Տնտեսական

23.12.2023 12:56


Հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը

Հայկական մեքենաների ոդիսականը. ինչո՞ւ է դադարեցվել «Սեպուհ–1» գործարանի աշխատանքը

Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը։

«Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակենք աշխատել, թե ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»,–ասաց գործարարը։

Ավետյանը նշում է, որ eCall համակարգով կորեական ավտոմեքենաներն ի սկզբանե ապահովված են, դրանք ավտոմեքենաների այլ մասերի հետ ներկրվում են Հայաստան ու տեղադրվում այստեղ հավաքվող մեքենաների մեջ։ Բայց դա բավարար չէ ԵԱՏՄ կանոնակարգերի պահանջներին բավարարելու համար։ ԵԱՏՄ կանոնակարգը պահանջում է, որ համակարգը փորձարկվի հենց արտադրողի կողմից` crash test–ի միջոցով, և միայն դրական արդյունքի դեպքում սերտիֆիկացվեն որպես ԵԱՏՄ արտահանվելու իրավունք ստացած ավտոմեքենաներ։

Հայաստանյան ավտոարտադրության փոքրիկ բիզնեսի ներկայացուցչի խոսքով` այդ պահանջին համապատասխանելու համար ՀՀ–ում հավաքված 10 մեքենաներից 3-ը պետք է «զոհաբերվեն» crash test–ի համար։

«Crash test–ի համար անհրաժեշտ է, որ մեքենան հարված ստանա մեկ այլ մեքենայի կողմից, հարվածի, օրինակ, պատին և գլորվի ձորը։ Այսինքն` անհրաժեշտ է 3 մեքենա` 3 տարբեր փորձարկումների համար։ Եվս 235 000 եվրո (260 000 դոլար) էլ կարժենա 3 մեքենաների փորձարկումը հատուկ լաբորատորիայի միջոցով»,–մանրամասնեց Ավետյանը։

Ավտոմեքենաները խնդիրներ են ունեցել նաև Հայաստանում։ Ավտոմեքենաների արտադրությունից հետո է միայն սեփականատերն իմացել, որ պետական գրանցում ստանալու համար դրանք պետք է հավաքվեն ու փորձարկվեն ոստիկանության ներկայությամբ։

«2-3 արդեն պատրաստ ավտոմեքենա մենք ստիպված են եղել քանդել, նորից հավաքել։ Ոստիկանությունը եկել, նայել է, թե ոնց ենք հավաքում, ինչ եղանակով։ 2.5 օր եկել են, ներկա են եղել այդ 2-3 մեքենաների հավաքման ընթացքին։ Բայց ոստիկանությունը լաբորատորիա չուներ, որ փորձարկում աներ։ Դրանից հետո Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից եկան, լաբորատոր փորձաքննություն անցկացրեցին, նոր ասացին` ոչ մի խնդիր չկա, կարող եք արտադրել»,–պատմեց մեր զրուցակիցը։

Ջանես Ավետյանի խոսքով` գործարանի արտադական կարողությունները նախատեսված են օրական 4 ավտոմեքենա հավաքելու համար։

Կորեական արտադրողի հետ նախնական պայմանավորվածություն կա նաև առաջիկայում էլեկտրամոբիլներ բերել Հայաստանում հավաքելու։ Բայց սպառման բացակայության պայմաններում ու պոտենցիալ շուկայում ի հայտ եկած խնդիրների պատճառով գործարանն արդեն 1,5 ամիս է` հարկադիր պարապուրդի մեջ է։

Հիշեցնենք` 2023թ–ի հուլիսի 15-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։

Նախարարի այս հայտարարությունը շփոթմունք էր առաջացրել, որի արդյունքում սեփականատերն առ այսօր ստիպված է պարզաբանել, որ մեքենաները ոչ թե արտադրվում, այլ միայն հավաքվում են Հայաստանում։

Արտադրողը կորեական SsangYong ընկերությունն է: Մեքենայի անունն էլ ոչ թե «Սեպուհ 1» է, ինչպես շատերը սխալմամբ կարծում են, այլ Tivoli և Rexton։ Հայաստանում հավաքվող թեթև մարդատար ամենագնացները կրում են նույն անունները, ինչ Կորեայում արտադրվող համանուն մակնիշները։

«Սեպուհ-1» ՍՊԸ-ը հարավկորեական SsangYong ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Ջանես Ավետյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը