Հարցազրույց

10.11.2011 16:09


Վարդան Այվազյան

Վարդան Այվազյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական Վարդան Այվազյանի հետ

–Կառավարությունը հայտարարում է, որ 2012թ. բյուջեի ծախսային մասը հիմնականում ապահովվելու է ստվերը կրճատելու հաշվին։ Մտավախություն չունե՞ք, որ այս արտահայտության ներքո իրականում հարձակում են գործելու խոշոր բիզնեսի վրա։

Այնպես չէ, որ կառավարությունը հայտարարում է, որ այդ 101մլրդ.–ն ամբողջությամբ ստվերի հաշվին է լինելու։ Կառավարությունն ասում է՝ տնտեսական աճի հաշվին, որը կազմելու է 4,2%՝ գումարած դրան վարչարարությունը և այլն։ Չեմ կարծում, որ հարձակում կլինի խոշոր բիզնեսի վրա։

–Դուք ընդհանուր առմամբ դրական եք գնահատել կառավարության գործունեությունը, կատարված բարեփոխումները։ Հիմա՞ էլ եք շարունակում մնալ այդ կարծիքին։

–Ընդհանուր առմամբ՝ այո՛։

–Կնշե՞ք 3 հիմնական խնդիրներ, որոնք կառավարության վարած տնտեսական քաղաքականության մեջ Ձեզ մտահոգում են։

–Շատ կան ախր, որ մեկը ես ձեզ ասեմ։ Օրինակ՝ հովանավորչական խնդիրներ կան, հարկային բազայի, ստվերայնության խնդիր կա։ Բայց դրանք առօրյա խնդիրներ են, որոնք որ լուծվում են։ Երկիր կա՝ շատ է, երկիր՝ կա քիչ է։ Գործը միանշանակ արվում է։

–Կառավարությունն այսօր ստեղծված տնտեսական իրավիճակի մեղքն այսպես ասած բարդել էր նախորդ կառավարության թողած ծանր ժառանգության վրա։ Դուք համամի՞տ եք այս տեսակետին։

–Ո՛չ։

–Ինչո՞ւ։

–Որովհետև ես նաև նախկին եմ։ Եթե կառավարությունն այդպիսի բան է ասել, ուրեմն մեր կարծիքներն այստեղ էապես տարբերվում են։ Ո՞նց կարող է պատահի՝ նախկինի հետ կապված լինի։ Ստացվում է, որ նախկինի ժամանակահատվածում, նաև երբ ես որպես նախարար եմ աշխատել... կարող է՝ սխալներ, բացթողումներ եղել են, բայց սկզբունքային սխալներ չեն եղել։ Նախկին կառավարությունն աշխատել է, տնտեսական նորմալ աճ է ապահովել, սոցիալական լարվածության հետ կապված խնդիրները լուծել է, և պատահական չէ, որ 2000թ.–ից ՀՀԿ–ն կարողանում է իշխանության մեջ մնալ։ Ինչի՞ հիման վրա ենք մենք այդպես մեծ–մեծ ասում՝ մենք վաղը կգնանք ընտրության, շատ կներեք, կտեսնեք, մենք գործը կատարել ենք, մեր գործերի համար պատասխանատու ենք։ Ես չգիտեմ՝ դա ո՞վ է ասել, որ նախկինի ժառանգությունն է։

–Կառավարության պաշտոնական պատասխանում է այդպես գրված եղել։

–Չեմ լսել ես։ Այդ խոսակցությունները բազմիցս եղել են, և վարչապետը մեկնաբանել է, որ կոնկրետ, կարող է, որոշակի աշխատանքների հետ կապված՝ բերել–համեմատել է, բայց չի՛ կարող ինքն ասել, որ նախկին կառավարությունը վատ է աշխատել։ Եվ հետո նշեմ, որ հանրապետության նախագահն ասել է, որ նախկին կառավարության հետ կապված նմանատիպ խնդիր չկա։

–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։

–Նա մեկնաբանել է, և ես ավելացնելու բան չունեմ։

–Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իր հրաժարականով ապացուցել է իր հավատարմությունը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։ Իսկ Դո՞ւք ինչի եք պատրաստ ձեր հավատարմությունն ապացուցելու համար։

–Ես իմ առջև դրված պարտականությունների կատարմամբ եմ պատրաստ։ Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել իր հավատարմությունն ապացուցելու համար։ Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը գնում է ներկա պարագայում շատ ավելի ոչ պակաս և կուսակցության համար շատ կարևոր նախընտրական շտաբի ղեկավարման։ Նա փորձառություն ունեցող և ժամանակի ընթացքում այսպես ասած ապացուցած անձնավորություն է, որ ինքը կարողանում է այդ գործը շատ լավ կատարել, և հիմա գնում է այդ գործն իրականացնելու։ Իսկ էլ ո՞վ պետք է լիներ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը։ Հովիկ Աբրահամյանը չի գնում ՀՀ նախագահին անձնական ծառայություններ մատուցի, ինքը գնում է ՀՀԿ–ի, որի ղեկավարներից մեկը հենց Հովիկ Աբրահամյանն է, որի ղեկավարն է հանրապետության նախագահը, նախընտրական շտաբի ղեկավար, որպեսզի լավ ընտրություններ անցկացնելու պարագայում բոլորովս հետագայում կարողանանք ունենալ համապատասխան լծակներ ՀՀԿ–ի ծրագիրն իրականացնելու համար։

–Այդ դեպքում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը դարձավ նրա տեղակալը, առավել ևս, որ նա կուսակցական չէ, և կարծիք կա, որ նա գնում է Հովիկ Աբրահամյանին վերահսկելու։

Դա թյուր կարծիք է։ Ես շատ լավ գիտեմ Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հարաբերությունները, նրանք կաշխատեն ոչ միայն որպես նախընտրական շտաբի պետեր, այլ նաև որպես լավ ընկերներ, որովհետև նրանք ունեցել են նաև համատեղ աշխատանքային փորձ, երբ որ Հովիկ Աբրահամյանն աշխատում էր նախագահի աշխատակազմում։ Միասնական, շատ նորմալ ընտրական արդյունքներով կաշխատեն։ Մինասյանն ունի նաև կազմակերպչական մեծ ջիղ, ինտելիգենտ, նորմալ մարդ է, այնպես որ՝ լուրջ դրական ազդեցություն կարող է ունենալ։

–Կադրային այս փոխատեղումներն ի՞նչ տվեցին Սերժ Սարգսյանին։ Մամուլը գրում է, թե նա այդպիսով ամրապնդեց իր դիրքերը։ Իրո՞ք ամրապնդվեցին Սերժ Սարգսյանի դիրքերը, չէ՞ որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

–Ես գտնում եմ, որ ՀՀ գործող նախագահի դիրքերը շատ ամուր են, և այդ ամրությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ գործադիր, օրենսդիր իշխանություններ, հասարակություն... ՀՀ նախագահը ցանկացած դեպքում իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում կարող է շատ մարդկանց այնտեղ աշխատելու նպատակահարմարության հարցը դնել։ Դա չի նշանակում, որ ինքը ուժեղացնում կամ թուլացնում է իր դիրքերը։ Ուղղակի ուրեմն գտել է նպատակահարմար, որ տվյալ ոլորտում պատասխանատու անձի փոփոխություն է պետք իրականացնել։ Իսկ դա ինչո՞ւ պետք է որևէ մեկին զարմացնի։ Մենք էլ, որ ժամանակին արտադրություն էինք աշխատացնում, տեսնում էինք, որ կա մեկը, ով կարող է այդ արտադրամասում ավելի արդյունավետ աշխատել, փոփոխություններ էինք կատարում։ Ի՞նչ կա, որ անպայման պետք է ասել՝ դիրքե՜րն է ամրացրել. ի՞նչ է եղել՝ ԱԺ–ում ՀՀԿ–ի թվաքանա՞կն է պակասել, որ ՀՀ նախագահի ուժերի պակաս զգացվի, գործադիր իշխանությունո՞ւմ, որտե՞ղ։ Պարզապես նախագահն իր իրավասություններն է իրականացնում։ Ինչո՞ւ պետք է անպայման գրել, թե նա թուլացնում է, նա ուժեղացնում է, նա խաղի մեջ էր, կամ ըսենց էր, կամ ըսենց թե նենց էր։ Ինչո՞ւ են ախր այդ խաղը մտցնում, ես դա՛ չեմ կարողանում հասկանալ։

–Իսկ ԱԺ նախագահ ո՞ւմ եք տեսնում։

–Շատ արժանավորներ կան, տեղակալն էլ, խմբակցության ղեկավարն էլ, կան պատգամավորներ, միայն ինձ հանենք։

–Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ կին լինի խորհրդարանի հաջորդ նախագահը։

–Չեմ կարող ասել։ Կարող է և այդ գենդերային հարցը պահպանելու հարց լինի։ Մեզ մոտ կանայք էլ, օրինակ՝ Հերմինե Նաղդալյանը, փորձառու պատգամավոր է։

–Անձամբ դուք կցանկանայի՞ք, որ կին լիներ։

–Կներեք, էլի, հասարակական բաղնիք չէ, որ ես ուզենամ կամ չուզենամ։ Եթե ինքն արժանի է, փորձառություն ունի, ապա ողջունելի է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը