Հարցազրույց

20.02.2024 15:32


Փաշինյանի հետ հանդիպման գնացած մարդկանց մեծ մասն այնքան էլ կապ չուներ հայ համայնքի հետ․ Սամվել Լուլուկյան (տեսանյութ)

Փաշինյանի հետ հանդիպման գնացած մարդկանց մեծ մասն այնքան էլ կապ չուներ հայ համայնքի հետ․ Սամվել Լուլուկյան (տեսանյութ)

Փաշինյանը փորձում էր տարբեր պատճառաբանություններ բերել ու արդարանալ, ինչպես 6 տարվա կառավարման ընթացքում է անում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ես իմ հարցերին կոնկրետ պատասխան չստացա և բավարարված չեմ, որովհետև պարոն Փաշինյանը շեղվեց իմ հարցի կոնտեքստից։ Ընդհանուր առմամբ, իմ հարցադրման մեջ ժամանակագրական փաստերի հիման վրա ներկայացված էր այն ամենն, ինչ տեղի է ունեցել նրա կառավարման ընթացքում՝ իր բոլոր ձախողումները քաղաքականության մեջ։ Ի պատասխան իմ հարցերին՝ Փաշինյանը փորձում էր տարբեր պատճառաբանություններ բերել ու արդարանալ, ինչպես 6 տարվա կառավարման ընթացքում է անում։ Փաստը մնում է փաստ, որ ամեն ինչ ձախողված է, մենք աղետի առջև ենք, ունենք հայկական երկրորդ պետության կորուստ, այսօր Հայաստանի անվտանգությունն է վտանգի մեջ, ինքը՝ Փաշինյանը, նույնպես նշում է, որ այո՛, վտանգներ կան։ Համար մեկ պատասխանատուն Փաշինյանն է»,-ասել է Լուլուկյանը։

Նա հռետորական հարց է տվել, որ եթե 2021թ․ ընտրություններին Փաշինյանն ասեր՝ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ իրեն կընտրեր։

«Ես սպասում էի պատասխանին, որ ինքը կասի՝ գիտեք, ես երկու-երեք անգամ հրաժարական տվել եմ, ու ժողովուրդը նորից ինձ ընտրել է։ Ես նշեցի, որ ժողովուրդը իրեն ընտրել է, դա ուրիշ թեմա է, բայց իրեն մանդատ չենք տվել, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Եթե 2021թ․ ընտրարշավում դիմեր ժողովրդին այդ կարգախոսով՝ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ իրեն կընտրեր։ Այդ հարցից նույնպես շեղվեց Փաշինյանը։ Նա օգտագործում է ալիևյան կլանի բոլոր թեզերն ինքնորոշման ու տարածքային ամբողջականության մասին, որն Ադրբեջանը 30 տարի շարունակ օգտագործել է, և ինքը ճիշտ ձևով չի էլ ներկայացնում»,-ասել է մեր զրուցակիցը։

Լուլուկյանի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպման գնացած, իբր հայ համայնքի ներկայացուցիչներն այնքան էլ հայ համայնքից չէին, օրինակ, ներկա է եղել փախստական Ուկրաինայից։

«Գերմանահայ համայնքի մի քանի կառույցներ չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Դրանք են Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը և անձամբ Սրբազանը։ Այնտեղ ներկա էին այնպիսի դեմքեր, որոնց ընդհանրապես չէի ճանաչում, այնտեղ ուսանողներ կային, Ուկրաինայից փախստական կար, որ նույնիսկ հարց տվեց, այսինքն՝ այնպիսի մարդիկ էին, որ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեին։ Որպես պաշտոնատար անձ՝ ներկա էր Մյունխենի հայ համայնքի ղեկավարը, որը շատ հայտնի է իր պրոիշխանական տեսակետներով, բայց հիմնականում այնտեղի գտնվողների մեծ մասը կապ չուներ համայնքի հետ»,-ասել է Լուլուկյանը։

Մեր զրուցակիցը ցավով է նկատել, որ այս օրհասական պահին՝ նույնիսկ այնտեղ գտնվողները միայն անձնական հարցեր էին տալիս, օրինակ, վիզայի կամ աշխատանքի հետ կապված։

«Հիմնականում բոլորը, կարևորագույն հարցերը թողած, անձնական հարցեր էին ուղղում՝ վիզայի, քաղաքացիության, աշխատանքի հետ կապված։ Մեր երկիրն անդունդի եզրին է կանգնած ու մարդկանց հետաքրքիր չի, որ երկրորդ հանրապետությունն ենք կորցրել ու այսօր Հայաստանն է զոհասեղանին դրված։ Մարդկանց, ցավոք սրտի, դա չի հետաքրքրում,-եզրափակել է Սամվել Լուլուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը