Տնտեսական

01.02.2024 18:01


Իշխանությունները հարկեր քերելու քաղաքականություն են որդեգրել. Թադևոս Ավետիսյան

Իշխանությունները հարկեր քերելու քաղաքականություն են որդեգրել. Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը տարին մեկնարկել էր հարկային խստացումներ ու արտոնությունների վերացում նախատեսող մի քանի նախագծերի քննարկումով: Իշխանական այս մոտիվները շարունակում են պահպանվել. օրերս տեղեկացանք՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից՝ բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարկային քաղաքականության վերջին աժիոտաժին, նկատեց.

«Ակնհայտորեն, նախորդ տարվա վերջից սկսած՝ այս իշխանությունները հարկային արտոնությունները վերացնելու և նաև՝ հարկային ռեժիմը խստացնելու, հարկեր քերելու քաղաքականություն են որդեգրել: Մտահոգությունն այն է, որ հիմնականում վերցված են այն ուղղությունները, որտեղ որոշակի տնտեսական աշխուժություն կա, և այդ ոլորտները նպաստել են բարձր տնտեսական աճին:

Սա արվում է, քանի որ շատ լավ գիտեն՝ արտաքին պատահական գործոնը, որը բերել էր տնտեսական բարձր աճի, և որն իրենց հետ կապ չուներ, նվազում է, հետևաբար, իրենք լուրջ դժվարություններ են ունենալու 2024 թվականին՝ նախ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու առումով, և նաև՝ հարկային մուտքերն ապահովելու իմաստով, ինչը բյուջեում է դրված:

Այժմ այդ խնդիրները լուծելու համար, փաստացի, փորձում են հնարավորինս հարկային մուտքերը քերթել-տանել առավելագույնը»:

Այս համատեքստում Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց ծառայությունների ոլորտում ավելացող տուրքերի, շինարարության ոլորտին առնչվող փոփոխությունների, ավտոներկրողների հարկային բեռի էական ավելացման, փոքր ու միջին բիզնեսներին տրվող արտոնությունների վերացման մասին:

«Այժմ էլ անցել են փաստաբանական ոլորտին:

Բայց այստեղ, կարծում եմ, երկրորդ դրդապատճառը կա՝ բացի հարկային ֆիսկալ ֆունկցիայից. իրենք նաև, փաստացիորեն, թաքնված կերպով փորձում են փաստաբանական հանրույթին պատժել, որովհետև այդ ինստիտուտն իրենց քաղաքական շահերին դեմ է:

Իրականում, ոստիկանապետությանը գետնի վրա ինչ-որ չափով հակադրվող ինստիտուտներից մեկը հենց փաստաբանական հանրույթն է»,-հավելեց նա:

Ի դեպ, նա չբացառեց, որ նման տրամաբանությամբ հնարավոր է թիրախավորվեն նաև այլ ոլորտներ, որոնք «ընդդիմանալու» բնույթով են աչքի ընկնում. օրինակ, լրատվական կայքերը:

«Վստահաբար, իրենք հարկային քաղաքականության միջոցով նաև փորձում են իրենց պատժիչ գործառույթն իրականցնել»,-շեշտեց տնտեսագետը:

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքի վրա, որ իշխանությունները հետևողականորեն վերացնում են արտոնյալ ռեժիմները, ապա ամփոփելով շեշտեց՝ այս ամենը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

«Իրենց հետաքրքիր է այս պահին մաքսիմում կոմֆորտ ունենալ. հարկային մուտքերն ապահովել՝ պոպուլիստական հայտարարությունների համար, բայց թե հետո դա ի՞նչ ազդեցություն կթողնի միջնաժամկետ և վերջնաժամկետ զարգացման վրա, իրենց բացառապես չի հետաքրքրում:

Մի կողմից՝ պարտքային բեռն են ավելացնում, մյուս կողմից՝ ներդրումային միջավայրն են աղճատում հարկային այս ագրեսիվ քաղաքականությամբ, իսկ նպատակը նույնն է՝ մեկ օր ավել պահել իրենց իշխանությունը և փորձել իրենց սուտ խոստումների տակից դուրս գալ»,-պարզաբանեց նա:

Հիշեցնենք՝ Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի՝ հասնելով մինչև 2.4 տոկոսի. պատճառն աշխարհաքաղաքական ռիսկերն են՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունները, կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրները:

Համաշխարհային բանկը տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում, այդ թվում՝ Հայաստանում։ 2023 թվականը, ըստ ՀԲ-ի, կամփոփվի 7.1 տոկոս տնտեսական աճով, 2024-ը՝ 4.7, 2025-ը՝ 4.5 տոկոս աճերով:

Այս խորագրի վերջին նյութերը