Լրահոս

02.11.2011 13:25


Տիգրան Սարգսյանը չունե՞ր Հովիկ Աբրահամյանի արժանիքներից

Տիգրան Սարգսյանը չունե՞ր Հովիկ Աբրահամյանի արժանիքներից

Խորհրդարանում պատգամավորների հիմնական մասը հրաժարվում են մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ու ՀՀԿ շտաբի պետ նշանակվելը։ Հատուկենտ պատգամավորներ են համաձայնում խոսել՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։

ՀՀԿ–ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն օրինակ «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ ԱԺ նախագահը ոչ միայն օրենսդիր մարմնի ղեկավար է, այլ նաև քաղաքական քննարկումների կոլեգիալ օրգան։

–Կարծում եմ, որ եթե քաղաքական կուսակցությունների կոլեգիալ օրգանի ղեկավարը դառնար որևէ մի կուսակցության շտաբի պետ և մնար նույն պաշտոնում, քաղաքական իմաստով դժվար կլիներ։ Նա պետք է փաստորեն բոլորի համար...իսկ այս դեպքում ինքը զերծ կլինի դժվարություններից, լիարժեքորեն կտրամադրի իր ժամանակը, էներգիան կարողությունը այս գործի իրականացմանը։ Ես հուսով եմ, որ շատ արդյունավետ կաշխատի և որևէ քաղաքական այլ ստորջրյա հոսանք պետք չէ ման գալ. իսկապես այսդպիսի բան չկա։ Հուսով եմ, որ արդյունավետ աշխատանք իր արդյունավետ արդյունքները կտա,–նկատել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Իսկ թե ինչո՞ւ հենց Հովիկ Աբրահամյա՛նը նշանակվեց ՀՀԿ շտաբի պետ, Մ. Մինասյանն ընդգծել է, որ նա օժտված է կազմակերպական շնորհով, տաղանդով, կարողությամբ, ընկալմամբ, իրավիճակի տիրապետմամբ և այլն։

–Այդ բոլոր կոմպոնենտների հանրագումարում Հովիկ Աբրահամյանն իսկապես բոլորից շատ ավելի կարող է և ընդունակ,–հայտարարել է Մ. Մինասյանը։

«7օր»–ի դիտարկմանը, որ ՀՀԿ շտաբի պետի թեկնածուների շարքում շրջնառվում էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա Հովիկ Աբրահամյանի այդ արժանիքները չունի, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանել է.

–Ես այդպիսի բան չասացի։ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատում է կառավարությունում, բավականին աշխատանքներ արել է և անելո՛ւ է, այնպես որ նա էլ իր գործունեությունը կծավալի կառավարությունում. կառավարության գործունեությունը նույնպես չափազանց կարևոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը