Լրահոս

08.11.2011 16:57


Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտին շնորհվել է ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ):

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` ՀՊՃՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը բարձր գնահատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև Ճարտարագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից երախտիքի և շնորհակալության խոսքեր հղեց նախարարին ու Հնդկաստանի կառավարությանը` հայ-հնդկական կենտրոնի հիմնադրման առիթով: «Կենտրոնի բացումը Երևանում էապես կօժանդակի կրթական հաստատություններին` ՏՏ ոլորտում գործող` մասնագիտական պատրաստվածության առումով խստապահանջ ձեռնարկությունների համար բարձրորակ կադրեր պատրաստելու գործում»,- նշեց ռեկտորը:

Հանդիպման ընթացքում ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտին հանձնեց համալսարանի բարձրագույն պարգևը` ՀՊՃՀ Ոսկե հուշամեդալ:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար` Սաչին Պիլոտն ասաց, որ իրեն անչափ գոհացնում է այն փաստը, թե հայերը հին դարերից մինչ այժմ որքան են կարևորում գիտելիքը և կրթությունը: «Ներկայիս արագ զարգացող ՏՏ ոլորտը խիստ պահանջներ է դնում համապատասխան մասնագիտություններ ունեցող բուհերի և ուսանողների առջև: Ուստի պետք է օգտագործել բոլոր միջոցները և հնարավորությունները` երիտասարդներին գիտելիքներով զինելու և մրցունակ դարձնելու համար: Կարծում եմ` այս հարցում հայ-հնդկական կենտրոնը կծառայի նաև այդ նպատակին»,- ասաց պետնախարարը:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը