Լրահոս

14.11.2011 12:51


Ամեն ինչ կամ ոչինչ. Ադրբեջանի «չտեսությունը» կարող է ճակատագրական լինել

Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փորձեց աչքի ընկնել խորաթափանցությամբ և հայտարարեց, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ պայմանագրի մշակման աշխատանքների սկսումը կլիներ երկու կողմերի` խաղաղությանը  հասնելու ձգտման ցուցանիշը: Սակայն Մամեդյարովը չկորցրեց իրեն և ավելացրեց, որ խաղաղ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է, որ «հայկական զորքերը դուրս բերվեն գոնե, այդպես կոչված, յոթ օկուպացված շրջաններից»:

Ադրբեջանի իշխանավորներին բնորոշ ձևով ասուլիսի վերջում Մամեդյարովը լրագրողներին հերթական անգամ սկսեց պատմել «Հեյդար պապիկի հեքիաթները»` մոռանալով վրաց իր գործընկերոջ հետ հանդիպման հիմանական նպատակի` վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունների մասին, ինչի առնչությամբ, ի դեպ, Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բավականաչափ լարված են:

Ահա այսպես, 1996 թվականից երկու կողմերի միջև ընթացող վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին բանակցությունները այդպես էլ տեղից չեն շարժվում Ադրբեջանի կողմից դրսևորվող ոչ իրատեսական դիրքորոշման պատճառով: Խոսքը, մասնավորապես, VI-րդ դարի վրաց ուղղափառ եկեղեցու` Դավիթ Գարեջայի քարանձավային վանքային համալիրի պատկանելիության հարցի մասին է: Հարկ է նշել, որ Վրաստանը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ հանդես է եկել  այս տարածքը մեկ այլ տարածքի հետ փոխանակման առաջարկով, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար, սակայն պաշտոնական Բաքուն, կրկին անգամ զբաղվելով մշակութագողությամբ և վանքային համալիրը անվանելով «աղվանական մշակութային արժեք», հրաժարվում է փոխանակել այս տարածքը վերջինիս բարձրունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ: Ինչևէ, փաստը մնում է փաստ, և խորհրդային տարիներին Արցախի ճակատագրին արժանացած և Ադրբեջանին անտեղի փոխանցված վրացական տարածքը դեռևս գտնվում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկման տակ և, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիայի խոսքերով, արդեն 15 տարի ընթացող վրաց-ադրբեջանական բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա:

Ուսումնասիրելով Ադրբեջանի հարաբերությունները սահմանակից բոլոր պետությունների հետ (բացառությամբ Թուրքիայի, որը բուն Ադրբեջանի հետ սահման չունի և սահմանակցում է Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ինքնավար մարզի հետ)` կարելի է եզրակացնել, որ թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում,  թե վրաց-ադրբեջանական սահմանի ճշգրտման շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանի կողմից դրսևորվող ոչ իրատեսական և զավթողական մոտեցումները առկա են բոլոր հարևանների հետ հարաբերություններում: Տվյալ հարցում ևս ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունից կոցկել սահմանակից պետությունների նկատմամբ ունեցած տարածքային պահանջները` պաշտոնական Բաքուն դրանք վերագրում է Հայաստանին: Թե´ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները, թե´ ադրբեջանական մամուլը առիթը չեն կորցնում ավելորդ անգամ շեշտել «այն հանգամանքի մասին, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանների նկատմամբ», մինչդեռ պաշտոնական Երևանը Իրանի և Վրաստանի հետ տարածքային խնդիրներ չունի, պաշտոնական Թբիլիսիի հետ արդեն հասցրել է համաձայնեցնել սահմանի զգալի մասը, հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունները առանձ նախապայմանների կարգավորելու առաջարկով: Վերջապես, պաշտոնական Երևանը նման հարցում երբեք ոչ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն 90-ականներին տարածքային պահանջներ էր ներկայացնում նույնիսկ ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանին` հավակնություններ ունենալով Դաղստանում գտնվող Դերբենդ քաղաքի նկատամամբ, որոնք, սակայն Չեչենական պատերազմի ավարտից և Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացումից հետո հօդս ցնդեցին: Ի դեպ, Ադրբեջանի` Ռուսաստանի հետ տարածքային խնդիրների հարցը լուծված չէր մինչև 2011թ. ամառը, երբ երկու պետությունների նախագահների կողմից ստորագրված` սահմանի ճշգրտման մասին 2010 թվականի սեպտեմբերի 3-ի համաձայնագրով Ադրբեջանին փոխանցվեց 600 մարդ բնակչություն ունեցող և ՌԴ քաղաքացիներով բնակեցված երկու լեզգիական ավան: Համաձայնագրի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին տարածքի բնակչության զտման աշխատանքները և  վերջնագիր ներկայացրին այդտեղ բնակվող լեզգիններին` կա´մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա´մ վտարվել արդեն Ադրբեջանի մաս հանդիսացող տարածքներից:

Ադրբեջանը տարածքային խնդիրներ ունի նաև Թուրքմենստանի հետ` Կասպից ծովում գտնվող «Օսման», «Օմար» ու «Սարդար» գազահանքերի շուրջ: Բանն այն է, որ Ադրբեջանը, լինելով Կասպից ծովի ընդերքի մասին համաձայնագրի մշակման մասնակից-կողմերից մեկը, չի սպասել համաձայնագրի վերջնական մշակմանը և վավերացմանը, շտապել է վերոհիշյալ գազահանքերի տարածքը անվանել ադրբեջանական և միջազգային մի շարք ընկերությունների հետ արդեն հասցրել է մի շարք պայմանագրեր ստորագրել գազահանքերի մշակման մասին` այսպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ողջ բանակցական գործընթացի և Կասպից ավազանի բոլոր պետությունների, հատկապես` Թուրքմենստանի նկատմամբ, որը ևս հավակնություններ ունի վերոհիշյալ գազահանքերի նկատմամբ: 2000-ականների սկզբներին վերոհիշյալ հարցի առնչությամբ ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններն այնքան էին սրվել, որ Թուրքմենստանի իշխանությունները Բաքվից հետ էին կանչել իրենց դեսպանին: Թուրքմենական կողմը բազմիցս պաշտոնական Բաքվին կոչ էր արել համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակից, հանդես էր եկել փոխհամաձայնության հասնելու մի շարք առաջարկներով, ինչին ադրբեջանական կողմը միշտ անորոշ պատասխաններ էր տալիս: Այսպես, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը հարցի լուծումը տեսնում է երկու պետությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի մշտական հավաքներում և բարձր մակարդակով հանդիպումներում: Փաստորեն, ստացվում է, որ մինչ աշխատանքային խմբերը հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպեն, Ալիևյան կլանը առանց որևէ իրավական հիմքի շարունակելու է նշված տարածքներից գազ հորել: Բանը հասել է նրան, որ դեռևս 2009 թվականին Թուրքմենստանի նախագահը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած Թուրքմենստանի կողմից ջանքերին տվյալ հարցում առաջընթաց չի գրանցվում, հանձնարարել էր փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովին հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը  և ներգրավվել միջազգային փորձագետների` տվյալ հարցի առնչությամբ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը քննարկելու համար: Համաձայն վերջին զարգացումների` Թուրքմենստանը նաև ուժեղացնում է Կասպից ծովում տեղակայված իր նավատորմը: Այսպես, 2009 թվականին Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը նպատակ էր դրել կարճ ժամանակահատվածում ամրապնդել Կասպից ծովի Թուրքմենբաշի նավահանգստում տեղակայված նավատորմը` ծովային սահմանների պաշտպանության, ձկնագողության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար: Այդ կապակցությամբ Թուրքմենստանը Ռուսաստանից դեռևս 2008 թվականին ձեռք էր բերել երեք պահակային նավ` զինված հեռակառավարվող հրթիռներով, և երեք պարեկային նավ, պատվիրել է «Մոլնիյա» դասի երկու հրթիռային նավակ, իսկ 2011 թվականին Թուրքիայից 55 մլն-ով ձեռք է բերել երկու հրթիռային նավ: Փաստորեն, վերոհիշյալից կարելի է ենթադրել, որ Թուրքմենստանը նաև չի բացառում ռազմական ընդհարում տվյալ հարցում և ակտիվորեն ուժեղացնում է իր ծովուժը:

Նույն խնդիրը Ադրբեջանի հետ ունի նաև Իրանը. սակայն տվյալ դեպքում Կասպից ծովի վիճելի տարածքները սեփականացնելուց բացի Ադրբեջանը «աչք է դրել» նաև Իրանի հյուսիսային շրջանների վրա` այն անվանելով «Հարավային Ադրբեջան», իսկ տվյալ տարածքի թուրքալեզու բնակիչներին` ադրբեջանցիներ: Ընդհանուր առմամբ, Իրանի հյուսիսային տարածքների նկատմամբ Ադրբեջանը սկսեց հավակնություններ ունենալ դեռևս խորհրդային տարիներին, երբ 1989 թվականին Ադրբեջանի Ազգային ճակատի ակտիվիստները առաջ քաշեցին «ադրբեջանցիների համախմբման գաղափարը» և արշավ սկսեցին ԽՍՀՄ-Իրան սահմանին սահմանային ամրությունների վերացման համար` պատճառաբանելով, որ դրանք հադիսանում են որպես «ադրբեջանական ազգի պառակտման խորհրդանիշ»: Պաշտոնական Բաքվի ձգտումները ավելի ուժեղացան վերջին տարիներին` Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սրվելուց հետո: 2010թ. Իրանի խորհրդարան ներկայացված զեկույցում նշվում էր, որ Բաքուն օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ միջոցներ է ձեռնարկում Իրանի հյուսիսում բողոքի ալիքներ հրահրելու համար: Կասկածից վեր է, որ նպաստավոր հանգամանքների առկայության դեպքում Ադրբեջանը կփորձի Իրանի հյուսիսում թուրքալեզու բնակչության ապստամբություն բարձացնել` Իրանի հյուսիսային մասը Իրանից կտրելու համար: Իրանի խորհրդարանում նմանատիպ զեկույցի ներկայացումն արդեն իրենից ենթադրում է, որ պաշտոնական Թեհրանը քաջատեղյակ է Ադրբեջանի կողմից երկրի սահմանադրական կարգին բխող վտանգին և, անկասկած, համապատասխան հետևություններ է արել Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Ամփոփելով վերոնշյալը` կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքվի կողմից դրսևորվող «չտեսությունը» և զավթողական քաղաքականությունը կարող է վերջինիս համար բումերանգի ներգործություն ունենալ: Սրա հետևանքով Ադրբեջանը կարող է զրկվել ոչ միայն իր կողմից յուրացված վիճելի տարածքներից, այլև սահմանակից պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու հնարավորությունից, ինչը կարող է ճակատագրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, իսկ հետագայում նաև Ադրբեջան պետության լինել չլինլու հարցում:

Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը