Հարցազրույց

16.01.2024 20:50


«Եթե հնարավոր արտահերթ ընտրություններում նախկին-ներկա կեղծ թեման դուրս մնա օրակարգից, ապա Նիկոլ Փաշինյանը կպարտվի». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Եթե հնարավոր արտահերթ ընտրություններում նախկին-ներկա կեղծ թեման դուրս մնա օրակարգից, ապա Նիկոլ Փաշինյանը կպարտվի». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ավարտված գործիչ է. եթե մինչև հիմա նա մեր հանրության շատ փոքր հատվածին կարողացել էր հավատացնել, թե Արցախն Ադրբեջանին տալով՝ Հայաստանի համար կարելի է ստանալ խաղաղ և անվտանգ միջավայր, կամ, իր ձևակերպմամբ, Ալիևից Հայաստանի կադաստրի թուղթը, ապա, օրերս Գավառում խոստովանեց՝ ամբողջությամբ տապալել է իր քաղաքականությունը, մարդկանց ասաց՝ փրկվեք, ով ինչպես կարող է, որովհետև Հայաստանը կանգնացրել է նոր պատերազմի և նոր ցեղասպանության խնդրի առաջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի կողմից բանակցային գործընթացի տապալման և Հայաստանին սպառնացող վտանգների հերթական բացահայտումների մասին, նման տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ալիևն այս տրամաբանությամբ կհասնի նաև Երևան, իսկ Փաշինյանը և ՔՊ-ականները զբաղված են նրա համար փաստաբանություն անելով»,-ասաց Թևանյանը։

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանգստացնում է քաղաքացիներին՝ ասելով, եթե Ալիևը հիմա խոսում է Ջերմուկի մասին, մենք էլ ժամանակին խոսում էինք Նախիջևանի և Արցախի մասին, Թևանյանն արձագանքեց.

«Ալեն Սիմոնյանը մեսիջներ է ուղարկում Ալիևին և ասում՝ եթե Հայաստանում ուզում ես ավելի թրքամետ գործիչ, քան Փաշինյանն է, ապա դա ես եմ։ Սիմոնյանը մտածում է, որ եթե Փաշինյանն իրեն դուշով զոհաբերի, Ալիևից աջակցություն կարող է խնդրել»։

Թևանյանի մեկնաբանությամբ՝ Փաշինյանը Գավառում խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ տապալել է իր քաղաքականությունը, ուստի ՔՊ-ականներին պետք է տրվի հնարավորություն խորտակվող նավը լքելու և փրկելու Հայաստանի նավակը։

«Փլատակների տակ պետք է թողնել միայն Փաշինյանին, չէ՞ որ ինքը արյան գետեր առաջացնող, խժդժություններ հրահրող և դեպքի վայրից ծլկող մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը։

«Մայր Հայաստան» շարժման ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը վերածվում է փլատակների, քանզի դարձել է ռազմական թատերաբեմ, մնացել առանց դաշնակիցների՝ չստանալով իրատեսական անվտանգային երաշխիքներ Արևմուտքից, որը, ի դեպ, Արևմուտքը երբեք Հայաստանին չի էլ խոստացել։

«Փաշինյանի տապալած քաղաքականությունից մենք պետք է դուրս գանք՝ գիտակցելով, որ խորտակվող նավակում իրար միս ուտելն արդեն ծիծաղելի է։ Դա նաև ընդդիմությանն է վերաբերում։ Միմյանց հանդեպ ատելությունն ավելի քիչ պետք է լինի, քան Հայաստանի նկատմամբ սերը»,-ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը