Լրահոս

10.11.2011 17:04


Ներկայացվել են մայրաքաղաքի շուկաներում և գետնանցուներում սանիտարական վիճակի ուսումնասիրությունները

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահութան վարչության պետ Արմեն Ուլիխանյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն պետ Արտավազդ Վանյանը ներկայացրել են մայրաքաղաքի շուկաներում և ստորգետնյա անցումներում սանիտարական վիճակի ուսումնասիրության արդյունքները:

Արտավազդ Վանյանը նշել է, որ  տնտեսվարողները չեն պահպանում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ` աղբահանություն, թափոնների տեղափոխում, աղբամանների անհրաժեշտ քանակ եւ այլն:

Շուկաների տնօրենները եւ վարձակալական հիմունքներով ստորգետնյա անցումներում տարածքներ շահագործող տնտեսվարողները հրավիրվել են քաղաքապետարան, և համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են առկա  խնդիրները եւ դրանց հնարավոր լուծման տարբերակները։

Արձանագրված թերությունները վերացնելու նպատակով կազմվել է հստակ ժամանակացույց։ Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել թերությունները վերացնելու ուղղությամբ`սահմանված ժամկետում` մինչեւ դեկտեմբերի 10-ը:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն որոշ տնտեսվարողներ ենթարկվել են վարչական տույժերի:  Սահմանված ժամկետում հանձնարարականները չկատարելու դեպքում՝ կվերանայվի նաեւ շահագործող ընկերությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Առողջապահության վարչության պետը տեղեկացրել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը