Հարցազրույց

14.02.2024 16:44


Ադրբեջանը որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան

Ադրբեջանը որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից հեռացվել է։ ԱԳՆ-ից վստահեցնում են, որ առաջիկայում բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում, սակայն հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Ադրբեջանը խնդիր է տեսնում, նաև այն բանում, որ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։

-Տիկին Աղաջանյան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժնի ԱԳՆ կայքէջից անհետացումը և Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը պատահակա՞ն զուգադիպության արդյունք է։

- Ես հույս ունեմ, որ Ամիրբեկովի հայտարարության, Ադրբեջանից հնչող պահանջների հետ կապ չունի։ Ուզում եմ հույս ունենալ, որ ԱԳՆ պարզաբանումը, որ տեղեկատվության թարմացման խնդիր է, իրոք, այն է, ինչ մեզ մատուցվում է։ Անհրաժեշտ է սպասել՝ տեսնել, թե ինչ տեղեկատվություն է տեղադրվելու և շատ մանրակրկիտ ուսումնասիրել այն, որպեսզի այն չհակասի պատմական իրողություններին ու մեր դիրքորոշումներին, գոնե, մինչ այս իշխանության ղեկին եղած դիրքորոշումներին։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պահանջներին՝ բնականաբար, դրանք երբեք չեն պակասելու։ Եթե մեր իշխանությունները շարունակեն իրենց հանձնվողական, պարտվողական և ամեն պարագայում զիջումների գնալու վարքագիծը, ապա սա պետք է լավ գիտակցեն։ Նման հակառակորդի հետ վարվելու մի ձև կա, հատկապես, եթե պատմական փաստերը և արդարությունը քո դիրքորոշումների համար անխախտելի հիմք են հանդիսանում, թե միջազգային իրավունքից, թե ժամանակի իրողություններից ելնելով, թե, ընդհանրապես, 30-ից ավելի տարիների ընթացքում հայկական կողմի դիրքորոշման և փաստարկված լինելու առումով։ Նման դեպքերում միակ գործելաոճը, որ կարելի է որդեգրել՝ փաստերի ճնշման ներքո ջախջախել ադրբեջանական կողմի որևէ պահանջ, որը, որպես կանոն, որևէ հիմնավորում չունի և զուտ աշխարհաքաղաքական ներկա իրողություններից օգտվելու, ինչպես նաև հայկական ղեկավարության թուլությունից օգտվելու միտում ունի։

-Բացառո՞ւմ եք, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է» ձևակերպումը դուրս կգա խմբագրված տարբերակից։

- Գործող իշխանությունների վարվելակերպը հաշվի առնելով՝ ոչինչ բացառել չեմ կարող։ Մեր դժբախտությունն է, որ այսօր մենք բացարձակ անվստահություն ունենք գործող իշխանությունների քայլերի կամ նրանց մոտիվացիայի առումով, որովհետև մենք տեսել ենք այդ խոսքերի 100 տոկոսով հակառակ իրագործումը, որը վնասել է և հարվածել թե հայ ժողովրդի, թե հայոց պետականությունների, թե Հայաստանի շահերին։ Այնպես որ՝ ես որևէ բան բացառել չեմ կարող, բայց ուզում եմ հույս հայտնել, որ իմ նախկին գործընկերները գոնե այդ հարցում զիջման չեն գնա և պատմական ու փաստական արդարությունը, իրավունքն ու իրողությունները իրենց ճշգրիտ արտացոլումը կգտնեն ձևակերպումների մեջ, որոնք տեղադրված կլինեն այդ կայքեջում։

- Տիկին Աղաջանյան, հայկական կողմն օրերս Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղամատյան, որոնք սակայն ադրբեջանական կողմն անօգուտ է համարել։ Ինչպե՞ս կարելի է հասկանալ ադրբեջանական կողմի այս պահվածքը։

- Այդ քարտեզները տրվել են Ադրբեջանին որպես տուրք՝ Ադրբեջանի բանակցային գործընթացի շարունակությունն ապահովելու նպատակով, և դա արվել է, վստահ եմ, արևմտյան կողմի ճնշումների ներքո։ Այստեղ հարց է առաջանում, եթե այդ մատյանները կամ քարտեզները անօգուտ են ադրբեջանական կողմի համար, ապա ինչու են նրանք պարբերաբար պահանջում հայկական կողմից ստանալ այդ քարտեզները։ Ցանկացած ռազմական փորձագետ կարող է ասել, որ ականապատ դաշտերի քարտեզները չեն կարող միլիմետրերի կամ սանտիմետրերի ճշգրտությամբ լինել։ Դրանք շատ հաճախ իրականացնում են հապճեպ ու պահի անհրաժեշտությունից ելնելով։ Եթե անգամ այդ քարտեզները որոշակի պատկերացում են տալիս, թե որտեղ կարող են այդ քարտեզները տեղադրված լինել, ապա դրանք շատ հեշտ կարելի է ականազերծել։ Այո, դա ժամանակ է պահանջում։ Իսկ ո՞վ ասաց, որ հայկական կամ արցախյան կողմը չպիտի պաշտպանվեր, դա միջազգային իրավունքից ելնելով իր իրավասությունների շրջանակում է եղել և ադրբեջանական կողմի փորձերը ՝ դրանք ներկայացնել որպես միջազգային իրավունքի խախտում կամ բանակցային գործընթացքում ապակառուցողական մոտեցում՝ ընդամենը մանիպուլիացիա է և հերթական ճնշում գործադրելու միջոց։ Ես ընդհանրապես դեմ կլինեի որևէ քարտեզի փոխանցման, քանի որ ցանկացած ականազերծված տարածք Ադրբեջանի համար դառնում է պլացդարմ՝ հայկական կողմի վրա հարձակումների համար, այսինքն, մենք ինքներս օգնում ենք, թե ֆինանսապես, թե ժամանակային առումով՝ մեր դեմ հերթական հարձակումների, հետևաբար հայկական կողմից հերթական զոհեր տալու հարցում։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ տուրքն այդուհանդերձ նպաստի, որ բանակցային գործընթացը շարունակվի։

- Ես դեռ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում Ադրբեջանի նախագահի չհայտնվելուց առաջ եմ նշել, որ Ադրբեջանը, բացարձակապես, ցանկացած քայլի գնալու է իրական բանակցային գործընթացից խուսափելու համար, լինի դա Արևմտյան հարթակում, թե ռուսական հարթակում։ Հատկապես, Արևմտյան հարթակում չարաբաստիկ պայմանագիր կոչեցյալից անմիջապես հետո՝ Ադրբեջանը որոշակի հանձնառություններ ունի կատարելու Իրանի հանդեպ, որոնք նա ցանկություն չունի կատարելու, քանի որ շատ լավ հասկանում է, որ ցանկացած գործողություն Իրանի հանդեպ երաշխավորված արդյունք չի կարող ապահովել։ Մինչդեռ, Ալիևը հիմա գտնվում է իր ձեռքբերումների, վարկանիշի գագաթնակետին, իր երկրի առավելագույն տարածքով, որի մասին չէր էլ կարող երազել։

Բնական է, որ այս իրավիճակում նա ցանկություն չունի դա վտանգելու, բացի այդ, այժմ աշխարհաքաղաքական իրողություններն են փոխվում և Արևմտյան բլոկը, որ եղել է այս ամենի հեղինակը և շահառուն՝ իր աշխարհաքաղաքական հեգեմոն դիրքերը վաղուց զիջել է։ Աշխարհը գնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման ճանապարհով և այս իրավիճակում Ադրբեջանը հույս ունի, որ ժամանակ ձգելով կարող է ընդհանրապես ձերբազատվել այդ հանձնառությունից, որովհետև Արևմտյան բլոկի հզորության փլուզունից հետո՝ կնվազի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը։ Բայց ես չեմ կարծում, որ այդ փլուզումը արագ տեղի կունենա։ Այո, գործընթացը կա, ճաքերը կան, բայց նման դեպքերում մի քանի տարի տևում է մինչև նման բլոկերի փլուզումը վերջնական հանգրվանին է հասնում և չեմ կարծում, որ արևմտյան բլոկը թույլ կտա Ադրբեջանի նախագահին, որ իր գրպանային կամ մորթային շահերից ելնելով ձախողել իրենց ծրագիրը, որի համար իրենք մարդկային, ֆինանսական ռեսուրսներ են ներդրել։

- Սա նշանակո՞ւմ է, որ արեւմտյան կողմն ամեն կերպ փորձելու է Ալիևին բերել բանակցային դաշտ։

- Արևմտյան բլոկի կողմից արդեն որոշակի ճնշումներ տեսնում ենք, սակայն դրանք, բնականաբար, Ադրբեջանին որևէ կերպ չեն ճնշելու, միակ միջոցը, որ կարող է որևէ կերպ ճնշում լինել Ադրբեջանի նախագահի վրա՝ դա իր անձնական ֆինանսների և պետության հանդեպ սանկցիաների կիրառումն է, որը տնտեսական և ֆինանսական մեծ հարված կհասցնի Ադրբեջանին։ Սակայն արևմուտքը տվյալ պարագայում չի գնա նման քայլերի, զերծ կմնա նման քայլերից, քանի որ հույս ունի, որ տարբեր միջոցներով կկարողանա Ադրբեջանի նախագահին ստիպելու կատարել իր հանձնառությունը։ Կարծում եմ, Ալիևը ձգելու է այս գործընթացը մինչև տարեվերջ, մինչև ԱՄն-ի նախագահական ընտրությունները; Թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում առաջիկայում ընտրություններ են լինելու և ամբողջ քաղաքական դասավորվածությունը փոխվելու է։ Այս իրավիճակում Ալիևը փորձելու է մանևրելով՝ «մի քայլ առաջ, 2 քայլ հետ» սկզբունքով, ձգձգել գործընթացը։ Այդ մի քայլ առաջի դեպքում նա հերթական պահանջներ է դնելու՝ հետ կանգնելով իր նախօրոք ձեռք բերած հանձնառությունից։ Դրա փոխարեն առաջադրելով ամենատարբեր պահանջներ հայկական կողմին՝ սահմանադրության, օրենքների փոփոխություններ, կարող է պահանջել որոշակի դիրքերից զորքերի դուրս բերում, կամ միջազգային ատյաններում հայցերից հրաժարում և այլն։ Այս պահանջներին գումարվելու են թուրքական կողմից պահանջները։ Այսինքն, անընդատ նորանոր պահանջներ են առաջ բերելու, որոնք դժգոհություն կամ անհամաձայնություն են ունենալու մեր հանրության շրջանում, քանի որ դրանք մեր ինքնության, արմատները խարխլող գործողություններ են։ Դրանով հույս են ունենալու, որ բանակցությունների ձախողման մեղքը կբարդվի հայկական կողմի վրա։ Այսինքն, մենք տեսնելու ենք՝ ադրբեջանական կողմի՝ մեզ համար ծանր պահանջների առաջադրում, հայկական կողմից, որպեսզի չդառնան բանակցային գործընթացի մեղքի կրողը՝ այդ պահանջների բավարարում, իսկ Արևմտյան կողմից ճնշում, որպեսզի հայկական կողմը բավարարի ադրբեջանական կողմի պահանջները, հույսով, որ դրանով կկարողանան Ադրբեջանին վերադարձնել իրենց գիրկը։

Այս խորագրի վերջին նյութերը