Լրահոս

02.11.2011 16:37


Հովհաննես Սահակյան. «Երբ մի պաշտոնյա երկար է պաշտոնավարում, դառնում է ստանդարտային»

Հովհաննես Սահակյան. «Երբ մի պաշտոնյա երկար է պաշտոնավարում, դառնում է ստանդարտային»
ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին (Ալիկ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան)՝ ասել է, որ պետականաշինության գործում այս ամենը նորմալ գործընթաց է։

–Ոչ մի անձ ու պաշտոնյա հավերժ չի կարող մնալ իր պաշտոնում և նման որևէ պայմանագիր չունի ո՛չ  կուսակցության ղեկավարի, ո՛չ  երկրի ղեկավարի հետ։ Դրանք որոշակի փոփոխություններ են։ Դա կարող է տալ դրական արդյունք, քանի որ եթե մի պաշտոնյա երկար է սկսում պաշտոնավարել, դառնում է ստանդարտային, և էնտուզիազմի ինչ–որ ջղեր նվազում են,–ասել է նա։

Հարցին՝ հիմա ի՞նչ՝ Ալիկ Սարգսյանի էնտուզիազմն ու ջղերը նվազե՞լ են, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, որ չի ցանկանում որևիցե մեկին, առավել ևս՝ Ալիկ Սարգսյանին, վիրավորել։

–Եթե հիշողությունս չի դավաճանում, տարիուկես, երկու տարի առաջ մամուլը և քաղաքական տարբեր շրջանակներ քննարկում էին, որ լինելու է փոփոխությունների շարք, երկիրը առաջ պետք է շարժվի և այլն, և այլն։ Եթե, ասենք, սա լիներ մեկ ամսից կամ մեկ ամիս առաջ, ի՞նչ տարբերություն կլիներ,–ասել է նա։

Հարցին՝ իսկ ներիշխանական  խնդիրներ չկա՞ն, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, որ չի կարծում, թե նման խնդիր կա։

–Պարոն Աբրահամյանը, լինելով կուսակցական, տարբեր պաշտոններ է զբաղեցրել, ինչպես նաև  նախընտրական շտաբ ղեկավարել։ Այսօր իրեն առաջարկվել է զբաղեցնել կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը, և նա իր իսկ նախաձեռնությամբ որոշել է (նաև հարգում ենք իր որոշումը) փոխարինել քաղաքական պաշտոնը՝ իր բոլոր ուժերը ներդնելու, որ կարողանանք ժողովրդավարական բոլոր նորմերին համապատասխան նորմալ ընտրություններ անցկացնել,–ասել է նա։

Հարցին, իսկ «նախընտրական շրջանակներում» հնարավո՞ր են էլի պաշտոնափոխություններ, Հովհաննես Սահակյանը պատասխանել է՝ պաշտոնափոխություններ միշտ էլ հնարավոր են։

–Իսկ շարքի շարունակության մասին չեմ կարող ասել, քանի որ  ՀՀԿ–ում նման հարց դեռ չի քննարկվել։ Եթե լինի էլ, միանշանակ կարող եմ ասել, որ դա քմահաճույքից ելնելով չի լինում,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը