Լրահոս

14.11.2011 10:58


Այսօր Դիաբետի համաշխարհային օրն է

Արդեն 14 տարի է` 1999 թվականից, ինչ Հայաստանում նշվում է Դիաբետի համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսը` Շաքարախտով հիվանդների ուսուցանումը և կանխարգելումն է:

Այս առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպել է միջազգային կոնֆերանս: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը բացել է կոնֆերանսը, որին մասնակցել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչները, հյուրեր Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանը լրագրողների հետ զրուցում տեղեկացրել է, որ 2011 թվականին Դուբայում կայանալիք Շաքարախտի համաշխարհային կոնգրեսի ժամանակ Շաքարախտի հայկական ասոցիացիան Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ կդառնա: Դա նշանակում է, որ հայ էնդոկրինոլոգները քաջատեղյակ կլինեն շաքարախտին վերաբերող բոլոր հարցերին, կառաջնորդվեն կոնգրեսի ուղեցույցներով և կկարողանան վերահսկել շաքարախտի հետազոտման, կանխարգելման և բուժման փուլերը:

Նշենք, որ շաքարային դիաբետով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում 250 միլիոնի է հասնում: Տարեսկզբի տվյալներով` Հայաստանում շաքարախտով 41932 հիվանդ կա, ինչը բնակչության 1,4 տոկոսն է կազմում: Կան նաև չգրանցված հիվանդներ, որոնք չգիտեն իրենց հիվանդության մասին:

Ի դեպ, մեր երկրում գրանցված հիվանդներից 326-ը երեխաներ են, որոնք առաջիկա 6 ամսվա ընթացքում ապահովված կլինեն ինսուլինով:

Տարբերակվում է երկու տիպի շաքարային դիաբետ: Հիվանդության առաջին տիպը հանդիպում է մինչև 20-30 տարեկան մարդկանց շրջանում, որը նախկինում երիտասարդների դիաբետ է կոչվել: Այս դեպքում նկատվում է ինսուլինի լիակատար անբավարարություն: Իսկ երկրորդ տիպի դիաբետը հանդիպում է մեծահասակների շրջանում: Այն հիվանդացության ամբողջ դեպքերի 80 տոկոսն է կազմում: Մեծահասակների դիաբետի ժամանակ նկատվում է ինսուլինի հարաբերական անբավարարություն:

Տարածվածությամբ շաքարային դիաբետը սրտանոթային ու ուռուցքային հիվանդություններից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը: Չնայած բժշկության անդադար զարգացմանը, դեռևս հնարավոր չէ իսպառ վերացնել այս հիվանդությունը: «Առողջ ապրելակերպ, հստակ կերակրացանկ ու բժշկական անդադար հսկողություն». ահա մասնագետների խորհուրդը ողջ կյանքի համար:

Այս խորագրի վերջին նյութերը