Հարցազրույց

02.11.2011 15:05


Հովիկ Աբրահամյան.

Հովիկ Աբրահամյան.

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

- Ինչո՞ւ որոշեցիք ինքնակամ հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

- Մեր քննարկումների արդյունքում նախագահի հետ որոշում կայացրեցինք նախագահը առաջարկեց, որ ես ղեկավարեմ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, որը ես շատ եմ կարեւորում մի քանի տեսակետից:

- Առաջինը` երկրի, Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է, որ 2012 թվականի ընտրությունները լինեն արդար թափանցիկ, ազնիվ: Սա մեզ համար քննություն է, քանի որ մենք` ե'ւ նախագահը, ե'ւ բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը: Հայաստանի իշխանությունները եվրոպական կառույցների` Եվրամիության, Եվրախորհրդարանի, միջազգային կազմակերպությունների հետ հիմա շատ ակտիվ համագործակցում են, եւ սա մեզ համար փորձաքար է, որ նոր Ընտրական օրենսգիրք ունենալու պայմաններում ընտրություններ լինեն շատ թափանցիկ, ազնիվ եւ արդար: Եթե չլինեն, ապա այս չորս տարիների աշխատանքները լցվելու են ջուրը: Եվ ես նաեւ այս քայլով որոշ իմ կուսակից ընկերների, որոշ քաղաքական գործիչների համար ուզում եմ օրինակ ծառայել, որ պաշտոնին, աթոռին կառչած չեմ, եւ ինձ համար դա ինչ-որ տեղ չափանիշ չէ, որ լինեմ Հանրապետական կուսակցության անդամ կամ դրանով չէ, որ ես պետք է նախագահին նվիրված լինեմ:

Նախագահը, կուսակցությունը եւ ես նույնպես, ելնելով փորձից, կարեւորում ենք նախընտրական շտաբի կարեւորությունը, դրա համար ես չեմ ուզում համատեղել այս երկու աշխատանքը, չեմ ուզում նաեւ ստվեր գցել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի վրա եւ ինչ-որ տեղ գտնում եմ, որ կուսակցության, մեր թիմի համար կարեւոր է 2012 թվականի ընտրությունների արդյունքը:

Եվ գտնում եմ, որ ճիշտ է այնտեղ աշխատեմ եւ իմ բոլոր ուժերը նվիրեմ այդ աշխատանքին: Սա է, ուրիշ որեւէ այլ նպատակ չկա: Եվ նորից եմ ասում, ես ուզում եմ ապացուցել, որ աթոռից կառչած չեմ, ես կարող եմ առանց ԱԺ-ի նախագահ լինելու կառավարել, ղեկավարել շտաբը եւ հաջողություններ ունենալ:

-Ինչո՞ւ հենց հիմա, չէ՞ որ դեռ 5 ամիս ժամանակ կա մինչեւ խորհրդարանական ընտրությունները:

-Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց եւ քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են:

Այս հինգ ամիսը, իմ կարծիքով, երկար ժամանակ չէ, նույնիսկ կարճ է շտաբներ ձեւավորելու համար: Դա ոչ միայն կենտրոնական շտաբի խնդիրն է, այլ 900-ից ավելի համայնքներում պետք է շտաբներ ձեւավորենք: Դա մեծ, երկարատեւ պրոցես է:

Դուք չեք մոռացել, որ ես երկու կարեւոր շտաբ եմ ղեկավարել` 2007-ի խորհրդարանականը եւ 2008-ի նախագահականը: Եվ ես շատ լավ եմ պատկերացնում այդ աշխատանքը: Եվ ամենակարեւորը, ուզում եմ ֆիքսվենք այս գաղափարի վրա, դա ես նաեւ այդ ամբողջ գործընթացի ժամանակ եմ հնչեցնելու, որ բոլոր քաղաքական ուժերը միասին, եթե մտածում ենք մեր երկրի, իշխանության, Հայաստանի Հանրապետության իմիջի մասին, որպեսզի հիմնավորենք եւ բերենք ավարտական տեսքի` որպես ժողովրդավարական երկիր ձեւավորելու գործընթացը, մենք պետք է 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները անցկացնենք արդար, թափանցիկ եւ ազնիվ:

-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը այս կերպ մեկուսացրեց եւս մեկ գործչի, որը ավելի մտերիմ եւ լավ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի թիմի եւ նրա հետ, այսպիսով տապալելով նրա ներպալատական հեղաշրջման փորձը։

-Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը ավելի բարձր պաշտոն է այս պրոցեսում, կամ գոնե այս ժամանակահատվածում, քան Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Կարող էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ավարտվեր եւ վերջանար։ Բայց ինչքան էլ չկարեւորեք շտաբի ղեկավարի անձը, իր դերակատարությունը, մեկ է՝ շատ կարեւոր է։ Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր։

Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին՝ Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք։ Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ – Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին եւ հիմա էլ։ Այնպես որ սա կապ չունի մեկը մյուսի հետ։

Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ եւ աթոռից կառչելով չեմ ուզում կարեւորեմ իմ դերակատարությունը։ Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ ես համաձայնել եմ։ Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է։ Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է եւ կուսակցությունը ինձանից ինչ ակնկալիք ունի։ Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը։ Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար։

-Ամսի 14-ին եք ներկայացնելո՞ւ հրաժարականը։

- Կանոնակարգ օրենքի համաձայն նիստի օրը ես պետք է հրաժարականը ներկայացնեմ։ Կներկայացնեմ, եւ դրանից հետո 5 օրվա ընթացքում եթե հետ չեմ վերցնում իմ հրաժարականը, դա համարվում է ընդունված։

-Տխրությամբ չե՞ք հեռանում։

- Ոչ, չե՞ք զգում իմ տրամադրությունը ինչքան բարձր է։ Եթե հիշում եք ես 2007 թվականին եղել եմ պառլամենտական ընտրությունների շտաբի ղեկավար, հետո 2008-ին նախագահի շտաբի ղեկավար։ Դրանից հետո ես նույնիսկ իմ փոխվարչապետի պաշտոնը չեմ պահպանել, այլ գնացել եմ աշխատակազմի ղեկավար նախագահի մոտ։ Այնպես որ, դրանք քաղաքական գործընթացներ են, որոնց պետք է միշտ պատրաստ լինել։ Եվ ես որևէ կորուստ կամ ինձ համար նսեմացնող քայլ չեմ տեսնում։ Եթե կուսակցությունը մտածում է, որ սա կարեւոր է՝ ես գնում եմ այս կարեւոր գործը անելու։

Այս խորագրի վերջին նյութերը