Տնտեսական

09.11.2011 13:10


Խոշոր բիզնեսն ահազանգում է

Խոշոր բիզնեսն ահազանգում է

Այսօր հրավիրված ասուլիսին գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է ՀՀ–ի բիզնես–միջավայրում և հանքարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Գործարարը փաստել է, որ հանքարդյունաբերության ոլորտում իր բիզնեսի դեմ  հարձակում է իրականացվում։

-Երբ որ «Սիփան 1»-ը վաճառում էին, ես փորձեցի ներդրող բերել դրսից, և ինձ մոտ դա ստացվեց։ Սակայն երբ ներդրողը եկավ, մեր հարգարժան էներգետիկայի ու բնական պաշարների նախարար պարոն Մովսիսյանը նրան արտոնագրից ապօրինի կերպով զրկեց։ Մեկ տարի անցավ, մենք դատը շահեցինք, բայց ներդրողը որոշեց գնալ Հայաստանից։ Քանի որ ես էի նրան խնդրել գալ Հայաստան, ես որոշեցի գնել «Սիփան 1»-ը, բայց Մովսիսյանը կրկին ապօրինի կերպով անվավեր ճանաչեց արտոնագիրը։ Նորից դատարան գնացինք, իսկ 2010թ. դեկտեմբեր 3-ին այն տվեցին աճուրդի, որտեղ այն գնեց «Սագամար»–ը։ Ուրիշ ոչ ոք էլ չէր մասնակցում, չէին թողնում մասնակցել։ Հիմա մենք նորից դատական փուլում ենք, չնայած նրանք արդեն արտոնագիր են ստացել ու ուզում են գան հանքը շահագործելու։ Բայց ես այստեղ 50 մլն դոլարի ներդրում եմ արել, իսկ ընդհանուր առմամբ (մյուս հանքը հաշվի առնելով)՝ շուրջ 90 մլն դոլարի,–նշել է Համբարձումյանը։

Գործարարը նշել է, որ «Սագամար» ՓԲԸ–ն պատկանում էր վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր–Պողոսյանին, ով մեղադրվում է մանկապղծության համար։

-Դա պատկանում է էն Սերոբին՝ մանկապղծին, հետո նրան տվեցին Ախթալայում, ու հիմա «Սագամար»-ը Սերոբի կնոջն է պատկանում,–ասել է Համբարձումյանը՝ ավելացնելով, որ այս ամենի մեջ խառնված է նաև Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, ով, ըստ գործարարի, գողացել է շուրջ 102 մլն դրամի սարքավորում, գործը երկու տարի է՝ դատախազությունում է, հարցին էլ լուծում չեն տալիս։

Նա դժգոհել է նաև ՀՀ դատական համակարգից ու խոստացել, որ եթե հարցը չլուծվի, ապա կդիմի Եվրադատարան.

-Ասում եմ՝ նույն հիմքով է այս արտոնագիրը ևս անվավեր ճանաչվել, ինչպես առաջին դեպքում, ի՞նչ իրավունքով։ Բայց ասում են՝ «վերևից» են ասում։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ «վերևը» ո՞վ է։ Եվրադատարան եմ գնալու, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ո՞նց են նայելու էս երկրին,–շեշտել է գործարաըը։

-Չգիտեմ, օտարերկրյա նորդրողներին վախեցնելու նպատակը որն է, չեն ուզում օտարերկրացի գա։ Ես չեմ հասկանում։ Փոխանակ բոլորին... ես այնքան մարդ կարող եմ բերել այստեղ, բայց արդեն վախենում եմ բերեմ,-ընդգծել է Սիլվա Համբարձումյանը։

Հարցին՝ արդյոք այս հարցով ինքը նախագահ Սերժ Սարգսյանին չի՞ դիմել, Սիլվա Համբարձումյանը պատասխանել է.

-Գիտեք ինչ,  կարծում եմ, որ նախագահն ինքը պետք է ուզենա ինձ հետ հանդիպել, որովհետև ես Հայաստանի միակ կին խոշոր գործարարն եմ։

Ասուլիսին ներկա Սիլվա Համբարձումյանի իրավաբան Կարեն Թունյանն իր հերթին իրավական փաստերով է հիմնավորել գործարարի ասածները՝ ավելացնելով, որ իրենց նպատակը «Սիփան 1»-ը արտոնգրից զրկելու նախարարի որոշումը դատարանում անվավեր ճանաչելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը