Լրահոս

09.11.2011 11:29


Մամուլի ազգային ակումբ. «Իշխանությունները տպագիր մամուլի դեմ խաչակրաց արշավանք են սկսել»

Զրպարտության և վիրավորանքի հանցակազմերի ապաքրեականցումից հետո տպագիր մամուլի դեմ ծայր առած արշավը Հայաստանում հանգեցրել է ազատ խոսքի էական սահմանափակումների, ըստ էության` գրաքննության վերականգնմանը, ինչի  ականատես ենք վերջին շրջանում։

Այս հանցակազմերի ապաքրեականացումը գուցե արդյունավետ և օգտակար է ժողովրդավարական կայացած պետություններում, սակայն Հայաստանի պես  ավտորիտար համակարգերում, պարզվում է, զրպարտության հանցակազմի քրեականացումն էր, որ պաշտպանում էր լրագրողներին իշխանությունների կողմից համակարգված իրավական հետապնդումներից։

Տպագիր մամուլի (մոտ ապագայում չի բացառվում նաև` տեղեկատվական, կայքերի և սոցիալական մամուլի) համար ստեղծվել է մի իրավիճակ, որ խնդրի լուծման միակ տարբերակը, ցավոք, մնում է Սահմանադրական դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննությունը։

Մամուլի ազգային ակումբը ՄԻՊ-ին կոչ է անում դատական քննության ընթացքում նախևառաջ հաշվի առնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իրավակիրառման պրակտիկան։ ՄԱԱ-ն պատահական չի համարում, որ տարբեր հանգամանքներ ունեցող և տարբեր դատավորների կողմից քննվող գործերը նույնօրինակ վճիռներով են ավարտվում։ Սա արդեն լուրջ պատճառ է զրպարտութան և վիրավորանքի հանցակազմը ապաքրեականացնող հոդվածն ամբողջությամբ հակասահմանադրական գնահատելու համար։

Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները տպագիր մամուլի դեմ խաչակրաց արշավանք են սկսել։ Այս արշավանքում պարտվողը լինելու է հասարակությունը, ապա և` հայոց պետականությունը։

Մամուլի ազգային ակումբ

Այս խորագրի վերջին նյութերը