Լրահոս

12.11.2011 12:16


Սիլվա Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի մասին. «Եթե ՀՀ–ում օրենքը գործում է, ապա Սուրիկը չի կարող չվերադարձնել իմ ունեցվածքը»

Սիլվա Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի մասին. «Եթե ՀՀ–ում օրենքը գործում է, ապա Սուրիկը չի կարող չվերադարձնել իմ ունեցվածքը»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) արձագանքել է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը, որտեղ վերջինս մարզպետին մեղադրում է գողության համար։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետը իրենից գողացել է 102 մլն դրամի սարքավորում։ Իր հերթին, Սուրեն Խաչատրյանն ասել է, որ ինքը ոչ թե գողացել, այլ գնել է այդ սարքավորումները։ Նա «հոգեկան հիվանդ է» անվանել Համբարձումյանին ու նշել, որ երկուշաբթի օրը գործարարին դատի է տալու։

«7օր»-ը կապ է հաստատել Սիլվա Համբարձումյանի հետ և ներկայացնում է նրա մեկնաբանությունը այս հայտարարության վերաբերյալ։

Ես շատ երջանիկ կլինեմ, եթե ինքը գա դատարան, մի հատ էլ դատարանում խայտառակեմ փաստաթղթերով, վերջ դնեմ այս պատմությանը,– հայտարարել է Սիլվա Համբարձումյանը։

Ինչ վերաբերվում է այդ սարքավորումներին ու դրա հետ կապված՝ Խաչատրյանի հայտարարությանը, ապա Սիլվա Համբարձումյանն ասել է.

–Այո, նա ապրանք գնել է ինձանից, 15 մլն դոլարի ապրանքը գնել է 240 մլն դրամով, բայց այդ սարքավորումը, որը կոչվում է «Սառտիռովոչնի», և որը արժի 102 մլն դրամ, դրա մեջ չկա։ Հիմա ես նորից գնել եմ այդ նույն սարքավորումից ավելի թանկ գնով, մաքսայինով էլ ներմուծել եմ, կարող եք ստուգել։

Հարցին՝ արդյոք ինքը ևս, ի պատասխան Խաչատրյանի հայցի, երկուշաբթի օրը դատարան կգնա՞, Սիլվա Համբարձումյան պատասխանել է.

–Ես չեմ գնա դատարան։ Երբ որ մեր գործը դատախազությունը կուղարկի, ես սպասում եմ, որ սարքավորումը վերադարձնեն։ Կոնկրետ միայն Սուրեն Խաչատրյանի դեմ չեմ դատախազություն դիմել, այլ նաև ուրիշների դեմ։ Կոնկրետ մենակ Սուրիկը հո չէ, բավական մեծ գումարի հափշտակում է կատարվել։

Հարցին՝ իսկ սարքավորումները չվերադարձնելու դեպքում ի՞նչ է պատրաստվում անել ինքը, Համբարձումյանը պատասխանել է.

Սուրի՞կը։ Սուրիկը չի կարա չվերադարձնի։ Եթե Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործում է, ապա Սուրիկը կվերադարձնի։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր հանքավայրից 102 մլն դրամի սարքավորում է գողացել։ Արդեն երկու տարի է, ինչ Համբարձումյանը դիմել է դատախազություն և սպասում է, որ իր ունեցվածքը հետ վերադարձնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը