Լրահոս

04.11.2011 16:15


ՀՀԿ պատգամավոր. «Յուրաքանչյուր պաշտոնյա իր գործով է ապացուցում իր հավատարմությունը»

ՀՀԿ պատգամավոր. «Յուրաքանչյուր պաշտոնյա իր գործով է ապացուցում իր հավատարմությունը»

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, ինչպես նաև շատ ՀՀԿ–ականներ «7օր»–ի հետ զրույցում խոստովանել են, որ տեղյակ չեն եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականից։

–Այնուամենայնիվ, տեղյակ չեմ եղել, և դա բնական է։ Ինչպե՞ս կարող էի տեղյակ լինել մի բանից, որը կապված է ՀՀ նախագահի որոշման ու նաև կոնկրետ տվյալ պաշտոնյայի որոշման հետ։ Իսկ զարմանալու կամ անակնկալի գալու կապակցությամբ ասեմ, որ վերջին շրջանի փոփոխություններից հետո արդեն չես զարմանում կամ անակնկալի չես գալիս,–ասել  է նա։

Հարցին, թե ԱԺ նախագահն իր հրաժարականի մասին տված հարցազրույցում նշել էր, որ իր այդ որոշմամբ ու հրաժարականով իր հավատարմությունն է ապացուցում Սերժ Սարգսյանին, իսկ  Արտակ Դավթյանն ինչի՞ է պատրաստ  իր հավատարմությունն ապացուցելու համար, ՀՀԿ պատգամավորը պատասխանել է, որ  ինքը Հովիկ Աբրահամյանի նման հայտարարությանը ծանոթ չէ։

–Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես նրան, թե մարդ ինչքանով է հավատարիմ, ինչքանով՝ ոչ հավատարիմ, ասեմ, որ յուրաքանչյուր  մարդ, յուրաքանչյուր  պաշտոնյա առաջին հերթին ինքն իր գործողություններով  է ապացուցում իր կարողությունները, իսկ այդ կարողությունների գնահատականը տալիս է կոնկրետ այն թիմը կամ թիմի ղեկավարը, որի  անդամն է տվյալ պաշտոնյան կամ քաղաքական գործիչը, և այս հարցն ու հարցի պատասխանը ես այդ դաշտում կդիտարկեի։ Մենք գործում ենք, իսկ մեր գործի գնահատականը պետք է տա կոնկրետ  թիմի ղեկավարը,–ասել է նա։

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ապացուցելու բան ունե՞ր, Արտակ Դավթյանը պատասխանել է.

–Այդ հարցին ի՛նքը պետք է պատասխանի,–ընդգծել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը