Լրահոս

09.12.2011 22:33


Ծրագրային առաջարկներ ԲՀԿ-ին

Մոտեցող ԱԺ ընտրությունները փորձություն են լինելու ոչ միայն քաղաքական ուժերի համար, այլև ընտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող մարդկանց, որոնց մեծամասնությունն այդպես էլ չի կարողանում մասնակցել ընտրություններին` ընտրատեղամասերի անմատչելիության պատճառով: Հանրապետության ընտրատեղամասերը մինչ այսօր 85 տոկոսով անմատչելի են հաշմանդամների սայլակների համար:

Այս խնդիրն ամեն ընտրությունից առաջ քննարկվում է, հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն օգտագործում են ամեն առիթ` հարցին լուծում տալու համար: Այսօր այդ կազմակերպություններից մի քանիսը հավաքվել էին` իրենց առաջարկը ներկայացնելու “Ծրագրային առաջարկներ  “ Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը ” քաղաքացիական նախաձեռնությանը: Վերջինս ամիսներ առաջ սկսել է հավաքել հասարակական տարբեր կառույցների և խմբերի կողմից ներկայացվող առաջարկները` դրանք ԲՀԿ-ին ներկայացնելու և հավանության արժանանալու դեպքում` կուսակցության ծրագրում ներառելու նպատակով:

Այսօրվա հանդիպմանը ՀԿ-ներն ու «Ծրագրային առաջարկներ» նախաձեռնությունը վավերացրին համագործակցության հուշագիր: Այս փաստաթղթի համաձայն` կազմակերպությունները պետք է կազմեն համալիր առաջարկ, ծրագիր, որը կարտացոլի հաշմանդամների խնդիրները ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ կենսագործունեության տարբեր ոլորտներում:

Էլինար Վարդանյանը, որը “Ծրագրային առաջարկներ” քաղաքացիական նախաձեռնության համակարգողն է, հատուկ նշեց, որ միջոցառումը չունի քաղաքական բնույթ, և խնդիրը միայն այս ոլորտին ավելի խորքային մոտեցումն է, որը թույլ կտա կուսակցության նախընտրական ծրագրում սոցիալական այս խմբի խնդիրն ավելի հիմնավոր ու փաստարկված ներկայացնել:

Որպես առաջին քայլ` հուշագրին միացած կազմակերպությունները նամակ ուղղեցին Գագիկ Ծառուկյանին` խնդրելով «աջակցել ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցմանը, ինչը կբարձրացնի ՀՀ-ում ընտրատեղամասերի մատչելիության մակարդակը և հնարավորություն կտա հաշմանդամ անձանց, բոլորի հետ հավասար պայմաններում, իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը»: Ի դեպ, ամեն 20 թեքահարթակի կառուցումը բարձրացնում է ընտրատեղամասերի մատչելիությունը 1.1%-ով:

Հուշագրին, որը բաց է նաև այլ ցանկացողների համար, միացել են  “Հաշմանդամների “Փարոս” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն”, “Դեբեդ”, “Շուշան”, “Նուռ ” հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն”, “Թալին հույս”, “Ողջի” հասարական կազմակերպությունները:

Այս խորագրի վերջին նյութերը