Լրահոս

15.11.2011 14:39


Արամայիս Միրզախանյան. «Արամ Կաթողիկոսը փոխե՞լ Է իր ռազմավարությունը»

Այս խորագրով գրուած իմ յօդուածը, (տես http://norkhosq.net/?p=7677), բուռն
տարակարծութիւնների առիթ հանդիսացաւ, այդ իսկ պատճառով վերադառնում եմ
նիւթին, դրա շուրջ մեկնաբանումների փորձ կատարելու նպատակով:
Ուրախալի է, որ մեր ընթերցող ու ունկնդրող ազգակիցները անտարբեր չեն գտնւում
սփիւռքում եւ հայրենիքում, մեր ազգային կեանքում տեղի ունեցող իրադարձութիւններին
եւ կատարում են իրենց քննադատական ու վերլուծական տեսակէտները:
2011թ. Սեպտեմբերի 18-20-ին Երևանում տեղի ունեցած «Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողով»-ի մասնակից լինելուս հանգամանքը եւ նաեւ իմ պարտականութիւնները կատարելու ուղղութեամբ, փորձեցի Հայաստանի Gala TV–ի մի հարցազրոյցի միջոցով (http://norkhosq.net/?p=7280) ներկայացնել համաժողովի ընթացքում տեղի ունեցածը եւ յայտնել իմ տեսակէտներն ու կատարել մեկնաբանումներ: Ինչպես գիտենք, սեղմ ժամանակում տեղի ունեցած այսպիսի ժողովների ընթացքում բոլոր հարցերը քննարկելու եւ վերլուծութիւններ կատարելու հնարաւորութիւն չի լինում, այդ իսկ պատճառով յետ ժողովեան քննարկումներն անհրաժեշտ են: Համաժողովի ընթացքում քննարկուած նիւթերի մէջ առանձնայատուկ հետաքրքրութիւն առաջացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.-ի քննադատական ելոյթը՝ ուղղուած Հայաստանի իշխանութիւններին: Արամ Կաթողիկոսի ելոյթը, որը կատարուեց անմիջապէս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի իշխանամէտ ելոյթից յետոյ, բուռն քննարկումների առիթ հանդիսացաւ ժողովի մասնակիցների մօտ: Պէտք է նշել, որ ժողովի մասնակից հոգեւորականների թիւն ակնյայտ բարձր էր, եւ մշտապէս առաջին շարքերում էին գտնւում, աշխարհիկ մասնակիցներին պահելով իրենց թիկունքում:
Պէտք է նշել, որ Արամ Ա.-ի ելոյթը ոչ մի նորութիւն չէր պարունակում: Հայաստանի
Հանրապետութեան քաղաքական, տնտեսական ծանր վիճակը, մարդու իրաւունքների
ոտնահարման ու արտագաղթի ցաւալի իրողութիւնները նորութիւններ չեն սփիւռքի
մասնակիցների համար, իսկ հայաստանցիների համար այդ բոլորը ամենօրեայ փաստացի
վիճակ է:
Արամ Կաթողիկոսից յետոյ ելոյթ ունեցողների շարքում էր նաեւ ՀՅԴ-ի բիւրոյի
ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը, որի ելոյթը նույնպէս իշխանութիւնների
քննադատութիւն էր եւ մատնանշում էր վերը բերուած թերութիւնները: Ծանօթ լինելով
Անթիլիասի կաթողիկոսութեան ստեղծման պատմութեանը եւ ՀՅԴ հետ մշտական
մտերմիկ փոխհամագործակցութեան պատմութեանը, դժուար չէր տեսնել, որ ուղիղ կապ
կար երկու ելոյթների միջեւ: Մի խօսքով Հայաստանի ընտրութիւնները եօթը սարի ետեւում
չեն... Հայաստանի սոցիալ-տնտեսական վատ վիճակը եւ Արամ Կաթողիկոսի մատնանշած
ցաւալի երեւոյթները գոյութիւն ունէին նաեւ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն Հայաստանի
հանրապետութեան պետական կոալիցիայի հաստատուն անդամներից էր: Վեհափառ
Արամ Կաթողիկոսը ինչո՞ւ այն ժամանակ գաւազանը գետին չզարկեց ու չասաց այն
բոլորը, ինչ ասաց համաժողովի ընթացքում: Այստեղ կարելի է ասել. Այո՛, ԱՐԱՄ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ, քանզի ՀՅԴ–ն այդպէս է
պահանջում:
Համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնութիւնը սփիւռքի մտաւորականներ էին՝
գրող, բանաստեղծ, թերթերի խմբագիրներ, ուսուցիչներ, համալսարանների տեսուչներ,
դասախօսներ, միութիւնների ու կուսակցութիւնների ղեկավարներ ու հոգեւորականներ,
մարդիկ ովքեր հսկայական գիտելիքների պաշար ու աշխատանքի փորձ ունեն: Այսպիսի
պատկառելի լսարանի նկատմամբ պահանջւում էր լրջագոյն վերաբերմունք: Ցաւօք, ոմանք
չարաշահեցին...
Համաժողովի կարեւոր ելոյթներից էր Ռուսաստանի հայերի միութեան եւ
համաշխարհային հայկական կոնգրէս-ի նախագահ, ԵՈՒՆԵՍԿՕ- ի բարի կամքի դեսպան
Պրն. Արա Աբրահամեանի ելոյթը: Նա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.–ին եւ
ներկայ մեծ թուով վարդապետներին ու սրբազաններին յիշեցրեց, որ Հայաստանեայց
Առաքելական եկեղեցին տասնամեակներ շարունակ անթոյլատրելիօրէն մնում է
երկփեղկուած: Նա նշեց. Յանուն հայրենիքի ու ժողովրդի, հայ եկեղեցու վերամիաւորումն
անյետաձգելի հարց է: Ցաւով պէտք է նշել այն մասին, որ ոչ մի հոգեւորական իր
տեսակէտը չարտայայտեց այս կաեւորագոյն հարցի շուրջ... Այո, այս յոյժ կարեւոր հարցում
ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՉԻ ՓՈԽԵԼ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ եւ Կիլիկիայի Աթոռը
շարունակում է սփիւռքը պահել երկպառակտված ու եկեղեցին քաղաքականացուած ու
կուսակցականացուած: Մի շարք եկեղեցական թեմեր, այդ թւում Իրանի երեք թեմերը,
մնում են անջատուած Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եւ պահւում են Անթիլիաս-
Դաշնակցական միութեան հակակշռի տակ :
Միանալով Ռուսաստանի հայութեան նախագահ՝ Պրն. Արա Աբրահամեանի պահանջին,
ցանկանում եմ օր առաջ միաւորուած տեսնել հայոց եկեղեցին, մի բան, որը իր բարերար
ազդեցութիւնը կ'ունենայ համայն սփիւռքահայութեան համախմբուածության գործում:
Դոկտ. Արամայիս  Միրզախանյան
(Համահայկական համաժողովի մասնակից)
Ստոքհոլմ

Այս խորագրի վերջին նյութերը