Լրահոս

15.11.2011 15:35


Քննարկվելու են ՀՀ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար շահագրգիռ, կարող ուժերի համախմբումն է: Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանն իրենց ելույթներում նշեցին, որ խմբի գործունեությունն ուղղված կլինի զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչպես նաև զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը և դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը: Բացի ՀՀ ՊՆ իրավասու ներկայացուցիչներից` աշխատանքներին ներգրավվելու են նաև ՀՀ զինդատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ:

Աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված իրավախախտումների կանխարգելման, օրինականության և կարգապահության ամրապնդման հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդամները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, որում ներգրավված են պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկելու է ՀՀ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական և իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դեպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նվազման միտումներն ու օրինաչափությունները, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղիները: Քննարկումների արդյունքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները վերացնելու նպատակով կմշակվեն գործուն առաջարկներ և ծրագրեր:

Այս խորագրի վերջին նյութերը