Հարցազրույց

07.11.2011 15:03


Արամ Կարապետյան.

Արամ Կարապետյան.

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և նրա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, հրաժարվելով իր պաշտոնից, հայտարարել էր, թե գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու համար գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին, և կարծում է, որ դա՛ է այսօրվա առաջնահերթությունը։ Արդյոք ընտրությունները պատշաճորեն կազմակերպելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը  չէ՞, և ի՞նչ է սա նշանակում՝ Միքայել Մինասյանը փաստացի  աշխատելու է որպես ԿԸՀ նախագա՞հ։

–Իմ կարծիքով Միքայել Մինասյանը նկատի է ունեցել, որ ինքն ուզում է ընտրությունները կազմակերպել այնպես, որ դրանք չանցնեն այնպես, ինչպես միշտ։ Քանի որ Հովիկ Աբրահամյանը երկու ընտրության շտաբի պետ է եղել, և ընտրություններն անցել են այնպես, ինչպես բոլորս տեղյակ ենք, նա կարծիք է հայտնել, որ ինքը  կգնա, և ավելի լավ կանցնեն ընտրությունները։ Երևի հիշում եք, որ «Վիկիլիքս»–ում էր գրված, որ Միքայել Մինասյանը խոսք է տվել, որ  ընտրություններն այս անգամ կանցնեն լավ։

–Իսկ  դա հավանակա՞ն է։

–Եթե ամեն ինչ այսպես գնա մինչև վերջ, ապա ընտրություններն անցնելու են շատ ավելի վատ, որովհետև նախ և առաջ բավական հստակ հասկանալի է, որ Հայաստանում իրավիճակը գնալով վատթարանում է թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական առումներով։ Մենք ունենալու ենք մեր՝ քաղաքական գործիչների ամենամեծ դժբախտությունը՝ ապատիան։ Իսկ սա նշանակում  է՝ ընտրություններին շատ քիչ թվով մարդիկ են գալու, դա էլ նշանակում է ընտրությունների դեգրադացում, իսկ դեգրադացման ժամանակ սկսվում է վատթարագույնը։

–Իսկ եթե իրավական տեսանկյունից ենք նայում, ապա Միքայել  Մինասյանի  հայտարարությունը, թե գնում  է ընտրությունները  պատշաճորեն կազմակերպելու, արդյոք հակաօրինական չէ՞։

–Եթե դուք դա դիտում եք ընդհանուր ընտրությունները կազմակերպելու ծիրի մեջ, ապա ճիշտ եք։ Բայց ես կարծում եմ, որ դա ՀՀԿ–ի ընտրությունները կազմակերպելուն էր վերաբերում։ Բայց և այնպես, իհա՛րկե, այս տեսանկյունից եթե նայում ենք, ապա խախտում է, բայց մեր  երկրում սա, ինչպես ասում են, «մինիմալ» խախտում է (ծիծաղում է,–«7օր»)։ Մեր  երկրում եթե վարչապետը կարող է կանգնել և մնացած  կուսակցություններին ասել՝ ով մեզ հետ չէ, կոտրած տաշտակի առջև կկանգնի, այսինքն՝ ով մեզ հետ չպայմանավորվի, ոչինչ չի ստանա, դրանից ավելի ի՞նչ եք ուզում։ Երկրի թիվ երրորդ մարդը կանգնում ու ասում է՝ ով մեզ հետ չէ, նա ընդհանրապես կարող է քաղաքականությամբ չզբաղվել, էլ ի՞նչ եք ուզում ինչ–որ ադմինստրացիայի ղեկավարի տեղակալից, փեսան լինի, թե տղան։ Երկրի թիվ երրորդ մարդը  կանգնում ասում է՝ երկրում քաղաքական գործընթաց ընդհանրապես չկա, իսկ դուք ասում եք, թե Միքայել Մինասյանն օրենք է խախտել (ծիծաղում է–«7օր»)...։

–Շատերը նշում են, որ նախընտրական շտաբի ձևավորումը տեղի է ունենում թեկնածուների  գրանցումից հետո, ի՞նչ եք կարծում՝ խախտո՞ւմ է, երբ այսօրվանից ՀՀԿ–ն արդեն հայտարարում է շտաբների  ձևավորման մասին։

–Այս հարցին կարելի  է պատասխանել քաղաքական և իրավական տեսանկյունից։ Քաղաքական մասն այն է, որ ես կարծում եմ՝ մի պահ Սերժ Սարգսյանը  պատրաստվում է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ նախագահական, ոչ թե խորհրդարանական։ Բայց երևի ինչ–որ պահից հետո (հիմա՝ մի երկու օր առաջ), իմ կարծիքով, այդ իդեայից սկսում են հետ կանգնել։

–Իսկ իրավական մասո՞վ։

–Դե այն, որ մարդիկ հայտարարում են, թե գնում են շտաբ ձևավորելու, նորմալ է։ Շտաբը դեռ ձևավորված չէ, դեռ հաստիքներ չկան, փող հավաքելը չի սկսվել, ու այստեղ չի կարելի արձանագրել, թե խախտում կա։ Մարդիկ ասում են, թե շտաբ են ունենալու, ու շտաբի պետն էլ սա է։

–Բայց չէ՞ որ մարդիկ ազատվում են իրենց պաշտոններից ու աշխատանքից և գնում այնտեղ աշխատելու, այսինքն՝ շտաբ կա։

–Դե շտաբը կարող է լինել միշտ։ Շտաբում մարդիկ կարող են աշխատել, իսկ նախընտրական շտաբը կձևավորվի օրենքով, կհայտարարվի, որ արդեն հաշիվ է բացվել և այլն։ Եթե շատ իրավական տեսանկյունից նայենք, ապա, իհարկե, նման բան հայտարարելը ճիշտ չէ, բայց նորից եմ կրկնում՝ իշխանությունը հիմա ցայտնոտի մեջ է. փորձում է մի քանի հարց լուծել, բայց  չի ստացվում։ Անում, անում, անում են, բայց չի ստացվում։ Մարդիկ են փոխում, փեսաներ են հանում, ինչ–որ գործընթացներ են բերում, էլի դաշտը չի ակտիվանում, այն մարդկանց հարցերն են լուծում, ովքեր կարող են ինքնուրույն խաղալ, բայց որևէ ձևով արտահերթի գնալը չի ստացվում։ Իսկ ամենավատն այն է, որ Հայաստանում տնտեսական վիճակը գնալով վատանում է։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը