Հարցազրույց

18.03.2024 12:29


Կոնսերվատորիան լոկ շենքը չէ, և այն միայն մտովի կարող են «տեղափոխել». Արթուր Շահնազարյան

Կոնսերվատորիան լոկ շենքը չէ, և այն միայն մտովի կարող են «տեղափոխել». Արթուր Շահնազարյան

Բուհերի խոշորացումից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այն առաջարկվում է արվեստների ուղղության մեջ ընդգրկել։ Փաշինյանի իշխանության այս հերթական որոշման մասին Yerkir.am-ը զրուցել է կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ և մշակութաբան Արթուր Շահնազարյանի հետ։

-Պարո՛ն Շահնազարյան, ի՞նչ է հետևելու այս որոշմանը, եթե այն իրագործվի։

-Նախ սկսենք նրանից, որ կոնսերվատորիան հանճարեղ Կոմիտասի փափագած կոնսերվատորիան է։ Ի վերջո՝ սա սովորական շենք չէ, այլ ՝մի ամբողջ համալիր մարմին, որի ամբիոնները հնարավոր չէ առանձնացնել։ Յուրահատուկ շենք է, այնտեղ խմբակային դասեր չկան, միայն անհատական են, ձայնամեկուսիչ դռներով, հատուկ համակարգով օժտված լսարաններ են, և ոչ մի լսարան հենց այնպես կառուցված չէ։ Կոնսերվատորիայում է երաժշտական գրադարանը, նկուղային հարկ կա, որտեղ վերանորոգվում են ժողգործիքները։ Ես չգիտեմ այս հիմարությանն ինչպես արձագանքել. կոնսերվատորիան շենք չէ, կոնսերվատորիան մարդիկ են, այնտեղ ուսանել և այդ դռնով ելումուտ են արել հանճարեղ երաժիշտներ, ովքեր հենց այդ շենքի համար մեծ ավանդ են ունեցել։

-Ասում են, որ շենքը պետք է տեղափոխվի ակադեմիական քաղաք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում, և ո՞ր շենքերն են կապված ԵՊԿ-ի հետ։

-Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայտնի կոնսերվատորիա քաղաքի կենտրոնում է լինում, որովհետև բոլոր բուհերը փոխկապակցված են միմյանց հետ։ Կոնսերվատորիայի շարունակությունը, օրինակ, Օպերան է, Կամերային թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի շենքը, որոնք բոլորը կապված են կոնսերվատորիայի հետ, և որն իմիջիայլոց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիմնած երգչախումբն է, ովքեր երգում են թե՛ կոնսերվատորիայում, թե՛ ֆիլհարմոնիկում և թե՛ կամերային թատրոնում։

-Ի՞նչ եք կարծում, կիրականանա՞ այս ծրագիրը:

-Իրենց կառուցած շենք մարդ չի մտնի, ի՞նչ կլաստերի մասին է խոսքը, թող մի դատարկ սենյակ սարքեն ու նստեն մեջը: Մտովի կարող են շենքը «տեղափոխել», բայց ոչ իրականում, որովհետև ոչ մի երաժիշտ չի պատրաստվում կոնսերվատորիայի շենքը թողնել ու գնալ։

-Իսկ ի՞նչ կասեք ԵՊԿ-ում վերջերս տեղի ունեցած ժողովի, դրան հաջորդած ստորագրահավաքի մասին։

-Շատ լավ են անում. թե՛ ժողովը, թե՛ ստորագրահավաքը, ամեն ինչ էլ պիտի արվի ի պաշտպանություն կոնսերվատորիայի։ Կան երաժիշտներ, ովքեր իներտ են և այս թեմայի շուրջ չեն արտահայտում իրենց կարծիքը: Ես ոչ միայն բացասաբար եմ վերաբերվում որոշմանը, այլև կտրականապես դեմ եմ դրա իրագործմանը։ Թումանյանն ասում էր՝ տարօրինակ ժողովուրդ ենք, թատրոն ասելով միայն շենքն ենք հասկանում: Այս խոսքերը լիովին համապատասխանում են այսօրվա իրավիճակի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը