակը շատ վատ է։ Գոնե հիմա թատրոնները, հատկապես մայր թատրոնը, լավ վիճակում է։ Թե չէ անընդհատ ինչ–որ ներկայացումներ են գովազդվում։ Ի՜նչ էժանագին ներկայացումներ ու ֆիլմեր են դրվում, ի՜նչ անորակ երաժշտություն...ահավոր է։ Ես համաձայն չեմ, որ հասարակությունն է պահանջում այդ անորակ արտադրանքը։ Հասարակությանը պետք է հրամցնել։ Հասարակ օրինակ ասեմ՝ եթե մարդուն գեղեցիկ փաթեթավորած կոնֆետ տաս, մի՞թե չի ընդունի։ Ինչպե՞ս կարող են պնդել, թե անհասկանալի շիլա–փլավը մարդ ավելի շատ է նախընտրում ու պահանջում, քան կոնֆետը, պարզապես նրան կոնֆետ չեն մատուցել, պետք է մատուցել։ Մենք այն մշակութային ազգն ենք, որ դարերից եկած մշակույթ ունի, բայց դարերից եկածը պետք է պահել։ Խոսում ենք Սովետական Միության ժամանակներից։ Այդ ժամանակ արվեստ կար։ Սովետի փլուզումից հետո մեր վիճակն արվեստի տեսանկյունից ավելի լավը պետք է լիներ, որովհետև անկախ պետություն էինք, ինքնուրույն որոշումներ էինք կայացնում և այլն, բայց, ցավոք սրտի, ավելի վատացավ ամեն ինչ։ Ռեստորանային բարքերը եթեր բարձրացան։ Մեր երգարվեստը գլխատվեց ոչ հայեցի երգեցողությամբ, թրքաբարո մեղեդիներով։ Մեր Կոմիտաս վարդապետն այդ ամենը մաքրեց մեր երգ–երաժշտությունից, իսկ իրենք հետ են բերում։

–Այսինքն, ելքը չլռե՞լն է։

–Այո՛, մենք չպետք է լռենք։ Չգիտեմ, պետք է նորմալ օրենքներ մշակվեն, որ կարգավորվի, մտածող մարդիկ պետք է համերգներով հանդես գան, եթերներով անընդհատ արտահայտվեն։ Ուղղակի հիմա էլ եթերով ես խոսում, բողոքում ես, հեղափոխական կամ «չուզող» ես դառնում։ Արդեն հոգնել ենք ես էլ, Էմման էլ այս կարգավիճակից։ Նույն իմ անունից ասեմ, որ մեր տեսահոլովակները երկար ժամանակ է՝ չեն պտտվում եթերում, հարցնում ենք՝ ինչու, ասում են՝ դե, հին են։ Բայց եղբա՛յր, այդ ինչպե՞ս եղավ, որ 2006–ին նկարահանված անորակ տեսահոլովակը հին չէ, իսկ 2009–ին նկարահանվածն արդեն հին է։ Գուցե մեր երգերը պե՞տք չեն։ Կամ պետք են ընդամենը այն 3000 մադուն, ում հետ ես շփվում եմ։ Հիմա բոլորը ասում են՝ նույն Վահրամ Սահակյանը, նույն Ռուբեն Հախվերդյանը, որ փայլուն ելույթ ունեցավ։ Ասում են, բայց մինչև ե՞րբ ասեն։ Պետք է գործել։ Մենք փորձում ենք համերգներ կազմակերպել, ինչ–որ կերպ դուրս գալ այս վիճակից։ Պետք է հաշվի առնենք, որ այսօր մենք աղետալի վիճակում ենք, մեր մշակույթը գլխատել են։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը