Լրահոս

10.11.2011 11:09


Էդվարդ Նալբանդյան. «Եվրոպական արժեքների համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը

«Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական և Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովին

Երևան, 10 նոյեմբերի 2011 թ.

Տիկնայք և պարոնայք,

Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ավանդական դարձած այս խորհրդաժողովն արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցրել եվրոինտեգրման թեմաներին առնչվող քննարկումների շարքում:

Հայաստանի քսանամյա անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը: Մեր հարաբերությունները ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում:

ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը կարևորվում է ոչ միայն ԵՄ հետ մեր ստանձնած հանձնառությունների, այլ առաջին հերթին, մեր երկրում որակական բարեփոխումները խորացնելու տեսանկյունից` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության և մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար:

Հանրապետության Նախագահի նախաձեռնած բարեփոխումների խթանման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է մեր ժողովրդի, մեր երկրի շահերից:

Այդ գործընթացն առաջին հերթին նպատակաուղղված է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք սա նաև որպես ԵՄ հետ մեր համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս և եվրոմերձեցման քաղաքականության նախադրյալ:

Եվրոմիության հետ մեր հարաբերությունների զարգացման և Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում կցանկանայի մեջբերել Հանրապետության Նախագահի հետևյալ խոսքերը. ,Եվրոպական չափանիշները՝... պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետև դրանք բարձր և ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու և մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունիցե (մեջբերման ավարտ): Արևելյան գործընկերության մեկնարկից ավելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց ենք արձանագրել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ոլորտներում: Արևելյան գործընկերության շրջանակներում կարևոր հանգրվան էր ս.թ. սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայացած երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը` քաղաքական ասոցացման, աստիճանական տնտեսական ինտեգրման, ընդլայնված ոլորտային շփումների և բազմակողմ համագործակցության ամրապնդման միջոցով:

Բարեփոխումներին օժանդակելու նպատակով 2009 թ.-ից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը, որը աջակցություն է տրամադրում ՀՀ պետական կառույցներին` օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում:

Մենք ողջունել և մեծապես կարևորում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված “ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց” սկզբունքը: Ներկայումս Եվրահանձնաժողովի հետ աշխատանքներ ենք տանում` մեր կառավարության ջանքերը` ԵՄ գործընկերների նպատակաուղղված և թիրախային աջակցության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Զգալի առաջընթաց ենք արձանագրել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ս.թ հոկտեմբերի 26-ին Երևանում  մենք անցկացրեցինք բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան համաձայնագրի Նպատակների և ընդհանուր սկզբունքների, Քաղաքական երկխոսության, Արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ մասերի շուրջ: Ներկա դրությամբ բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 19 գլուխներ:

Ասոցացման համաձայնագրի կարևոր մաս են կազմելու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: Այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները վստահություն են ներշնչում մոտ ապագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար: Ազատ առևտրի գոտուն առնչվող դրույթների արդյունավետ կենսագործումը թույլ կտա ավելի մրցունակ դարձնել հայաստանյան տնտեսությունը` ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ տնտեսական ոլորտում դերակատարություն ունեցող համապատասխան հաստատությունների կատարելագործման միջոցով:

 

Մեր համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում` գործարարություն, ուսանողների, երիտասարդների միջև շփումներ, մշակույթ, գիտություն: Այս գործընթացի հիմնական շահառուները լինելու են մեր հասարակությունները, քաղաքացիները:

Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որի նպատակն է նպաստել միգրացիոն հոսքերի կառավարմանը, ԵՄ տարածքում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքի ու գործունեության կանոնակարգմանը, խթանել ուսանողական և մասնագիտական փոխանակումները: Այս գործընկերության մեկնարկը անուղղակիորեն կնպաստի նաև մուտքի վիզաների դյուրացման գործընթացի արագ վերջնականացմանը:

Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման գործում քաղաքական երկխոսության կարևոր օղակներից մեկն է հանդիսանում  խորհրդարանական համագործակցության կոմիտեն: Օրեր առաջ (նոյեմբերի 2-ից 3-ը) Երևանում տեղի ունեցավ Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 12-րդ նիստը:

Հարգելի մասնակիցներ,

Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու և մեր տարածաշրջանի երկրները միմյանց և Եվրոմիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը:

Արևելյան գործընկերության շրջանակներում գործող հարթակները կոչված են ընդհանուր եվրոպական արժեքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիության աստիճանի բարձրացմանը, խաղաղ և բարեկեցիկ ապագայի կերտմանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները կարևորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ինչպես Եվրոպական Միության հետ համագործակցության համատեքստում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում:

Իսկապես ողջունելի է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը եվրոինտեգրման գործընթացներում:

Վերջերս Երևանում տեղի ունեցավ նաև միջազգային Եվրոպական Շարժման “Արևելյան գործընկերության երկրներում եվրոպական ինտեգրման խորացման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը” խորագրով համաժողովը, ինչը նույնպես վկայում է մեր երկրում եվրոպական գաղափարների տարածման և արժևորման, Հայաստանի և ԵՄ միջև առկա ընդհանուր հիմնարար արժեքների և սերտ համագործակցության մասին:

Հավատացած եմ, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է հանդիսանում տարբեր տեսանկյուններից ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների գնահատման, նոր հետաքրքիր կառուցողական գաղափարների և մտքերի փոխանակման համար:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն:

Այս խորագրի վերջին նյութերը