Լրահոս

14.11.2011 15:09


Այս տարվա ընթացքում մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել

Այս տարվա ընթացքում մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային և մաքսային ոլորտներում: Այդ միջոցառումների շրջանակում օրերս դեպքեր են հայտնաբերել Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները:

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգության հերթական փորձերն են կանխել: «Ապավեն տերմինալ» մաքսային հսկողության տարածքում «Գևորգ-Արամ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի մաքսային զննման ժամանակ պարզվել է, որ բեռի մեջ առկա է չհայտարարագրված` շուրջ 23 տոննա լամինացված մանրահատակ, 5500 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ և շուրջ 8000 բջջային հեռախոսի  մարտկոց: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ի դեպ, նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 21-ը մաքսային իրավախախտումների 71 դեպք է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռող էին առանց մաքսային ապահովման միջոցների ներկրման փորձերը:

Իսկ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկություններն, օրերս Երևանի Աճառյան 5 շենքի ներքնահարկում հայտնաբերել են գործող արտադրամաս, որտեղ քաղաքացի Ռոբերտ Զաքարյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու զբաղվում էր լավաշի արտադրությամբ: Ապօրինի գործունեությունն անմիջապես դադարեցվել է, իսկ արտադրանքի ծավալները և պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Անօրինական ձեռնարկատիրական գործունեության մյուս դեպքն էլ օրերս բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժնի աշխատակիցները. Սեբաստիա փողոցի վերջնամասում հայտնաբերվել է` քաղաքացի Հրահատ Հովհաննիսյանին պատկանող ապօրինի գործող հանրային սննդի օբյեկտ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը