Լրահոս

07.11.2011 17:13


Հովհաննես Մարգարյան. «Շատ հաճախ ներկուսակցական հարցերը հրապարակային չեն լուծվում»

Իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներն ու փոխատեղումները կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները բնական գործընթաց են համարում ընտրությունների նախաշեմին: ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար վերջնական նպատակն ընտրություններն են և այդ ընտրություններում որոշակի քվե ունենալը:

«Նպատակահարմար գտնվեց, որ Հովիկ Աբրահամյանը պաշտոնը չվարի, այլ, որպես շտաբի պետ, ուղիղ զբաղվի իր կուսակցական ընտրական գործերով»,ասել է Սուքիաս Ավետիսյանը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետի հրաժարականին՝ նա նշել է, որ այն անսպասելի էր.

«Ոչ ոք չէր սպասում, որ քաղաքապետը դիմում է գրելու և անձնական նպատակներով հրաժարական է ներկայացնելու: Սա արդեն չի տեղավորվում նախընտրական գործընթացների շրջանակներում»- նշել է Աժ պատգամավորը:

Իսկ ՀՀԿ-ի կոալիցիոն գրծընկեր ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով հարցին՝արդյոք ՕԵԿ-ում վատ չե՞ն զգացել, որ առանց գործընկերների հետ խորհրդակցելու՝ Սերժ Սարգսյանը փոխել է ՀՀ երկրորդ պաշտոնյային, ասել է, որ դա բնական է։

«Շատ հաճախ ներկուսակցական հարցերը հրապարակային չեն լուծվում: Մենք էլ ենք շատ հարցեր քննարկում: Պարտավոր չենք այլ քաղաքական ուժերի տեղյակ պահել: Ես նորմալ եմ վերաբերվում»,–ասել է Հովհաննես Մարգարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը