Տնտեսական

29.12.2023 21:32


Ֆինանսական միջոցների արտահոսքը շեշտակի ավելացել է

Ֆինանսական միջոցների արտահոսքը շեշտակի ավելացել է

168.am-ը գրում է. Վերջին երկու տարիներին Հայաստանը հայտնվել է ֆինանսական մեծաքանակ հոսքերի մեջ։ Դրսից մեծ գումարներ են գալիս, որոնք իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում հատկապես մի շարք ոլորտներում արձանագրվող բարձր աճերի վրա։ Սակայն միշտ չէ, որ այդ հոսքերը մնում են Հայաստանում։

Այս տարի էլ Հայաստանից ֆինանսական միջոցների ահռելի արտահոսք է եղել։ Նույնիսկ ավելի շատ, քան եղել էր անցած տարի, երբ արտահոսքի ռեկորդային տեմպեր արձանագրվեցին։ Այս տարի այդ ռեկորդներն էլ են գերազանցվել։

Տարեսկզբի տասն ամիսներին Հայաստանից դուրս է եկել ավելի քան 3,3 մլրդ դոլար։ Սա 1,3 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նախորդ տարի Հայաստանից դուրս էր եկել 2 մլրդ դոլարի կարգի գումար։

Այս տարի գումարների արտահոսքը շեշտակի ավելացել է՝ 65 տոկոսով:

Ավելացել է՝ ինչպես զուտ առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային գումարների արտահոսքը։

Եթե առևտրային փոխանցումների դեպքում այդ աճը գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, ապա ոչ առևտրային փոխանցումների ակտիվացումը խիստ մտահոգիչ է։ Դրանք գումարներ են, որոնք քաղաքացիները հանում են երկրից։

Սա, այլ կերպ, ֆինանսական միջոցների փախուստ է, որը տեղի է ունենում Հայաստանից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ մեծ թվով քաղաքացիներ շարունակում են լքել երկիրը, տեղափոխվել և հաստատվել այլ երկրներում։ Նրանք գնում են՝ տանելով նաև իրենց գումարները։

Հիշեցնենք, որ ամենաթարմ տվյալներով, այս տարի Հայաստանի քաղաքացիների ելքերը 24,5 հազարով գերազանցել են մուտքերին։ Այսինքն՝ այդքանով ավելի շատ գնացել են, քան վերադարձել։ Գնացածների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ընդհանրապես են հեռացել՝ հանելով իրենց միջոցները։

Ֆինանսական միջոցների արտահոսքը երբեմն էլ այլ պատճառներ ունի։

Մարդիկ Հայաստանում իրենց գումարները ոչ միշտ են անվտանգ ու պաշտպանված համարում։ Ուստի գերադասում են հանել երկրից և ավելի անվտանգ վայր տեղափոխել։ Այնպես, ինչպես եղավ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում, երբ մեծ գումարներ դուրս բերվեցին Ռուսաստանից, որոշ քանակություն հայտնվեց նաև Հայաստանի բանկերում։ Հետո, իհարկե, դրանց մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, գուցե և վերադարձավ։

Գումարների արտահոսքը ցանկացած պարագայում բացասական երևույթ է, ինչն ուղղակի կապ ունի տվյալ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ամենակարևորը՝ անվտանգային միջավայրի հետ։

Այն, որ Հայաստանից ոչ առևտրային նպատակներով հարյուր-միլիոնավոր դոլարներ են գնում, լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Հիմա արտահոսքը նույնիսկ անհամեմատ ավելին է, քան նախկինների օրոք, երբ այդքան քննդատում էին իշխանություններին ու նրանց մերձակա շրջապատին՝ Հայաստանը թալանելու, գումարները դուրս տանելու մեջ։

Պատկերացրեք՝ այս տարի Հայաստանից ոչ առևտրային նպատակով դուրս է բերվել 365 մլն դոլար, իսկ ասենք՝ 2017թ. նույն ժամանակահատվածում արտահոսքը կազմել էր շուրջ 245 մլն դոլար՝ 120 միլիոնով քիչ, քան հիմա։

Գումարների արտահոսքն այս ընթացքում գրեթե 49 տոկոսով ավելացել է։

Տեղի է ունենում ֆինանսական միջոցների փախուստ, ինչը նկատելի է նաև վերջին տարիների կտրվածքով։ Համեմատության համար ասենք, որ, օրինակ՝ 2019թ. տարեսկզբի տասն ամսում Հայաստանից դուրս էր գնացել 260 մլն դոլար։ Այս տարի դուրս եկած գումարը 100 միլիոնով ավելին է։

Գուցե շատերի մոտ տպավորություն ստեղծվի, որ նկատվող արտահոսքի ակտիվացումը կապված է դրսից եկած գումարների ավելացման հետ։ Բայց ի հեճուկս այդպես մտածողների, պետք է ասենք, որ ոչ առևտրային փոխանցումները Հայաստան այս տարի ավելի քիչ են եղել, քան նույնիսկ 2017թ.։ Ու այդ պարագայում արտահոսքը 49 տոկոսով ավելին է եղել։

Թե ինչո՞ւ է այսպես, պատճառները պետք է փնտրել իշխանությունների գործողությունների ու իրականացրած քաղաքականության մեջ։

Եթե անցած տարի ոչ առևտրային նպատակներով Հայաստանից դուրս էր եկել 339 մլն դոլար, այս տարի այդ գումարը հասել է 365 միլիոնի։

Գրեթե 26 մլն դոլարով ավելի շատ գումար է դուրս եկել։ Եվ դա տեղի է ունեցել ոչ առևտրային հոսքերի հսկայական նվազման պայմաններում։ Դրսից Հայաստան ուղարկված մաքուր տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ մեծապես կրճատվել են։ Բանկային համակարգով 524 մլն դոլարով ավելի քիչ այդպիսի գումար է մտել, քան անցած տարի։ Ընդհանուր հոսքը կազմել է 1,1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա ավելի քան 1,6 միլիարդի դիմաց։

Մաքուր տրանսֆերտներն այս տարվա ընթացքում կրճատվել են գրեթե 32 տոկոսով։ Փոխարենը՝ արտահոսքը 7,6 տոկոսով ավելի շատ է եղել։

Հայաստանից դուրս եկած 365 մլն դոլարից 142 միլիոնը գնացել է Ռուսաստան։

Սա ընդհանուր արտահոսքի ամենամեծ բաժինն է՝ գրեթե 39 տոկոսը։ Բայց դրանով հանդերձ, Հայաստանից Ռուսաստան տեղափոխվող գումարները կրճատել են, ինչը, բնականաբար, կապված է՝ ինչպես Ռուսաստանում պատերազմական վիճակի, տնտեսական պատժամիջոցների, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։

Անցած տարի Ռուսաստանի բաժինը Հայաստանից գնացած գումարների մեջ հասնում էր 47 տոկոսի։ Ոչ առևտրային արտահոսքը կազմել էր 159 մլն դոլար։

Ի տարբերություն Ռուսաստանի, ֆինանսական միջոցների արտահոսքի կտրուկ ակտիվություն է արձանագրվել դեպի Միացյալ Նահանգներ։

Եթե անցած տարի ոչ առևտրային նպատակով Հայաստանից ԱՄՆ էր տեղափոխվել նույնիսկ 32 մլն դոլարից քիչ գումար, ապա այս տարի այն անցնում է 58 միլիոնից։

Գումարների արտահոսքը Միացյալ Նահանգներ 26 միլիոնով ավելացել է։ Աճը գերազանցում է 81 տոկոսը։ Եվ սա առևտրային արտահոսք չէ։

Ոչ առևտրային փոխանցումների կտրուկ աճ է գրանցվել նաև դեպի ԱՄԷ։

Գումարների արտահոսքն այս երկիր 4,1 անգամով ավելացել է և անցած տարվա ընդամենը 2,7 մլն դոլարից հասել է գրեթե 11,1 միլիոնի։

Ակտիվ է եղել արտահոսքի տեմպը նաև դեպի Շվեյցարիա։ Նախորդ տարվանից 4 անգամով ավելի շատ ոչ առևտրային հոսքեր են արձանագրվել. նախորդ տարի դրանք կազմել էին 1,3 մլն դոլար, այս տարի հասել են 5,5 միլիոնի։

Ավելի քան կրկնապատկվել են Կանադա ուղևորված գումարները։ Կրկնապատկվելու մոտ են եղել Մեծ Բրիտանիա կատարված ոչ առևտրային արտահոսքերը։

Թե ինչո՞ւ են գնացել այս գումարներ, ովքե՞ր են դրանք հանել և ի՞նչ նպատակներով, այլ հարց է։ Բայց փաստ է, որ Հայաստանից տեղի է ունենում ֆինանսական միջոցների ակտիվ արտահոսք։ Եվ դա ամենևին էլ միայն առևտրային նպատակով կատարվող փոխանցումներին չի վերաբերում։ Ակտիվացել են նաև ոչ առևտրային արտահոսքերը, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց գումարները Հայաստանից դուրս են բերում։

Այս խորագրի վերջին նյութերը