Լրահոս

02.11.2011 14:49


Պաշտպանի հրապարակային հիշեցումը ՀՀ արդարադատության նախարարին

Հարգելի պարոն Հրայր Թովմասյան,

Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է: Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ և նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին: Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի և ողջամիտ տրամաբանության մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ ոչ` Կառավարության շենքի դիմաց:

Արդար դատավորի պարագայում մարդուց ապօրինի չէին խլի մի դեպքում տունը, մյուս դեպքում երեխային, իսկ հաճախ էլ` արժանապատվությունը կամ ազատ խոսքը: Արդար դատավորի պարագայում տնտեսվարողի իրավունքը չէին կարողանա խախտել հարկային կամ մաքսային մարմնի չինովնիկները, մինչդեռ հենց դա է նպաստում անարդար մրցակցությանն ու տնտեսության թերզարգացմանը: Արդար դատավորը մարդուն կպաշտպաներ քաղաքապետերի ու գյուղապետերի, կադաստրի չափագրողների, հարկադիր կատարողների, նոտարների, բանտապետերի, ոստիկանների, դատախազների և հենց նույն դատավորների կոռուպցիոն կամ այլ տեսակի ոտնձգություններից ու ապօրինություններից: Արդար դատավորի պարագայում ՀՀ կառավարության որևէ որոշում չէր վնասի մեր շրջակա միջավայրին:

Որպեսզի դատավորը լինի արդար, անհրաժեշտ է, որ մեր երկրում գործի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու , այսինքն՝ պատժելու արդար համակարգ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունի բացառապես ՀՀ արդարադատության խորհուրդը: Հետևաբար, արդարությունը մեր երկրում էապես կախված է Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկված 13 մարդկանցից (9 դատավորներ և 4 իրավաբան-գիտնականներ): Որպեսզի Արդարադատության խորհուրդը պատժի անօրեն դատավորին, պետք է նախևառաջ դիմել կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, կամ Ձեզ: Այս երկու մարմինների կողմից վարույթ սկսելու որոշումից հետո դատավորի հարցը կքննարկվի նշված 13 մարդկանց կողմից:

Այս համակարգը և դրանում եղած խնդիրները հասարակությանը ցայտուն ներկայացնելու համար ես ընտրեցի երեք դատավորի դեմ բերված բողոքները և  դիմեցի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Դիմելուց հետո հրապարակեցի դատավորների անունները և, ըստ ինձ, նրանց կողմից թույլ տրված անօրինությունները: Արդարադատության խորհրդի մասը կազմող կարգապահական հանձնաժողովը հրաժարվեց վարույթ հարուցել, և ես այդ նույն երեք գործերը 49 օր առաջ ուղարկեցի Ձեզ:

Վստահ եմ, որ եթե կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այդ թվում և Դուք, արդար լինեն, որից հետո արդար լինեն այն 13 մարդկանցից մեծամասնություն կազմող գոնե յոթը, ապա դատավորների պատժման այսչափ կարևոր համակարգը կդառնա արդար: Այդ պարագայում իր բոլոր որոշումներում արդար կգործի դատավորը՝ վախենալով միայն օրինական և արդար պատժից: Այդ դեպքում արդար կգործի պետության ամեն պաշտոնյա՝ վախենալով արդար դատավորից: Իսկ մինչ արդարության այս շղթան  լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որևէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ:

Արդարության ակնկալիքով սպասում եմ այն նույն երեք դատավորների գործերով Ձեր որոշմանը:

Կարեն Անդրեասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

P.S. Վստահաբար այս ամենին Դուք շատ լավ տեղյակ եք, բայց մեկ անգամ ևս միասին վերհիշելը օգտակար կլինի բոլորիս:

Այս խորագրի վերջին նյութերը