Մեկնաբանություն

14.11.2011 21:26


«Լիսկան» ընդունելի է և հանդուրժելի՞

«Լիսկան» ընդունելի է և հանդուրժելի՞

Երբ անցած տարի ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակցի ու Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջև թեթև միջադեպ տեղի ունեցավ՝ Բաղրամյան 26–ից հայտարարեցին, որ նման բաները Սերժ Սարգսյանի համար անընդունելի և անհանդուրժելի են։

Ըստ տեղեկությունների՝ Բեգլարյանն ապտակել էր նախագահականի Կնդոյին, ով իրեն Դոմինգոյի համերգի ժամանակ, ըստ մեկ այլ տեղեկությունների, բավական ագրեսիվ էր պահել նախկին քաղաքապետի տիկնոջ հետ զրուցելիս։ Թե ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալ, այդպես էլ հանրությանը նորմալ բացատրություն չտրվեց։ Այդ ամենից հետո՝ Բեգլարյանը հրաժարական տվեց, իսկ նրա փոխարեն քաղաքապետ նշանակվեց հանդուրժելի և ընդունելի Կարեն Կարապետյանը, ով պարզվեց «Գազպրոմում», պատկերավոր ասած, «կամպյուտրշիկի» բարձր աշխատավարձը գերադասում է մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնից։ Ինչևէ։

Ինչու՞ այս ամենը հիշեցինք։ Բանն այն է, որ ժամեր առաջ միջադեպ է տեղի ունեցել «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում։ Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է «Լիսկա» մականունով, ծեծի է ենթարել կին գործարար Սիլվա Համբարձումյանին, ով օրերս մեղադրել էր մարզպետին ֆինանսական խարդախության և իրեն գումար պարտք լինելու մեջ։ Թե որքանո՞վ է ճիշտ կին գործարարը՝ մեր որոշելիք հարցը չէ։ Կա դատարան, թող այնտեղ ամեն ինչ պարզվի։

Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում և վրդովվեցնում է այն, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ է տալիս ծեծի ենթարկել ՀՀ քաղաքացուն։ Ս. Խաչատրյանի արարքն է՛լ ավելի դատապարտելի է, քանի որ դիմացինը կին է եղել։

Հիմա եկել է ճշմարտության պահը։ Եթե Սուրեն Խաչատրյանի քստմնելի արարքը չպատժվի և նրան անհապաղ գործից չազատեն ու քրեական պատասխանատվության չենթարկեն, ապա ստացվում է, որ մեր երկրում պաշտպանված են միայն նախագահի աշխատակազմի աշխատակիցները, իսկ մյուսները՝ ոչ։

Եթե Սուրեն Խաչատրյանն իր այս մի արածն էլ մարսի, ապա ստացվում է, որ նա Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո է ծեծի է ենթարկել Սիլվա Համբարձումյանին։

Եթե «Լիսկան» շարունակի պաշտոնավարել, ապա մենք գործ կունենանք երկակի ստանդարտների հետ, այն է՝ Սերժ Սարգսյանի համար անընդունելի և անհանդուրժելի է ծեծը միայն այն դեպքում, երբ իրեն ձեռնտու է հանրությանն այդպես ներկայանալը։ Մնացած դեպքերում Ս. Սարգսյանը ողջունում է պաշտոնյաների հաբռգածությունը։ Ասել է թե՝ Գագիկ Բեգլարյանն անընդունելի և անհանդուրժելի դարձավ լրիվ այլ պատճառներով ու պետք չէ դեմագոգիայով զբաղվել և հանրության ականջներից «լապշա» կախել։

Քանի կոպեկի արժեք ունի նախագահի խոսքը, երբ նա օրեր առաջ ելույթ ունենալով գործարարների առաջ՝ ընդգծում էր գործարարության և պետական համակարգի տարանջատման կարևորությունը։ Հիշեցնենք, որ գործարար կնոջ և «Լիսկայի» միջև առկա վեճը գործարար ոլորտից է։ Այսինքն՝ դուրս է գալիս, որ մարզպետը «ափաշքարա» գործարարությամբ է զբաղվում հերիք չէ, դեռ մի բան էլ խախտում է այլոց իրավունքներն ու ծագած վեճերը լուծում բռունցքների օգնությամբ։ Բա նախագահը չգիտի՞ այդ մասին, թե՞ գիտի, բայց ընտրությունների ժամանակ «Լիսկան» պետք է և նրա պահվածքը ընդունելի և հանդուրժելի է։

Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հիմա պետք է շատ կոնկրետ որոշում կայացնի, իսկ նախագահականի երիտթևը եթե սկզբունքային է, ապա պետք է իր վերահսկողության տակ գտնվող բոլոր հեռուստաընկերություններով սկսի «Լիսկայի արածն անընդունելի է և անհանդուրժելի» կարգախոսով քարոզչությունն այնպես, ինչպես Գ. Բեգլարյանի ժամանակ արեցին։ Հիմա տարբերությունն այն է, որ այն ժամանակ ահագին «մուտիլովկա» կար հակաբեգլարյանական քարոզչության մեջ, իսկ այժմ՝ ոչ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մեր ունեցած տեղեկություններով՝ հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ «Լիսկային» փորձել են հանգստացնել և նրա ձեռքերից Սիլվա Համբարձումյանին ազատել մի քանի պատգամավորներ, ովքեր այժմ իրենց, մեղմ ասած, ռետինե խողովակի տեղ են դրել ու հայտարարում են, թե ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել։ Ինչպես ասում են՝ «no comment»:

Այս խորագրի վերջին նյութերը