Լրահոս

15.11.2011 12:29


«Խոսքի իրավունք». «Հրազդանի ենթահանքի շահագործումը վտանգավոր է»

Այս օրերին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվ քննարկումներ են գնում կապված Սևանի, Հրազդանի և այլ հանքավայրերի շահագործման և դրա վտանգների մասին: «Խոսքի իրավունք» միավորումը կիսում է բոլոր այդ մտահոգությունները: Ուրախ ենք, որ բնապահպանները և պարզապես ակտիվիստ քաղաքացիները միավորված են բնության և մթնոլորտի պահպանման գործի շուրջ: Ֆեյսբուքյան ակտիվիստները տվել են Հրազդանի երկաթահանքի շահագործման գործընթացից սպասվող վնասակար ազդեցությունների նկարագիրը:

1. Լեռան ստորոտի մակերևույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցությունների ազդեցությունը լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում և Երևանի …որոշ շրջաններում: 2. Լեռան լանջով (թունելով) և ստորոտով հոսող գետի և լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերի հնարավոր աղտոտումը: Գետի ջրով ոռոգվում են Երևանի հարակից և Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է Հայաստանում աճեցվող պտուղ-բանջարեղենի 70-80%-ը: 3. Հանքավայրի և նախատեսվող ձուլարանի հարևանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան և Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային և տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման և վերամշակման գործընթացից առաջացրած ծանր մետաղներով հագեցած փոշուց: 4. Հանքաքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67 թթ-ին, և չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով: Այդ տարիներից ի վեր հանքավայրին ավելի մոտ գտնվող տարածքներում կառուցվել են Հրազդանի Կենտրոն թաղամասը, հեռավորությունը հանքից` 1÷1,5 կմ, Միկրոշրջանի հարվ-արևելյան թաղամասը, մոտ 2 կմ, նախատեսվող ձուլարանից մոտ 1 կմ, երկաթուղայինների բանավանը, անմիջապես բլրի ստորոտին, Վանատուրի և Ջրառատի նոր թաղամասերը, դպրոցներ, մանկապարտեզներ: 5. Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն և 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան ՀԷԿ-ի ջրատար և էներգետիկ համակարգերը, ինչպես նաև ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արևելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը: 6. Հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուրճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդհամենը 500 աշխատատեղ: Այլ երկրներում չինական կապիտալով ընկերություների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների բացված աշխատատեղերի մեծ մասը զբաղեցվում է չինացի տղամարդկանցով, քանի որ Չինաստանում դեմոգրաֆիկ առումով առկա է տղամարդկանց հսկայական ավելցուկ և նրանց մի մասի արտահանումը երկրից` ուղղակի հրատապ խնդիր է իրենց համար: Տեղացի 100÷200 մարդ, հիմնականում սևագործ բանվորներ, որոնք կունենան կարճաժամկետ` 10-15 տարով աշխատատեղեր (այդքան տարի է նախատեսված հանքի շահագործման համար): Սակայն հանքի շահագործման արդյունքում, կախված էկոլոգիական վիճակի վատթարացման հետ, միայն Ծաղկաձորում (չհաշված Հանքավանը և Աղվերանը), մենք կկորցնենք այժմ գործող 1500 հիմնական աշխատատեղերի մոտ կեսը: 7. Հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլատրությունը տրված է առանց հասարակական լսումների և մենք ունենալով հասարակության մի ստվար զանգվածի աջակցությունը , փորձում ենք կանխարգելե հիշյալ գործընթացը:

Բնության պահպանմանը ծառայող քաղաքացիական խմբերը հույս ունեն, որ այս մտահոգությունները չեն անտեսվի կառավարության կողմից:

Խոսքի իրավունք միավորում

Այս խորագրի վերջին նյութերը