Լրահոս

04.11.2011 13:15


ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Մենք բոլորս պետք է ապացուցենք, որ հավատարիմ ենք մեր նախագահին»

ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Մենք բոլորս պետք է ապացուցենք, որ հավատարիմ ենք մեր նախագահին»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ ՄիքայելՄինասյանի հրաժարականը և ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ նշանակվելը պայմանավորում է առաջիկա ընտրությունները լավ անցկացնելու և այդ ուղղությամբ իրենց ուժերը կենտրոնացնելու միտումով։ «7օր»–ի հետ զրույցում Գ. Սահակյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ Միքայել Մինասյանը գնում է վերահսկելու Հովիկ Աբրահամյանին.

–Շտաբի պետ լինելը չի նշանակում շտաբի կառուցվածք։ Ձևավորվում է նաև շտաբը։ Այսինքն կլինեն մարդիկ՝ 10-15 հոգի, ովքեր տարբեր դերակատարումներ կունենան։ Իսկ շտաբի անդամներից շատ բան է կախված,–ասել է Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ իր հրաժարականով Սերժ Սարգսյանին ապացուցեց  իր հավատարմությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է.

–Քաղաքական թիմում շատ կարևոր է ոչ թե իմ, սրա, նրա, մի ուրիշի մարդ լինելը, այլ ընդհանրապես հավատարմությունը։ Մենք բոլորս պետք է ապացուցենք, որ հավատարիմ ենք մեր գործին, կուսակցության նախագահին, կուսակցության խորհրդին։

–Իսկ անձամբ Դո՞ւք ինչի եք պատրաստ ապացուցելու համար ձեր հավատարմությունը Սերժ Սարգսյանին։

–Գիտեք ես իմ հավատարմությունն այնքանով եմ ապացուցում, որքանով, որ կամ։

–Հովիկ Աբրահամյանն այդքան չկա՞ր, որ ապացուցելու խնդիր ուներ։

–Բառախաղերի ենք գնում...Հովիկ Աբրահամյանի խոսքն ընդհանուր բովանդակությունից զատել՝ ինչ-որ բաներ ցույց տալու, գտնելու համար, իհարկե արդեն մասնագիտություն է դարձել, ոչ թե լրագրողների, այլ ընդհանրապես քաղաքական թիմերի։ Մենք բոլորս էլ ամեն օր ամբողջ թիմով փորձում ենք մեր հավատարմությունն ապացուցել։ Որովհետև հավատարմությունը մեկ բառ է, բայց բավականին լուրջ բովանդակություն ունի։ Հենց այնպես հավատարիմ ասելով, երբեք բովանդակության չես հասնի։ Ինչքան շատ հավատարմության գործոններ քեզ մեջ ունենաս և ցուցաբերես, այնքան կհզորանա ամբողջական թիմը,–«7օր»–ի հարցերին պատասխանել է Գ. Սահակյանը՝ նկատելով, որ ՀՀԿ–ի խնդիրը հաղթելը չէ, այլ լավ ընտրություններ անցկացնելու բոլոր հնարավորությունները կան.

–Դրա համար էլ հենց կարևորն այն է, որ մեկս մյուսին շատ պետք է հավատանք։ Մինչև մենք մեկս մյուսին շատ չհավատանք, ժողովուրդը ո՛չ մեզ կհավատա, ո՛չ էլ իրականությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը